Թուրքերը դիմել են դատարան` բողոքարկելով Մասաչուսեթսի դատարանի որոշումը` դպրոցներում Հայոց ցեղասպանությանը նվիրված դասաժամ տրամադրելու մասին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | ankakh | July 16, 2009 10:10
Ամերիկայի թուրքական ընկերակցությունների համագումարը բողոքարկել է Հայոց ցեղասպանության մասին տեղեկությունների` դպրոցական ծրագրում ընդգրկելու ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի դատարանի որոշումը. այս մասին հաղորդագրություն է տարածել Ամերիկայի հայկական համագումարի մամլո ծառայությունը:
Անցյալ ամիս դատավոր Մարկ Ուոլֆի նախագահությամբ ԱՄՆ տարածքային դատարանի որոշումով` Մասաչուսեթս նահանգի կրթության բաժինը թույլտվություն էր ստացել շարունակել հանրային դպրոցներում Հայոց ցեղասպանության, ինչպես նաև մարդկության դեմ կատարած այլ ոճրագործությունների մասին թեմաների դասավանդումը:
Այս որոշման հրապարակումից հետո Ամերիկայի թուրքական ընկերակցությունների համագումարը հունիսի 23-ին «Բոսթոն գլոուբ» թերթի խմբագրին ուղղված նամակով հայտնել էր, որ նպատակ ունի բողոքարկել դատավոր Ուոլֆի որոշումը: Բողոքը պաշտոնապես Մասաչուսեթսի տարածքային դատարան է ուղղվել հուլիսի 13-ին:
Ավելի վաղ Ամերիկայի թուրքական ընկերակցությունների համագումարը շարունակական ջանքեր էր գործադրել կրթական ծրագրերի միջոցով ներկայացնել նաև Հայոց ցեղասպանության խնդրի շուրջ թուրքական ժխտողական տեսակետերը, սակայն դատարանի այս վերջին որոշման մեջ նշվել է, որ նման տեսակետեր ներկայացնելու թույլտվությունը կարող է դառնալ «կանաչ լույս»` ժխտելու պատասխանատվությունը մարդկության դեմ կատարված հանցանքների այլ դրսևորումների համար:
Նմանատիպ մեկ այլ գործընթաց է ծավալվում նաև Կալիֆորռնիա նահանգում, ուր հուլիսի 8-ին նահանգային սենատի կրթության հարցերով հանձնաժողովը միաձայն ընդունել է թիվ 234` «Ցեղասպանության մասին տեղեկացվածության ակտ» կոչվող օրենքը, որով Կալիֆոռնիայի կրթական ծրագրերի կոմիտեն պարտավորվում է ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց Մեծ եղեռնի պատմության մասին բանավոր ժամեր ներառել ավագ դպրոցի ծրագրում:
Կալիֆոռնիայի նահանգային սենատի կրթության հարցերով կոմիտեում հանրային լսումների ժամանակ Ամերիկայի թուրքական ընկերակցությունների համագումարը փաստարկներ է բերել` ընդդեմ «Ցեղասպանության մասին տեղեկացվածության ակտ»-ի` հարցականի տակ դնելով Հայոց ցեղասպանության, ինչպես նաև կամբոջիական և դարֆուրյան իրադարձությունների եղելությունը:
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի օրենսդիրը բազմիցս հաստատել է իր տեսակետը 1915-1923թթ. Թուրքիայի իշխանությունների կողմից ծրագրած և իրականացված Հայոց ցեղասպանության փաստի վերաբերյալ և ապրիլի 24-ը հայտարարել դրա զոհերի հիշատակի օր` 1968 թվականից ի վեր:
Ռուզան Ամիրաղյան






Facebook
Tweet This
Email This Post
