Բորբոքված կրքեր Քարահունջի շուրջ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | October 13, 2010 10:37

Սիսիանից դեպի հյուսիս-արևելք մոտ 3 կմ հեռավորության վրա գտնվող Քարահունջ կամ Զորաց քարեր հուշարձանախմբի գոյության մասին Հայաստանում թերևս շատ քչերը գիտեն:

Քարահունջի  մուտքի մոտ գտնվող կրպակի վաճառող Անդրանիկը «Անկախին» ասաց, որ սիսիանցիների մոտ 90 տոկոսը չգիտի քարախմբի գոյության մասին, իսկ շատերի համար էլ այն ծառայում է որպես «աղջիկ տանելու տեղ»:

Զորաց քարերի մասին  լայն տեղեկատվություն տարածվեց այս տարվա սեպտեմբերից, երբ հայտնի դարձավ, որ Օքսֆորդի համալսարանի գիտական արշավախումբը հետազոտելու է հուշարձանախումբը: «Աստղեր և քարեր» գիտական արշավախմբի ղեկավար Միհրան Վարդանյանը լրագրողներին պատմեց, որ իրենց նպատակն է «Քարահունջն» ընդգրկել  ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային ժառանգություն» (World heritage) ցանկում:

Քարահունջը ուղղահայաց ու  որոշակի դասավորությամբ կանգնեցված 223 քարերի համալիր է, որոնցից  84-ի վրա անցք կա: Հուշարձանախումբը զբաղեցնում է մոտ յոթ հեկտար տարածություն:  Տարիքը  թվագրվում է 6000-8000-ի տիրույթում: Այն դեռևս լիարժեք ուսումնասիրված չէ:  Հայտնի են Պարիս Հերունու հետազոտությունները,  որոնց համաձայն այն 7500 տարի առաջ եղել է սրբավայր և ծառայել է որպես աստղադիտարան: Հերունին այստեղ հետազոտություններ է արել 1994 և 1999 թթ.:

Սլավոնական համալսարանի դասախոս, դոցենտ Վաչագան Վահրադյանն ասում է, որ անգլիական արշավախմբին տրված դրամաշնորհի հիմքում ընկած են իր հետազոտությունները, որոնք նա առաջարկել է իր ուսանող Միհրան Վարդանյանին: Նաև պնդում է, որ Միհրանը գողացել է իր հեղինակային իրավունքը:

Վարդանյանն ասել էր, որ իրենց նախագծում ընկած են այն հետազոտությունները, որոնք արվել են Քարահունջում, այդ թվում նաև` Վահրադյանի հեղինակածը:  «Անկախի» հետ զրույցում Միհրանը ժխտել է, որ Վահրադյանը եղել է իր գիտական ղեկավարը, իսկ Վահրադյանը «Անկախին» տրամադրել է իր և Միհրանի 2007 թ. մարտի 1-ի էլեկտրոնային   նամակագրությունից մի նամակ, որում Միհրանը նրան դիմում է հետևյալ կերպ. « Логически я ваш дипломник, так как вы были моим руководителем в течении этих 2-3 лет»:

Վաչագան Վահրադյանի քույրը` Մարինե Վահրադյանը, որ «Վասպուրականի նոր սերունդ» հասարակական կազմակերպության նախագահն է,  «Անկախին» պատմեց, որ իրենք 2005-ից Քարահունջում հետազոտություններ են իրականացրել: Մարինե Վահրադյանի գլխավորած կազմակերպությունն իրականացնում է «Հայերը և համաշխարհային պատմությունը»  ծրագիրը, որի շրջանակներում նկարահանվում են ֆիլմեր: Դրանց սյուժեն շոշափում է համաշխարհային պատմությանը վերաբերող այնպիսի թեմաներ, որոնք ինչ-որ կերպ կապ ունեն հայերի հետ: 2004 թ. մինչ օրս նկարահանվել է 3 այդպիսի ֆիլմ` 1.5-3 րոպե տևողությամբ:

Այդ ծրագրի շրջանակներում նրանք նաև հետազոտություն են կատարել Քարահունջում, որը ֆինանսավորել է Սյունիքի մարզպետ Սուրեն խաչատրյանը: Հետազոտության արդյունքում Վաչագան Վահրադյանը պարզել է, որ Քարահունջի քարերի դասավորությունը ճշտորեն վերարտադրում է Կարապի համաստեղությունը, իսկ անցքով քարերը համապատասխանում են համաստեղության աստղերի գտնվելու դիրքին:

Բոլոր հետազոտությունները տարբեր տարիներին տպագրվել են «Ազգ» և «Գոլոս Արմենիի» թերթերում, ինչպես նաև «Էկո» գիտական ամսագրում:

Մարինեն ասում է, որ իրենք դեռևս չեն դիմել հեղինակային իրավունքներն արտոնագրող պատկան մարմնին, քանի որ աշխատությունը դեռևս լիարժեք չէ, ու հետազոտելու համար պակաս  տվյալներ կան: Մարինե Վահրադյանն ասում է, որ Միհրանն ասել է, թե իրենց նախագիծը կարող է դրամաշնորհ շահել, «իսկ դրամաշնորհը տրվում է հետազոտության հեղինակին»:

