Աֆղանստանի նախագահը հաստատել է, որ բանակցություններ է վարում Թալիբանի հետ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 11, 2010 13:58
Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը ամերիկյան CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում հաստատել է, որ աֆղանական իշխանությունները իսկապես բանակցություններ են վարում Թալիբան շարժման հետ: Նա նշել է , որ դա արվում է երկրում խաղաղության հասնելու գործընթացը արագացնելու նպատակով:Սակայն դա պաշտոնական ընթացակարգ համարել չի կարելի:
Տեղեկացնենք, որ The Washington Post թերթում հրապարակման հեղինակը վկայաբերել էր աֆղանական և արաբական աղբյուրներ և հաստատել է, որ երկրի ղեկավարությունը գաղտնի բանակցություններ է վարում թալիբների հետ` բարձր մակարդակներում: The Washington Post-ը նշում է նաև, որ ավելի քան մեկ տարի առաջ Սաուդյան Արաբիայում նույնօրինակ հանդիպումը անարդյունք է անցել:Այժմ բանակցությունները նախնական փուլում են : Այս բանակցություններին անուղղակիորեն մասնակցում է թալիբների առաջնորդ մոլլա Մոհամմադ Օմարը, որ գտնվում է Պակիստանի տարածքում :
Աֆղանական աղբյուրները ծանուցում են մասշտաբային համաձայնության մասին, ըստ որի` շարժման ներկայացուցիչները կարող են պաշտոններ հավակնել կառավարությունում, իսկ ՆԱՏՕ-ի զորքերը կարող են թողնել այս երկիրը: Հարցի էությունն այն է, որ «Քվետտա Շուրան» զգուշանում է իր դիրքերի նեղացումից: Նրանք գիտակցում են, որ ավելի ու ավելի մեծ թվով թալիբներ են գործունեություն ծավալում և գտնվում են շահեկան դիրքերում: Դա է պատճառը, որ Քվետտա Շուրան կամենում է փոխզիջումների գնալ:
Միաժամանակ, տեղի դիտորդների կարծիքով` երկրում ազգային հաշտության նպատակաուղղված`նախագահ Համիդ Քարզայի ջանքերը դրական արձագանքներ չունեն հակառակ կողմում: Թե «Թալիբան » շարժումը, թե Քարզայի կառավարությանը ընդդիմադիր` նախկին վարչապետ Գուլբեդդին Հեքմատիարի` իսլամական կուսակցությունը պահանջում են երկրի տարածքներից անհապաղ դուրս բերել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զորքերը: Հիշեցնենք, որ երկրում վիճակը ծայրահեղ տագնապալի է:Հերթական ահաբեկչությունն իրականացվեց հոկտեմբերի 6-ին Կանդահարում. 2 պայթյունների հետևանքով 9 մարդ զոհվեց, 26-ը ստացան տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:






Facebook
Tweet This
Email This Post
