Նախագահ Դանիլո Թյիրկի ներածական խոսքը Նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ

Պաշտոնական, Օրվա լուր | | October 11, 2010 17:05

Շնորհակալություն, պարո´ն Նախագահ: Թույլ տվեք ասել, որ շատ հաճելի է պատվիրակությանս եւ Սլովենիայի 35 առաջատար գործարարների հետ միասին գտնվել Երեւանում` քննարկելու երկու երկրների միջեւ համագործակցության, այդ թվում` տնտեսական գործակցության, ապագա հնարավոր ուղիները: Սլովենիայում մեծ հիացմունքով ենք վերաբերվում Հայաստանին` որպես հարուստ մշակույթ եւ քաղաքակրթություն ունեցող, ժամանակակից հավակնություններով երկիր, եւ որպես երկիր, որը կարող է մեծ ներդրում ունենալ Կովկասում` տարածաշրջանային համագործակցության գործընթացում:

Մեր երկկողմ հարաբերություններում հատկապես ցանկանում եմ ընդգծել մշակույթի կարեւորությունը: Փորձն է ցույց տվել, որ մշակույթը, ոչ միայն ոգեշնչման եւ հիացմունքի աղբյուր կարող է լինել, այլ նաեւ` գործնական համագործակցության միջոց եւ գործիք: Այս տարվա սկզբին Սլովենիայի հիմնական մշակութային կենտրոնում` ”Ցանկարեւ դոմ”-ում անցկացվեց Հայաստանին եւ հայկական մշակույթին նվիրված միջոցառումների շարք, որի շնորհիվ ե´ւ սլովենացիները, ե´ւ այլ երկրներից ժամանած հյուրերը կարողացան ավելի մոտիկից ծանոթանալ հայոց մշակույթին ու հայ ժողովրդի մշակութային ժառանգությանը: Մյուս տարի այստեղ` Հայաստանում, մենք կկազմակերպենք Սլովենիայի մշակույթի միջոցառումների շարք` մշակույթի օրեր Հայաստանում, որպեսզի փոխադարձենք արվածը: Մեր հարաբերությունների խորհրդանիշը եւ մեր մտադրությունների լրջության վկայությունն է այն հանգամանքը, որ այսօր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Մովսես Խորենացու մեդալ հանձնեցՑանկարեւ դոմ”-ի տնօրեն Միտյա Ռոտովնիկին: Այս ամենը շատ ենք կարեւորում, քանի որ մշակույթը նպաստում է ժողովուրդների մերձեցմանը եւ միջազգային համագործակցության դյուրինացմանը: Անհամբերությամբ եմ սպասում նաեւ գործարարների համաժողովին, որին օրվա ընթացքում կմասնակցենք նաեւ ես եւ Նախագահ Սարգսյանը: Կարծում ենք, որ կան համագործակցության բազմաթիվ ոլորտներ, որոնցում գործարարները կարող են հաջողության հասնել, դրանցից են, օրինակ, քիմիական, դեղագործական արդյունաբերությունը, առողջապահական ծառայությունները եւ բազմաթիվ այլ ոլորտներ:

Այսօր առավոտյան ես եւ Նախագահ Սարգսյանը շատ հետաքրքիր ու օգտակար քննարկում ծավալեցինք անվտանգության տարբեր խնդիրների շուրջ: Ես այն համոզման եմ, որ վերջին տարիներին զգալիորեն բարելավվել է անվտանգության միջազգային իրավիճակը: Կարծում եմ` կան նոր նախաձեռնություններ, որոնց պետք է շատ լրջորեն վերաբերվել, եւ որոնք աշխարհով մեկ անվտանգությունն է´լ ավելի ամրապնդելու եւ բարելավելու մեծ ներուժ ունեն: Դրա լավ օրինակ է Եվրասիական տարածաշրջանում անվտանգության նոր ճարտարապետության վերաբերյալ Ռուսաստանի նախագահ Մեդվեդեւի վերջերս ներկայացրած նախաձեռնությունը:

