«Իր պոեզիայի մեջ Բրոդսկին մնում է պոետ»,-ասում է Բրոդսկու գրեթե հասակակից ռեժիսորը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | July 16, 2009 10:14

Անդրեյ ԽրժանովսկիՌուս ռեժիսոր, մուլտիպլիկատոր Անդրեյ Խրժանովսկին «Ոսկե ծիրան» կինոփառատոնին մասնակցում է «Մեկուկես սենյակ կամ սենտիմենտալ ճանապարհորդություն դեպի հայրենիք» ֆիլմով: Ֆիլմի գլխավոր հերոսը պոետ Իոսիֆ Բրոդսկին է: Մի հարցազրույցի ժամանակ Բրոդսկին ասել էր, որ իր հայրենիք ուղևորությունը կարող է տեղի ունենալ միայն ծպտված: Ռեժիսորն էլ, ընտրելով հեգնական հեքիաթի ժանրը, ֆիլմի միջոցով պատկերել է ուղևորությունը (իրականում Բրոդսկու ուղևորությունն այդպես էլ չի կայացել):

Ֆիլմի պրոդյուսեր և ռեժիսոր, Բրոդսկու գրեթե հասակակից Խրժանովսկին այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ ցավով նշեց, որ չի օգտագործել գրողի հետ շփվելու հնարավորությունը: Նրա խոսքով` ֆիլմի ստեղծմանն օգնել են նաև գրողի ընկերներն ու բարեկամները` Եվգենի Ռեյն, Վոլոդյա Ուլֆին և այլոք: Ֆիլմում բանաստեղծը ոչ միայն աշխարհագրական տարածք է կտրում, այլև ճամփորդում է ժամանակի միջով: Կադրերը նկարահանված են այնտեղ, որտեղ ժամանակին ապրել և ստեղծագործել է բանաստեղծը: Ռեժիսորի խոսքով` ֆիլմը ոչ թե պոետի կյանքի մասին է, այլ նրա միջոցով ներկայացվում է 50-60-ական թթ. ԽՍՀՄ-ը:

«Իմ խնդիրն էր` ներկայացնել տվյալ ժամանակաշրջանը, միջավայրն ու հնարավորությունները` ստեղծագործող մարդու համար»,- ասում է Խրժանովսկին:

Ֆիլմը գեղարվեստական է, բայց կան Բրոդսկու շրջապատին վերաբերող դոկումենտալ կադրեր և անիմացիոն դրվագներ: Ռեժիսորի կարծիքով` հետաքրքիր, գրավիչ, բայց դժվարին էր խաղարկային, դոկումենտալ և անիմացիոն ոճերի համադրությունը:

«Ամենակարևորը` փաստերի ու դրվագների միջև օրգանական կապն է, որն ինձ հաջողվել է: Իսկ իր պրոզայի մեջ Բրոդսկին ինձ համար միշտ էլ մնում է պոետ»,- ասում է նա:

70-ամյա Անդրեյ Խրժանովսկին ավարտել է Մոսկվայի Կինոինստիտուտը (Լ.Կուլեշովի արվեստանոցը): 1964թ. «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում աշխատանքի անցնելով` նկարել է իր առաջին ֆիլմը` «Կար-չկար Կոզյավինը»: Նրա ստեղծագորությունների մեջ հատուկ տեղ է հատկացվում Պուշկինի գործերին: Ունի նկարահանած 23 ֆիլմ: Նա Ռուսաստանի պետական մրցանակի կրկնակի դափնեկիր է, բազմաթիվ միջազգային կինոփառատոնների մրցանակակիր: Դասավանդում է Մոսկվայի կինոինստիտուտում և «ՇԱՐ» դպրոց-ստուդիայում:

Դիտվել է 1211 անգամ:
Print Friendly

Leave a Reply