ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամը շահագործման է հանձնում Նոյեմբերյանի քաղաքային հիվանդանոցը
ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | ankakh | October 11, 2010 14:41
Մեկամյա ծավալուն աշխատանքներից հետո ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամն ավարտել է Նոյեմբերյանի քաղաքային հիվանդանոցի հիմնանորոգումը: Ծրագիրն իրականացվել է Հիմնադրամի Գերմանիայի, Շվեյցարիայի, Ավստրալիայի եւ Լիբանանի տեղական մարմինների միասնական ջանքերով: Իր գնահատելի մասնակցությունն է բերել նաեւ Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին: Այս ձեռնարկը (շուրջ 317 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ) Հիմնադրամի տարիներ առաջ որդեգրած գործելաոճի գեղեցիկ օրինակ է, երբ ծրագիր է իրականացվում երկու եւ ավելի կողմերի համաֆինանսավորմամբ: Նոյեմբերյանի հիվանդանոցը նմանօրինակ երկրորդ ծրագիրն է Տավուշի մարզում:
Հիվանդանոցի հիմնանորոգմանն են ուղղվել համաեվրոպական հեռախոսամարաթոն 2009-ին մասնակից երկրներից Գերմանիայի ու Շվեյցարիայի տեղական մարմինների հանգանակությունները, Լիբանանի տեղական մարմնի կողմից ռադիոթոն 2008-ին հավաքագրված ողջ գումարը եւ Ավստրալիայի տեղական մարմնի կազմակերպած ճաշկերույթից ստացված հասույթի մի մասը:
Հիվանդանոցում իրականացված աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով Նոյեմբերյան էին ժամանել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, ՙՀայաստան՚ հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը: Պատվիրակության կազմում էին նաեւ Հիմնադրամի տեղական մարմինների ներկայացուցիչներ եւ բարերարներ արտերկրից, այդ թվում` Գերմանիայի տեղական մարմնի ատենապետ Ժիլբեր Մոմջյանը, Շվեյցարիայի տեղական մարմնի ատենապետ Ավետիս Կիզիրյանը, Լիբանանի տեղական մարմնի ներկայացուցիչ տիկին Լորիգ Սապունջյանը, Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի ներկայացուցիչ Ա. Սիսերյանը, Գերմանիայից բարերարներ տեր եւ տիկին Վայդեմանները, Ցոլակ Տեր-Հարությունյանը, Ամինի-Կամինը, Գերմանիայի ՙՀայ գործարարների միության՚ ներկայացուցիչ Մուրատ Աքյուզը, համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Ներկա էր հիվանդանոցի ողջ մեծ աշխատակազմը:
ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, շնորհավորելով մարզի բնակիչներին եւ հիվանդանոցի աշխատակազմին, ասաց. ՙՇատ ուրախացնում է, որ Հիմնադրամի բարերարները սկսել են առանձնակի ուշադրություն դարձնել առողջապահության ոլորտին: Վստահ եմ, որ այս ծրագրով ինչ-որ չափով թեթեւացնում ենք բուժանձնակազմի դժվարությունները: Շուտով Սյունիքի մարզում էլ շահագործման կհանձնենք Հիմնադրամի մեկ այլ հիվանդանոցային համալիր՚:
Նոյեմբերյանի հիվանդանոցը բացառիկ կարեւորություն ունի մարզի համար: Սա քաղաքի եւ շրջակա գյուղերի միակ առողջապահական հաստատությունն է, որը սպասարկում է ավելի քան 30 հազար բնակչի: Այն ունի պոլիկլինիկա` ֆիզիոթերապեւտիկ սրահով, ատամնաբուժարան, թերապեւտիկ, վերակենդանացման, վիրաբուժական, մանկաբարձական, գինեկոլոգիայի, ինֆեկցիոն եւ ախտորոշիչ բաժանմունքներ: Ընդհանուր առմամբ հիվանդանոցի 30 հիվանդասենակում կարող է միաժամանակ սպասարկվել 60 հիվանդ: Գերմանիայի ՙՀայ բժիշկների ու բուժաշխատողների միությունն՚ էլ պարտավորվել է հիվանդանոցին նվիրաբերել բուժսարքավորումներ: Ամբողջական համալրումից հետո մարզի բնակիչները տեղում կկարողանան որակյալ բուժսպասարկում ստանալ:
ՙՇատ բարձր եմ գնահատում Հիմնադրամի կատարած աշխատանքը: Որակյալ շինարարություն է կատարվել, հաշվի են առնվել բուժսպասարկման առանձնահատկությունները: Վերակենդանացման բաժանմունքը, վիրահատարաններն ու ծնարանները հարմարեցվել են ժամանակակից պահանջներին: Սա կարեւորագույն բուժհաստատություն է մարզում, եւ այսուհետ այն ավելի որակյալ սպասարկում կապահովի բնակչության համար՚,- գնահատանքի իր խոսքում նշեց առողջապահության նախարարը:
Նոյեմբերյանի հիվանդանոցը հիմնվել է 1928-1930թթ: Ներկայիս եռահարկ շենքը կառուցվել է 1961թ. եւ երբեւէ չէր հիմնանորոգվել: Ծրագրի շրջանակներում բուժհաստատությունը վերահատակագծվել է եւ համապատասխանեցվել արդի բուժսպասարկման պահանջներին. կառուցվել է նոր տանիք, նորացվել են հատակները, դռները, պատուհանները, կոմունիկացիոն բոլոր համակարգերը:
Բոլոր հիվանդասենյակներն ունեն սանհանգույցներ` ապահովված սառը եւ տաք ջրամատակարարմամբ: Շենքի ջեռուցումն ապահովվում է նորակառույց կաթսայատան միջոցով: Կառուցվել է վերելակ, որի բացակայությունը բազմաթիվ անհարմարություններ էր ստեղծում` հատկապես երրորդ հարկում տեղակայված վիրահատարանի ծանր հիվանդների տեղափոխման հետ կապված: Բարեկարգվել է հիվանդանոցի բակը:
Գերմանիայի տեղական մարմնի ատենապետ Ժիլբեր Մոմջյանը պատմեց հետեւյալը. ՙԵրբ առաջին անգամ եղա հիվանդանոցում, սարսափելի վիճակ էր: Գերմանիա վերադառնալուն պես իմ գործընկերների հետ որոշեցինք միջոցներ գտնել եւ վերանորոգել հիվանդանոցը: Այսպիսով, ձեռք ձեռքի տալով մեզ հաջողվեց հավաքել այդ հսկայական գումարը՚:
ՙՇատ տպավորված եմ` տեսնելով հիվանդանոցի ավարտուն տեսքը: Մենք` սփյուռքը` Գերմանիայի, Շվեյցարիայի, Լիբանանի եւ Աբստրալիայի հայ համայնքները, համախմբվելով կարողացանք իրականացնել այս գեղեցիկ ձեռնարկը: Մաղթում եմ, որ այն երկար ծառայի մեր հայրենակիցներին, եւ գործածվի միայն ծնունդների համար: Այստեղ ծնված մեր գառնուկները թող որ ապագայում դառնան առյուծներ եւ պաշտպանեն մեր սահմանները՚:
ՙԲարեբախտաբար 2008-ի ռադիոթոնում հավաքվեց ավելի շատ գումար կան ակնկալում էինք: Մենք եւս որոշեցինք միանալ Գերմանիայի, Շվեյցարիայի եւ Ավստրալիայի մեր տեղական մարմիներին եւ իրականացնել այս շատ կարեւոր ծրագիրը՚,- իր խոսքում նշեց Լիբանանի տեղական մարմնի ներկայացուցիչ տիկին Լորիգ Սապունջյանը:
Հիվանդանոցը, որն ունի 113 հոգուց բաղկացած աշխատակազմ, տարեկան սպասարկում է ավելի քան 1400 հիվանդի եւ ընդունում շուրջ 400 ծնունդ: Ծննդատան արդեն բարվոք պայմաններում բուժանձնակազմն ակնկալում է ծնունդների թվի զգալի աճ:
ՙՇատ ուրախալի է, որ մեր բարերարները կարեւորում են սահմանամերձ համայնքներում բարեկարգ բուժհաստատությունների առկայությունը: Մաղթում եմ բոլորիդ առողջություն եւ քիչ հիվանդներ՚,- իր խոսքում ասաց Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը: Տնօրենը տեղեկացրեց, որ հիվանդանոցի կահավորումը կիրականացվի երկու ամսվա ընթացքում: Արդեն ճանապարհին են սարքավորումներով բեռնված 6 կոնտեյներներն ու կահույքը: Առողջապահության նախարարությունն էլ կլրացնի բացը:
Նոյեմբերյան քաղաքը գտնվում է Տավուշի մարզում` ադրբեջանական սահմանից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Այն հիմնադրվել է 898 թվականին: Շուրջ 5000 բնակիչ ունեցող քաղաքն այսօր ուրույն կերպով համադրում է գյուղին եւ քաղաքին բնորոշ կենսակերպը: Մի կողմից այն գյուղատնտեսական գոտի է` կայացած անասնապահությամբ, այգեգործությամբ, գինեգործությամբ ու մեղվաբուծությամբ, մյուս կողմից` համայնքում զարգանում է առեւտրի ու սպասարկման ոլորտը: Քաղաքում գործում են սննդի արդյունաբերության, փայտամշակման ու քարամշակման ձեռնարկություններ: Շրջակա գյուղերի բնակիչները հիմնականում այստեղ են իրացնում իրենց տնտեսություններից ստացած բնամթերքը:
Հովանավորներն են Գերմանիայի, Շվեյցարիայի, Ավստրալիայի եւ Լիբանանի տեղական մարմինները եւ Լիբանանի վարչապետը
ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամ






Facebook
Tweet This
Email This Post