ՆԱՏՕն անվտանգության նոր ռազմավարական հայեցակարգ է մշակում, որը կընդունվի նոյեմբերին Լիսաբոնում: Եւ դատելով գործընթացից` մենք կարող ենք սպասել, որ այն նոր շրջանակ, նոր հնարավորություններ կընձեռնի ողջ Եվրասիական եւ Եվրատլանտյան տարածքում` անվտանգության հետագա ամրապնդման համար: ԵՄն հայտարարել է Արեւելյան գործընկերության մասնակից պետություների հետ համագործակցության իր քաղաքականության մասին: Սլովենիայում այն համոզման ենք, որ Արեւելյան գործընկերությունը Եվրոպական Միության համար ապագայում կարեւոր գերակայություն է լինելու: Եվրոպայի համագործակցությունը Ռուսաստանի, ինչպես նաեւ Արեւելյան գործընկերության երկրների հետ կարող են նոր երանգ եւ նոր բովանդակություն հաղորդել Եվրասիական եւ Եվրատլանտյան տարածաշրջաններում Եվրոպայի անվտանգության ապագա քաղաքականությանը: Հայաստանն այդ ռազմավարության կարեւոր մասնակիցներից է եւ այս տարածաշրջանում` ամենազգայուն իրավիճակում հայտնված պետություններից: Աշխարհը պետք է լսի Հայստանին, աշխարհը պետք է հասկանա Հայաստանին, պետք է աշխատի Հայաստանի հետ` լուծելու տարածաշրջանում բոլոր խնդիրները, անվտանգության խնդիրները եւ հանուն ապագայի` ծավալելու ընդլայնված համագործակցություն: Բնականաբար, պրակտիկ իրագործման մեջ բազմաբնույթ քայլեր կարող են ձեռնարկվել: Մասնավորապես` կպահանջվի մարդկանց տեղաշարժի որոշակի ազատականացում: Մենք պետք է առաջընթաց արձանագրենք: Սլովենիան հավատարիմ է այս ամբողջ տարածաշրջանում վիզաների ազատականացման սկզբունքին: Դիվանագիտական անձնագիր ունեցողների համար վիզայի պահանջի վերացման համաձայնագրի այսօրվա ստորագրումը` հենց քայլ է այդ ուղղությամբ: Համեստ, բայց նշանակալից քայլ է, եւ հուսով ենք, որ նմանատիպ քայլեր ապագայում եւս կձեռնարկվեն: Անդրադարձանք նաեւ տարածաշրջանում անվտանգության մի շարք հիմնախնդիրների, եւ շատ երախտապարտ եմ Նախագահ Սարգսյանին նրա համար, որ սպառիչ կերպով ներկայացրեց ու բացատրեց Լեռնային Ղարաբաղի իրավիճակը: Նրա վերլուծությունից եւ դիտարկումներից եզրակացնում եմ, որ շատ կարեւոր է առաջ շարժվել հիմնախնդրի խաղաղ լուծման ճանապարհով, ընդգծում եմ`հիմնախնդրի խաղաղ լուծման ճանապարհով: Ընդ որում` վստահության կառուցման միջոցառումների անհրաժեշտության կարեւորմամբ, որոնք պետք է մեկնարկեն անմիջապես: “Սառեցված հակամարտությունեզրույթը ապակողմնորոշող է, մոլորեցնող: Սառեցված հակամարտությունը չպետք է սառեցված թողնվի, այն պետք է ապասառեցվի եւ լուծվի: Լուծման տանող կարեւոր կամուրջներից է վստահության ամրապնդումը:

Եվ վերջում մենք անդրադարձանք նաեւ Կովկասում տարածաշրջանային մեխանիզմների ստեղծման հնարավորությանը: Եվ ես` որպես Սլովենիայի նախագահ, հավատացած եմ, որ Եվրոպայի ցանկացած ենթատարածաշրջանում առկա են այնպիսի մեխանիզմների ստեղծման օրինակներ, որոնք թույլ են տալիս անմիջական հարևաններին ծավալել արդյունավետ և խաղաղ համագործակցություն:

Տիկնա´յք եւ պարոնա´յք, այս ներածականը, թերեւս, սովորականից երկար տեւեց, բայց դրա պատճառը միայն այն է, որ մեր զրույցները բազմաբովանդակ էին, քանի որ մեր համագործակցության հեռանկարներն ապագայում շատ խոստումնալից են:-

Դիտվել է 2741 անգամ:
Print Friendly

Leave a Reply