Մարիամ Թումանյան

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | October 13, 2010 10:28

Իշխանուհի Մարիամ Թումանյանը (1870-1945)`  Արցախի մելիքների շառավիղ, հայտնի իրավաբան և հասարակական գործիչ Մարկոս  Դոլուխանյանի դուստրը, ծնվել է Թիֆլիսում: Կրթությունը ստացել է Գայանյան դպրոցում, այնուհետև Թիֆլիսի առաջին իգական գիմնազիայում: Նրա անհատականության ձևավորման խնդրում  մեծ  դեր է խաղացել հայոց լեզվի և գրականության ուսուցիչ  Միսակ Արամյանը` սերմանելով նրա մեջ սեր դեպի մայրենի լեզուն ու գրականությունը: 17 տարեկան հասակում ամուսնացել է հրապարակախոս, հասարակական գործիչ, «Նովոյե օբոզրենիե» լրագրի խմբագիր Գեորգի Թումանովի հետ` ոտք  դնելով իշխանական  մի ընտանիք, որտեղ առհասարակ հայերեն խոսք չէր հնչում: Նա, բառիս բուն իմաստով, հեղաշրջում է կատարում այս տանը` հայեցի դաստիարակություն տալով իր զավակներին:

Բացի դրանից, երիտասարդ իշխանուհին Թումանովների տունը դարձնում է ժամանակի հայ գրողների ու հասարակական գործիչների  պարբերական հավաքների` այսպես կոչված «գրական հինգշաբթիների» վայր: Հետագայում իշխանուհին ստիպելու էր բանաստեղծ Ակակի Ծերեթելուն, որի համար բավական անախորժ  էր Թումանովների ընտանիքի այդ բեկումը, խոստովանել. «Անձամբ ձեզ ես շատ սիրում եմ և գնահատում եմ ձեր անձնավորությունը, ես նույնիսկ նախանձում եմ հայերին, որ նրանք ունեն ձեզ պես գիտակից կին և հասարակական գործիչ: Ափսոսում եմ, որ դուք վրացուհի չեք, մանավանդ որ դեմքով էլ շատ նման եք վրացուհու»:

Պետերբուրգում Մարիամ Թումանյանն այցելում է Ձմեռային պալատ, որի շքեղությունը ճնշող տպավորություն է թողնում նրա վրա: Վերադարձին նրան գրավում է մի տան նկուղային հարկը: Պատուհանից ներս նայելով`  տեսնում է ծայրահեղ չքավորություն: «Պալատի հսկայական դահլիճները, որոնք համարյա միշտ դատարկ էին մնում, իսկ նրանցից մի քանի քայլ հեռավորության վրա այս մութ ու խոնավ նկուղը` իր բազմաթիվ բնակիչներով… Իրավ, մտածելու բան շատ կար, և այդ հակապատկերը վճռական ազդեցություն ունեցավ վրաս, ու այդ օրվանից ես խոսք էի տվել ինձ ուժերիս չափ մաքառել կյանքի այդ անարդարության դեմ»:

Նրա կյանքի հետագիծը ցույց է տալիս, որ Մարիամը մինչև վերջ հավատարիմ մնաց իր այդ խոստմանը` ունեցած միջոցներն ու ձիրքերն անխնա ի սպաս  դնելով  հանրության ցավերի մեղմացմանը: Եվս մի խոստովանություն. «Ես անջատվեցի իմ շրջանի կանանցից և գնացի ուրիշ ճանապարհով»:  Այդ ուրիշ ճանապարհը հասարակական եռուն կյանքն էր, ընդ որում ընկերային և մշակութային գրեթե բոլոր ոլորտներում: Բավական դժվարին ճանապարհ, որ թե՛ գնահատանքի ու ակնածանքի դափնիներ էր պարգևում նրան, թե՛ անհանդուրժողության ու բամբասանքի փշեր:

Մարիամ Թումանյանի մոտ երեսնամյա հասարակական գործունեությունը սկիզբ է առել 1891 թվականից, երբ «Աղբյուր-Տարազի» խմբագիր Տիգրան Նազարյանը համոզեց նրան ստանձնել Հրատարակչական ընկերության օգտին տրվելիք պարահանդեսի կառավարչուհու գործը: Եվ առաջին իսկ փորձով նա ցույց տվեց, որ հասարակական ասպարեզ է իջել մի օժտված գործիչ, որն իր բարեխղճությամբ ու հետևողականությամբ կարող է իրականություն դարձնել անգամ ամենահամարձակ ու անիրատեսական թվացող ծրագրերը:

Մարիամ Թումանյանը եղել է ժամանակի մոտ ութ խոշոր կազմակերպությունների գործուն անդամ, նախագահել Թոքախտի դեմ պայքարող ընկերությունը, հիմնադրել (Գաբրիել Սունդուկյանի ընկերակցությամբ) Դրամատիկական ընկերությունը:

1895-96 թթ. համիդյան կոտորածների ժամանակ  Մարիամ Թումանյանը սեփական միջոցներով գորգագործական արհեստանոց հիմնեց գաղթականների համար` հնարավորություն տալով նրանց արժանապատվորեն հաղթահարելու ճակատագրի փորձությունը: Նրա կազմակերպած սիրողական ներկայացումների շնորհիվ վերակենդանացավ  Թիֆլիսի հայկական ժողովարանը: Նա կազմակերպում էր Հայոց բարեգործական ընկերության տարեկան պարահանդեսները, որոնցից ընկերությունը ամեն տարի մոտ 1000-1500 ռ. հասույթ էր ստանում:

Մարիամ Թումանյանը Եղել է Կովկասի հայոց բարեգործական ընկերության Խուդադյան որբանոցի (աղջիկների) կազմակերպիչն ու պատասխանատուն: Նրա ջանքերի շնորհիվ է նախաձեռնվել և կառուցվել  Աբասթումանի առողջարանը թոքախտով հիվանդների համար, ամեն տարի գարնանը  Թիֆլիսում կազմակերպել է «Սպիտակ ծաղկի» օրեր, երբ փողոցներում աղջիկները հինգ կոպեկով թղթե երիցուկներ էին վաճառում: Այդ վաճառքից ստացված հասույթը տրամադրվել է առողջարանի կառուցմանը, իսկ գնորդներն այդ ծաղիկները` որպես թոքախտի դեմ պայքարի խորհրդանիշ, հպարտորեն  կրել են իրենց կրծքին: Իշխանուհին տիկին Ռոոպի հետ միասին հիմնադրել է բարեգործական ճաշարան չքավոր, փողոցներում թափառող  երեխաների համար,  այնուհետև` աշակերտական աշխատանքային գաղութ Քուռ գետի «Վարդերի կղզում», որի նպատակն էր  «փրկել փողոցային կործանիչ ազդեցությունից չքավոր երեխաներին»:

Առաջին աշխարհամարտի տարիներին տիկին Թումանյանի նախաձեռնությամբ ու ղեկավարությամբ գաղթականների համար ստեղծվեցին կազմարարական, ջուլհակագործական, կարի ու կոշկագործական արհեստանոցներ: Նա ստանձնեց նաև Կովկասի հայոց բարեգործական ընկերության` զինվորների համար բացված հիվանդանոցի տնտեսության ղեկավարությունը: Նրա մտահղացմամբ բացվեց «Մի գավաթ թեյ» թեյարանը (Գասպար Տեր-Մարգարյանի Գոլովինսկի փողոցում գտնվող տան առաջին հարկում,   սրա օրինակով հետագայում բազմաթիվ թեյարաններ բացվեցին Թիֆլիսում), որից ստացված եկամուտը տրամադրվում էր բարեգործական նպատակներին: Այնուհետև Մ. Թումանյանն անցավ Դիլիջան և այնտեղ բացեց որբանոց՝ եղեռնից մազապուրծ որբերի համար, հետագայում նաև ջուլհակագործական արհեստանոց՝ գաղթականների համար:

Ունենալով բարձր ճաշակ ու խորաթափանց միտք` նա նկատում էր տաղանդավոր ու խոստումնալից գրողներին և ամեն կերպ սատարում նրանց: Ի դեպ, նա իր «Իմ համառոտ կենսագրությունը և իմ հիշողությունները» գրքում հետաքրքիր, բոլորովին նոր լույսի տակ է ներկայացնում ծանոթ գրողներին ու մտավորականներին, մի բան, որ ճանաչողական մեծ արժեք է  տալիս նրա հուշերին ոչ միայն պատմաբանների, այլև գրականագետների համար: Նա վճռական դեր է խաղացել մանավանդ Հովհ. Թումանյանի ստեղծագործական կյանքում: Նրա մեկենասությամբ  են հրատարակվել Հովհ. Թումանյանի մի քանի գրքեր  (ընդ որում՝ առաջին պատկերազարդ գունավոր գրքույկները հայ իրականության մեջ), նրա  հայթայթած միջոցներով է Հ. Թումանյանն ապաքինվել Աբասթումանում, կատարել ճանապարհորդություն դեպի Անի, նրա միջնորդությամբ տեղավորվել աշխատանքի և այլն: Երկու բազմազավակ Թումանյանների (Հովհաննես Թումանյանը տասը  զավակ ուներ, Մարիամ Թումանյանը` վեց) բարեկամությունը վերաճել է սիրո, որը նրանք հերոսաբար անթեղել են իրենց սրտում`  երբեք չանցնելով «քնքուշ բարեկամության» սահմանները:

