Նախագահ Սերժ Սարգսյանի ներածական խոսքը Սլովենիայի Նախագահ Դանիլո Թյիրկի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ

Պաշտոնական, Օրվա լուր | | October 11, 2010 17:07

Հարգելի´ տիկնայք և պարոնայք,

Հենց նոր ավարտվեց մեր հանդիպումը Սլովենիայի Նախագահ պարոն Դանիլո Թյիրկի հետ։ Իմ գնահատմամբ, մենք բովանդակալից ու արդյունավետ զրույց ունեցանք երկկողմ համագործակցության ամրապնդման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և բազմակողմ մի շարք հարցերի շուրջ:

Նշեմ, որ սա Սլովենիայի Հանրապետության Նախագահի առաջին այցն է Հայաստան։ Անկախության հռչակումից հետո երկու երկրներն էլ գտնվել են պետականու­թյան կառուցման կարևորագույն շրջանում՝ յուրաքանչյուրն իր արտաքին քաղաքական առաջնայնություններով, և զարմանալի չէ, որ մեր հարաբերությունները բավարար արագությամբ չեն զարգացել։ Ուրախ եմ, որ այս այցը կայացավ և լիահույս եմ, որ ապագայում բարձր մակարդակի փոխշփումներն իրենց կայուն շարունակականությունը կունենան։

Բանակցությունների օրակարգը բավականին հագեցած էր, սակայն նշեմ ամենակարևորը` պետությունների ղեկավարների մակարդակով վերահաստատվեց հարաբերություններն ամրապնդելու երկուստեք պատրաստակամությունը։ Ակնհայտ է, որ սա բխում է թե՛ Հայաստանի, և թե՛ Սլովենիայի շահերից։ Արձանագրե­­ցինք, որ համագործակցությունը առևտրատնտեսական, մշակութային ոլորտնե­րում զարգանալու լուրջ ներուժ ունի և պայմանավորվեցինք լրացուցիչ ջանքեր ներդնել մեր փոխգործակցությանը նոր թափ հաղորդելու ուղղությամբ:

Ստորագրվեց չորս կարևոր միջկառավարական համաձայնագիր, որոնք լավ նախադրյալներ են ստեղծում երկու երկրների միջև գոյու­թյուն ունեցող իրավապայմանագրային դաշտն ընդլայնելու ու տարբեր ոլորտներում համագործակցությունը խթանելու համար:

Դրանցից երկուսը` եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին կոնվենցիան և տնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը առանցքա­յին փաստաթղթեր են հայ-սլովենական առևտրատնտեսական հարաբերություն­ների իրավական կարգավորման և ընդլայնման գործում։

Բացահայտում արած չեմ լինի, ասելով, որ արդի աշխարհում տնտեսությունը դարձել է գերակա գործոն, և հաճախ հենց տնտեսական շահն է որոշիչ հանդիսանում քաղաքական օրակարգի ձևավորման համար։ Այս առումով մենք կարևորեցինք հայ ու սլովենացի գործարարների` այցին զուգահեռ ընթացող համաժողովը, և երկու երկրների զարգացման գործակալությունների միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումը` վստահ լինելով, որ տնտեսական բաղադրիչի հզորացումը երկկողմ հարաբերությունների կարևորագույն հրամայականներից է:

Հայաստանում տպավորված ենք Սլովենիայի տնտեսական ցուցանիշներով. Սլովենիան ԵՄ-ին նոր անդամակցած երկրների խմբում, տնտեսության աճի ցուցանիշներով, գտնվում է առաջատար դիրքերում: Մենք մեծապես կարևորում ենք Հայաստանի տնտեսության մեջ սլովենական ներդրումների ներգրավման և փորձի ներդրման հնարավորությունները:

Երկուստեք նշեցինք մշակութային կապերի ընդլայնման և մարդկային շփումների կարևորությունը: Այս ուղղությամբ այսօր կնքված կրթության, գիտության և մշակույթի բնագավառներում համագործա­կցության մասին համաձայնագիրը կնպաս­տի հումանիտար կապերի զարգացմանը, մշակութային փոխճանաչողությանը, և ընդհանրապես, մեր ժողովուրդների միջև շփումների ակտիվացմանը։

Պակաս կարևոր չէր նաև Հայաստանի և Սլովենիայի կառավարությունների միջև կնքված դիվանագիտական անձնագիր կրողների համար մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագիրը: Սա դիտում ենք որպես Եվրոպական միության հետ վիզային ռեժիմի ազատականացմանն ուղղված ևս մեկ քայլ։

Ընդհանրապես, հայսլովենական համագործակցությունը մենք դիտում ենք նաև Հայաստանի եվրամերձեցման քաղաքականության ընդհանուր համատեքստում: Պարոն Թյիրկի հետ համակարծիք էինք, որ ԵՄ Արևելյան գործընկերությունը համագործակցության նոր հեռանկարներ է բացում և պայմանավորվեցինք է՛լ ավելի ակտիվացնել մեր փոխգործակցությունն այս շրջանակում:

Ես ներկայացրեցի նաեւ ԼՂ հիմնախնդրի կարգավորման շուրջ խաղաղ բանակցությունների ընթացքն ու վերջին զարգացումները։ Հայկական կողմի դիրքորոշումն այս առանցքային հարցի շուրջ մնում է անփոփոխ՝ խնդիրը պետք է լուծել բացառապես խաղաղ ճանապարհով, առանց ուժի կիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի, այսօր գոյություն ունեցող ձևաչափով և միջազգային իրավունքի նորմերի խստիվ պահպանմամբ։ Եւ որքան շուտ Ղարաբաղը լիարժեքորեն միանա բանակցություններին, այնքան հեշտությամբ կարելի է գալ խնդրի լուծմանը: Ավելի ճիշտ` որքան շուտ Ղարաբաղը լիարժեքորեն միանա բանակցություններին, այնքան մեր ակնկալիքները, դրական լուծման առումով, կարող են ավելի շատ լինել:

Քննարկեցինք նաև տարածաշրջանային և միջազգային կարևորության այլ հարցեր, երկուստեք ընդգծեցինք միջազգային կազմակերպություններում համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։

Կցանկանայի իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել պարոն Թյիրկին բովանդակալից քննարկումների համար եւ հաճույքով խոսքը տրամադրել նրան: -0-

Դիտվել է 1439 անգամ:
Print Friendly

Leave a Reply