Երբ Օքսֆորդի համալսարանի արշավախումբը սկսեց իր աշխատանքները, Վաչագան Վահրադյանն այդ կազմում չկար: «Անկախի» հետ զրույցում Միհրանը պատճառաբանեց, թե «մենք պետք է աշխատեինք Վահրադյանի հետ, սակայն հետո իմացա, որ նա մեր խմբի անունից ինչ-որ գումարներ է վերցրել ինչ-որ մարդկանցից և խոստացել, որ կոմերցիոն ֆիլմ է նկարվելու, որը ծրագրով նախատեսված չէր» (տե՛ս նախորդ համարը): Մարինե Վահրադյանը Միհրանի այս մեկնաբանությունը որակեց հերյուրանք ու զրպարտություն. «Նա ո՞վ է, որ իր անունից ես ֆիլմ նկարահանեմ»: Նա ասում է, որ արշավախմբի գործունեության մասին իմացել է «Ազատություն» ռադիոկայանին տված Միհրանի հարցազրույցից, որում վերջինս ներկայացել է որպես հեղինակ: «Հետո նա եկավ ու ասաց, որ չափագրումներ են անելու  և այդ արդյունքները պատկանելու են Օքսֆորդի համալսարանին,- ասում է Մարինեն,- ասաց` դուք կոմերցիոն նպատակների համար մեր տվյալներն օգտագործելու իրավասություն չունեք և մեզ էլ նկարահանելու իրավունք չունեք»:

Մարինեի ասելով` Միհրանը թեման  վերցրել է դիսերտացիա պաշտպանելու նպատակով, իսկ հեղինակին վանել է աշխատանքներից, որպեսզի արշավախմբի հետ աշխատող անգլիացի հետազոտողները որևէ շփում չունենան  նրա հետ: «Այսինքն` նրանք մտնում են մեր երկիր ու այդ չափիչ սարքով գնում են սահմանի գոտի, որը, բնականաբար,  ավելի հեռու տարածքներ չափելու հնարավորություն ունի, և այդտեղ ներկա չէ որևէ կոմպետենտ մարդ,- ասում է Մարինե Վահրադյանը,- եթե դու տուրիստ չես, այլ գիտահետազոտական աշխատանք կատարող, ուրեմն պարտավոր ես տվյալ պետության համապատասխան գերատեսչությանը ներկայացնել քո այցի նպատակը»:

Միհրանն այս պահին արդեն Հայաստանում չէ ու վերադարձել է Օքսֆորդ: Նրանց խումբը դիմել է Հանրային խորհուրդ՝ միջնորդության խնդրանքով, որպեսզի իրենց թույլատրեն Քարահունջում հետազոտություն անել:

Քարահունջում եղած ժամանակ արշավախմբին չէր թույլատրվել նկարահանումներ անել, քանի որ նրանք մշակույթի նախարարությունից թույլտվություն չունեին: Սիսիանի ներքին գործերի աշխատակիցը խոչընդոտել է նրանց աշխատանքներին ու արգելել նկարահանումներ անել:

Կառավարության  2009 թ.հունիսի 26-ի որոշմամբ Զորաց քարեր հուշարձանախմբին տրվել է  պատմամշակութային արգելոցի կարգավիճակ, և այդ տարածքը հսկվում է  պետական մարմինների կողմից:

Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության ժամանակավոր պաշտոնակատար Վլադիմիր  Պողոսյանն ասաց, որ ցանկացած մարդ կարող է այնտեղ զբոսնել ու նկարվել, բայց եթե կատարվում է չափագրում, ապա դա պետք է թույլ տա լիազոր մարմինը: «Դա վճարովի է, որը կախված է չափագրման տարածքից,- ասաց նա,- սակայն այդ խումբը ոչ մի չափագրում էլ չի արել»:

Մարինե Վահրադյանը պնդում է, որ արշավախմբին «թևեր» է տվել «Զորաց քարեր» արգելոցի տնօրեն Վլադիմիր Բալյանը, ում որդին ներկայացնում է «Զորաց քարերի բարեկամներ» հասարակական կազմակերպությունը: Բալյանն ասաց, որ տվյալ դեպքում թույլտվության կարիք չկար, քանի որ խումբը չուներ GPS չափիչ սարքը, որով կատարվում են նմանատիպ չափագրումներ: «Ոչ մի լուրջ հետազոտություն էլ այստեղ չի եղել,- ասաց Բալյանը,- նրանց մոտ ոչ մի չափիչ գործիք էլ չկար. դրանք հորինած բաներ են»:

Հայաստանում եղած ժամանակ արշավախումբը հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց, որ դիմել են ՀՀ կառավարություն՝ ֆինանսական աջակցություն խնդրելու նպատակով, քանի որ լազերային նկարահանումներ անող GPS սարքը շատ թանկ է` արժի մոտ 20 հազար դոլար:

Բալյանը խիստ ոգևորված է Քարահունջի նկատմամբ  Օքսֆորդի արշավախմբի հետաքրքրությունից ու կարծում է, որ այս միջոցով կարելի է հուշարձանախումբն աշխարհում հանրահռչակել:

Հանրային խորհրդից «Անկախին»հաղորդեցին, որ ստացված դիմումը օրերս ուղարկել են վարչապետին՝ խնդրելով միջնորդություն, որպեսզի խումբը ցանկության և միջոցների դեպքում շարունակի աշխատանքները:

Դիտվել է 1334 անգամ:
Print Friendly

Leave a Reply