Մաստարայում մանկապարտեզ է կառուցվում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 13, 2010 10:42

Արագածոտնի մարզի շինարարական ծրագրերում մեծ տեղ է հատկացվում մանկապարտեզների կառուցմանը, ինչն իրականացվում է ինչպես պետական բյուջեի միջոցներով, այնպես էլ տարբեր կազմակերպությունների, միջազգային հիմնադրամների, անհատ բարերարների հատկացումներով: Մասնավորապես`Թալինի տարածաշրջանի Մաստարա գյուղում կառուցվում է մանկապարտզ` ԱՄՆ «Միջազգային զարգացման գրասենյակի», «Շեն» եւ «Վորլդ Վիժն-Հայաստան» կազմակերպությունների կողմից: Ծրագրի ընդհանուր արժեքը 53,4 մլն դրամ է:

5 մլն դրամի չափով ներդրում է կատարել նաեւ համայնքապետարանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց համայնքապետ Աղասի Դանիելյանը, գյուղում մանկապարտեզ չի եղել արդեն շուրջ 20 տարի, իսկ դրա անհրաժեշտությունը խիստ էր զգացվում: Ներկա դրությամբ` Մաստարայում մանկապարտեզ հաճախել ցանկացողները ավելի են, քան հնարավորություն կլինի ընդունել: Նորակառույց նախակրթարան կարող է հաճախել 40-50 երեխա: Այս առումով ծրագրվում է հետագայում ընդարձակել մանկապարտեզի տարածքը:

Շուրջ երկու ամիս ընթանում է շինարարությունը: Արդեն մասամբ կատարվել են տանիքի կառուցման, ներքին ձեւափոխման, ջրահեռացման համար նախատեսված հորատիպ կառույցի շինարարության եւ այլ աշխատանքներ: Շինարարները խոստանում են գործն ավարտել ըստ սահմանված ժամանակացույցի` նոյեմբերին:

Դիտվել է 991 անգամ:
Print Friendly

Leave a Reply