«Ափիոնի պատերազմը» և «Կույր խոզը, որն ուզում է թռչել»-ը`«Ոսկե ծիրանում»

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | July 16, 2009 10:20
Ձախից`Էդվինը, աջից`Բարմակը

Ձախից`Էդվինը, աջից`Բարմակը

«Ոսկե ծիրան» փառատոնին ներկայացված աֆղանստանցի ռեժիսոր Սիդդիք Բարմակի «Ափիոնի պատերազմը» ֆիլմն իրական պատմություն է` թալիբների վարչակարգի տապալման մասին: Ֆիլմում երկու ամերիկացի զինվորականներ` մեկը` սպիտակամորթ սպա, մյուսը` սևամորթ շարքային, մոլորվել են իրենց ուղղաթիռի աղետից հետո: Վիրավոր սպան ատրճանակի սպառնալիքով պարտադրում է շարքային զինվորին`իրեն շալակած տանել: Նրանք անհաշտ են, բայց թշնամու հողում կենդանի մնալու համար միմյանց կարիքն ունեն: Կակաչի դաշտով անցնելով և ծաղիկների պատիճների պարունակությունը խմելով` նրանք փորձում են հաղթահարել պաերազմից ողջ մնալու վախը: Դաշտում նրանք նկատում են զրահամեքենաներ` սպիտակ դրոշով, որ թալիբների խորհրդանիշն է: Առանց կարգին զինված լինելու` նրանք հարձակվում են զրահամեքենաների վրա, բայց հանդիպում են զրահամեքենայում ապրող աֆղանական ընտանիքի:

«Ֆիլմում ամեն ինչ այնպես է, ինչպես իրականում,-ասում է ռեժիսոր Բարմակը,-ես ինքս նման բազմաթիվ դեպքերի ականատես եմ եղել, չնայած այս պատմությունը լսել եմ ընկերոջիցս: Ինձ համար կարևոր էր` ցույց տալ մարդկանց վախն ու ապագայի նկատմամբ ունեցած ընկալումները»:

Բարմակը մի շարք կինոսցենարների ու կարճամետրաժ ֆիլմերի հեղինակ է: 1992-1996թ. եղել է «Աֆղան» պետական կազմակերպության ղեկավարը: Այդ ժամանակ եղել է նաև աֆղան երեխաների կրթական շարժման
(ACEM) ղեկավարը, որը 63 նախագիծ է իրագործել Իրանում և Աֆղանստանում: Թալիբների օրոք նրա բոլոր ֆիլմերն արգելված էին:

30-ամյա Ինդոնեզացի ռեժիսոր Էդվինն էլ փառատոնին է ներկայանում «Կույր խոզը, որն ուզում է թռչել» գեղարվեստական ֆիլմով:

«Ֆիլմը Ինդոնեզիայում բնակվող չին փոքրամասնության զգացողությունների, հավատամքի, կրոնի, պատկերացումների ամբողջության արտացոլումն է,-ասում է Էդվինը,-ինձ համար ներանձնական խնդիր կար ֆիլմը ստեղծելիս, քանի որ ուզում էի իմ ինքնությունն էլ բացահայտել դրա միջոցով»:

Էդվինի ծնողները չինացի ու ինդոնեզացի են, սակայն երկու ազգերի միջև եղած կապը նա համարում է խզված: Նա ասում է, որ չի հավատում ինդոնեզիայում ապրող չինացիների մասին պատմագրությանը և համոզված է, որ հանդիսատեսի համար այն կարող է դժվարամարս լինել: «Կույր խոզը, որն ուզում է թռչել» ֆիլմը ցուցադրվել է միայն Ինդոնեզիայի համալսարաններում:

Էդվինի կարճամետրաժ ֆիլմերը ներկայացվել են Ռոտերդամի ու Վանկուվերի կինոփառատոններում: «Կույր խոզը, որն ուզում է թռչել» ֆիլմը նրա առաջին լիամետրաժ ֆիլմն է: Ունի նկարահանած 9 ֆիլմ:

Դիտվել է 1201 անգամ:
Print Friendly

Leave a Reply