Երբ միայն հաղթանակ են սպասում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 11, 2010 15:41

Հոկտեմբերի 12-ին Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Երևանի «Հանրապետական» մարզադաշտում Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում (B խումբ) կմրցի Անդորրայի ընտրանու հետ: Եվ ահա, այդ կապակցությամբ այսօր «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսի սրահում լրագրողներին էր հանդիպել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը: Նա այն տեսակետը հայտնեց, որ թեև մրցակիցը խմբում զբաղեցնում է վերջին տեղը, սակայն չի կարելի թերագնահատել: Մինասյանն այն կարծիքին է, որ  անդորրացիների խաղամակարդակը բարձրացել է, և այդ է պատճառը, որ վերջին հանդիպումներում մրցակիցները կարողացել են այդ երկրի հավաքականի դարպասը գնդակներ խփել միայն ստանդարտ դիրքերի խաղարկման միջոցով: Մինասյանն չթաքցրեց, որ անականկալներից խուսափելու համար պետք է  փորձեն աչալուրջ լինել և հաղթանակի հասնեն անգամ ոչ տպավորիչ խաղով: Մարզիչը հայտնեց, որ ճնշում է այն հանգամանքը, որ տարեվերջյան այդ խաղում Հայաստանի հավաքականից բոլորը միայն հաղթանակ են ակնկալում: Նա խորհուրդ է տվել իր սաներին արագորեն գնդակ խփել մրցակցի դարպասը, որպեսզի հետագայում անելիքը հեշտանա, լարվածությունը թուլանա: Ինչպես հայտնի է, կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը Սլովակիայի հավաքականի հետ անցկացրած նախորդ հանդիպման ժամանակ երկրորդ դեղին քարտը ստանալով որակազրկվել է մեկ խաղ: Մինասյանը հայտնեց, որ նրան կփոխարինի Արթուր Եդիգարյանը, սակայն մեկնարկային կազմի հետ կախված այլ մանրամասներ նա հրաժարվեց ներկայացնել: Մարզիչը նաև տեղեկացրեց, որ նոյեմբերին նախատեսված Սիրիայի ընտրանու հետ ընկերական հանդիպումը չի կայանալու: Իսկ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այժմ բանակցություններ է վարում, որպեսզի  նոյեմբերին կամ եկող տարվա սկզբին մեր ընտրանին ընկերական հանդիպումներ անցկացնի այլ երկրների հավաքականների հետ: Նա նշեց, որ ցանկալի է, որպեսզի Հայաստանի հավաքականը մասնակցի Մալթայում և Կիպրոսում անցկացվող ավանդական միջազգային մրցաշարերին:

Դիտվել է 1066 անգամ:
Print Friendly

Leave a Reply