Ձմեռային փառատոնի շրջանակներում կիրականացվի բնապահպանական տոնածառերի ցուցահանդես
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | October 13, 2010 11:39
«Կանաչաստան» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ իրականացվող ամենամյա Ձմեռային փառատոնի շրջանակներում այս տարի նախատեսվում է բնապահպանական տոնածառերի ցուցահանդես: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց «Կանաչաստան»-ի ծրագրերի ղեկավար Էդուարդ Լեւանյանը, այդ տոնածառերը կպատրաստվեն վերամշակված նյութերից, ոչ մի արհեստական զարդարանք չի լինի: Ցուցահանդեսի շրջանակներում կանցկացվի նաեւ մրցույթ. լավագույն տոնածառի հեղինակ կազմակերպությունները կստանան մրցանակներ:
«Անցած տարվա փառատոնում եւս կազմակերպվել է նման ցուցահանդես, որը փորձնական էր: Այս տարի այն ավելի մեծ ընդգրկում կունենա: Մենք մրցույթ ենք հայտարարելու, որի շրջանակներում Երեւանի Սիրահարների այգում կցուցադրվեն հասարակական, ուսանողական, երիտասարդական եւ այլ կազմակերպությունների ներկայացրած տոնածառերը»,-ասաց Է. Լեւանյանը: Նա նաեւ նշեց, որ Ձմեռային փառատոնի շրջանակներում այլ միջոցառումներ եւս կազմակերպվում են, որոնցից մեկն էլ «Կաղանդ պապի» կերպարի վերհանումն է: «Անցած տարի հայտարարվեց Կաղանդ պապի կերպարի մրցույթ, ու մենք հիմա հեքիաթի շուրջ ենք աշխատում: Քանի որ մենք արդեն ստացել ենք Կաղանդ պապի կերպարը, այս տարի կունենանք նաեւ հեքիաթը»,-նշեց Է. Լեւանյանը`շեշտելով, որ Ձմեռային փառատոնին իրենք հնարավորինս փորձում են ներգրավել նաեւ մարզերի բնակիչներին:
«ՈՒնենք մարզային թիմեր, որոնք մասնակցում են շքերթին, հետագայում նպատակ ունենք այդ շրջանակն էլ ավելի ընդլայնել, գուցե հենց մյուս տարի Երեւանին մոտ քաղաքներում եւս միջոցառումներ կազմակերպենք: Մենք շնորհակալ ենք մեր աջակիցներից, քանի որ մեր փառատոնի շքեղությունն ու շրջանակների ընդլայնումը մեծապես նրանցից է կախված»,-ասաց նա:






Facebook
Tweet This
Email This Post
