Եթե ԿԳ նախարար Աշոտյանը հանձներ քննություն` ստեղծագործական մրցույթից, կընտրեր «Չուղարկված նամակ» վերնագիրը

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | July 16, 2009 16:07

mhm42045-copy1Այսօր ԵՊՀ-ում լրագրության ֆակուլտետի դիմորդները հանձնում էին ստեղծագործական մրցույթ քննությունից(շարադրություն)` «Գրիչն էլ զենք է», «Մեր լեզուն մեր հայրենիքն է», «Խոհեր ապագայի մասին», «Ինչը կփրկի աշխարհը», «Իմ առաջին թղթակցությունը» և «Չուղարկված նամակ» թեմաներով:

Առաջին օրվա համար  հայտագրված 54 դիմորդից քննասենյակում ներկա էին 51-ը:

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն առավոտյան անձամբ էր եկել` հետևելու քննական ընթացքին, լսելու ապագա լրագրողների ծնողների մտահոգությունները: Հավաքված մի քանի ծնողներ նախարարին ասացին, թե այս տարի քննություններին մոտեցումը խիստ է եղել, շեշտեցին հայերենի քննության օրինակն ու հետաքրքվեցին, թե արդյոք զիջումներ չե՞ն արվելու: Նախարարն ասաց, որ որևէ զիջում չեն կարող անել, մթնոլորտի առումով տրամադրվածությունը հօգուտ դիմորդի է, բայց այն չի կարող ազդել օբյեկտիվության վրա:

Ստեղծագործական մրցույթի քննական հանձնաժողովի նախագահ, ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանն ասաց, որ այս տարի հանձնաժողովը պիտի փորձի աշխատանքերում գտնի ապագա լրագրողին, այն մարդուն, ով իրողություններին նայել ու տեսնել գիտի:

«Մշակված են գնահատման հստակ չափորոշիչներ: Աշխատանքի նվազագույն ծավալը պետք է 4 էջ լինի,-ասաց Մարտիրոսյանը,-թեմայի շեղման դեպքում 0 ենք նշանակելու, ուղղագրական սխալի համար կհանենք 1 միավոր, կետադրականի համար` 0.5 միավոր: Կետադրական նույնատիպ 3 սխալի դեպքում կխմբավորվեն սխալները, և գնահատականը կնվազի 0.5 միավորով»:

Նախարար Աշոտյանը կարևորեց լրագրողների մասնագիտական կրթությունը և նշեց, որ ինքը կարևորում է լրագրողի գիտակ և կոմպետենտ լինելը. «լավ լրագրողը երբեմն ավելի ազդեցիկ կերպար է հասարակության ներսում, քան թե անգամ պատգամավորն ու նախարարը»:

Աշոտյանն ասաց, որ հիմա  ինքն էլ ապրում է ստեղծագործական կյանքով և ապագա լրագրողներին առաջարկված երեք վերնագրերից կընտրեր «Չուղարկված նամակ» վերնագիրը. «Իմ տարիքը դեռ ներում է, որպեսզի ես այդ ոճի մեջ գեղեցիկ և հուզումնալից շարադրություն գրեմ»,-ասաց նախարարը:

Այսօր անցկացվող քննությունների համար հայտագրված է շուրջ 333 դիմորդ, որոնցից 54-ը` ստեղծագործական մրցույթի համար,  90-ը` հայոց լեզու (բանավոր (բ) ), 119-ը` անգ (բ), 18-ը` իսպաներեն (բ), 52-ը` ռուսաց լեզումլ (բ): Կենտրոնացված քննությունները շարունակվելու են մինչև հուլիսի 26-ը:

Դիտվել է 2771 անգամ:
Print Friendly

Leave a Reply