ՀՀ վարչապետը և Սլովենիայի նախագահը քննարկել են տնտեսական համագործակցության հեռանկարները

Պաշտոնական, Օրվա լուր | | October 11, 2010 17:04

Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և Սլովենիայի նախագահ Դանիլո Թյիրկի հանդիպումը։

Բարձրաստիճան հյուրի պատվին տրվել է աշխատանքային ճաշ, որի ընթացքում ՀՀ վարչապետը ներկայացրել է մեր երկրի տնտեսության վիճակն ու զարգացման հեռանկարները։ Սլովենիայի նախագահի խնդրանքով Տիգրան Սարգսյանը ներկայացրել է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների հաղթահարման ուղղությամբ ՀՀ կառավարության իրականացրած միջոցառումները։ Անդրադարձ է արվել մեր երկրում իրագործվող բարեփոխումների, մասնավորապես` կենսաթոշակային բարեփոխումների ընթացքին։

Զրուցակիցները քննարկել են տնտեսության մի շարք ոլորտներում համագործակցության հնարավորությունները։ Այդ համատեքստում կարևորվել է Երևանում հայ և սլովենացի գործարարների մասնակցությամբ անցկացվող համաժողովը և ընդգծվել է զբոսաշրջության ոլորտում առկա ներուժի օգտագործման անհրաժեշտությունը։

Սլովենիայի նախագահը խոսել է իր երկրում Հայաստանի մշակույթի օրերի անցկացման կարևորության մասին։ Հատկանշական է, որ մի շարք միջոցառումներ նախագահ Թյիրկը պատվել է իր անձնական ներկայությամբ։

Դիտվել է 1498 անգամ:
Print Friendly

Leave a Reply