Մ. Թումանյանը հիմնադրել է «Իշխանուհի Մ. Թումանյան և ընկ.» հրատարակչությունը,  հրատարակել եռալեզու մանկական լոտոներ (թվաբանություն և կարդալ սովորելու համար), փայտե խորանարդիկների վրա հայերեն «Պատկերազարդ այբուբեն», «Մանկական գրադարան» մատենաշար: Աշխատակցել է «Աղբյուր», «Մշակ», «Հասկեր» և այլ պարբերականների: Նշանակալից է հատկապես նրա համագործակցությունը «Հասկեր» մանկական հանդեսի հետ, որտեղ նա վարել է «Մարիամ տատիկի տոպրակից» բաժինը` իր խորհուրդներով ու հեքիաթներով բավականության անզուգական պահեր պարգևելով դեռահասներին ու կապելով նրանց ամսագրի հետ:

Եվ այս ամենը կատարել է, ինչպես «Բազմավեպի» թղթակիցն է ասում, «մեկ երիտասարդ, նիհար հայ կին»:

«Տիկին Թումանյանը ամբողջ օրեր էր անցկացնում որբանոցում, իր ձեռքերով լվանում, մաքրում էր որբերին, օգնում էր օրիորդ Քեանդարյանին, խրախուսում էր նրան անվհատ տանել իր ծանր պաշտոնը, որին դեռ սովոր չէր օրիորդը: Որբերի շահերը իշխանուհի Թումանյանը պաշտպանում էր ամեն տեղ, իսկ որբանոցի բարեկեցությունը նրա հոգսերի գլխավոր առարկան էր: Նա մի դաշնամուր նվիրեց որբանոցին, որպեսզի երաժշտական ընդունակություն ունեցող երեխաները սովորեն և երաժշտություն»,- վկայում է Լեոն «Երեսնամյակ Հայոց բարեգործական ընկերության Կովկասում» գրքում:

Ի դեպ, այս ամենը հազիվ թե հաջողվեր նրան, եթե չլիներ ամուսնու բարոյական աջակցությունը, որը լիակատար ազատություն էր տվել նրան և բացարձակապես չէր միջամտում  նրա գործերին: Հանրօգուտ աշխատանքին չափից ավելի նվիրվելու և իր առողջությունը չխնայելու համար նա թերևս բախումներ է ունեցել  միայն իր ծնողների հետ: Իր հուշերում մտաբերելով հոր հետ վերջին բախումը, որ կապված էր Դիլիջան մեկնելու հետ (որբանոցի գործերին հետևելու համար), իշխանուհին հառաչում է.  «Խեղճ իմ սիրելի հայրիկ, դու մոռացել էիր, որ ես ինքս վեց զավակների մայր էի, ու ուզում էիր, որ քեզ հնազանդվեի, ինչպես մի փոքրիկ աղջիկ: Զավակներս, լավ էիր ասում, բայց այստեղ միայն վեց երեխա էր, իսկ այնտեղ հազարավոր` տանջված, հյուծված, զրկված մոր գգվանքից… Ինչպե՞ս կարող էի ես տատանվել. իհարկե` ոչ»:

«Ինչո՞ւ այդպես դասավորվեց իմ կյանքը: Ամուսնացած եմ, բայց չեմ վայելում ամուսնության քաղցրությունը: Գաղափարական, ազնիվ և խելոք ամուսին ունեմ, բայց իմ մեջ չկա դեպի նա հարկավոր ջերմությունը, թեև շատ եմ գնահատում նրան և խորապես հարգում եմ: Երեխաներ ունեմ, որոնց շատ եմ սիրում, բայց նրանք չեն լցնում իմ ամբողջ էությունը, ես չեմ կարող հրաժարվել հասարակական գործունեությունից:  Մի մտերիմ ու քնքուշ բարեկամ ունեմ, որի երջանկության համար պատրաստ էի ամեն տեսակ զոհաբերություն անել [խոսքը Հովհ. Թումանյանի մասին է], բայց դուրս է գալիս` նրան էլ տանջանքներ եմ պատճառել: Մխիթարելու փոխարեն ես նրան, թեև անգիտակցաբար, վշտացրել եմ»: Այս  մտքերը իշխանուհուն համակել են հեռու արտասահմանում,  որտեղ նա միայնակ մաքառում էր որդու առողջությունը վերականգնելու համար:

Ակնհայտ է, որ այսպիսի հոգեվիճակներ նա հաճախ է ունեցել: Սակայն չի կարելի ասել, որ նա երջանիկ չի եղել: Կարո՞ղ էր իրեն երջանիկ չհամարել մի կին, որին, բացի իր զավակներից, հարյուրավոր երեխաներ «մայրիկ» էին կոչում:  Բոլոր ցավերի ու դառնությունների համար նա մի հիանալի սպեղանի է ունեցել` աշխատանքը, և մի թանկագին հարստություն, որ քչերին է տրված` պետքական լինելու զգացումը և  համընդհանուր երախտագիտությունը  իր հանդեպ, որ տասնամյակների հետ, ժամանակի հեռավորությունից  ավելի ու ավելի է մեծանում:

Ա. Հարությունյան «Երևելի տիկնանց դարը» (Եր., 2005) գրքից

Դիտվել է 4484 անգամ:
Print Friendly

Leave a Reply