Հայ ժամանակակից նկարիչների ցուցահանդես Բժշկական համալսարանի 90-ամյակին

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | October 11, 2010 12:34

Ցուցահանդեսի մասնակիցները

Հայ  ժամանակակից արվեստի պատմության մեջ առաջին անգամ նկարչությունն ու առողջապահությունը շաղկապվեցին իրար:

Հայաստանի Նկարիչների միությունում օրերս բացվեց ժամանակակից 19 նկարիչների` «Օպտիմիզմ» խորագիրը կրող ցուցահանդեսը:  Ցուցադրված են  Սարգիս Համալբաշյանի, Արման Գրիգորյանի,Դավիթ Կարեյանի, Վահան Ռումելյանի և այլոց  55` տարբեր ժանրերում արված ստեղծագործություններ:

Ցուցահանդեսի համադրողը ամերիկահայ արվեստաբան Վիկի Շողակ Հովհաննիսյանն է: Հովհաննիսյանը, ով Չիկագոյի Ժամանակակից արվեստի թանգարանի կոլեկցիոներների ֆորումի նախագահն է, մոտ 15 տարի աշխատում է հայ ժամանակակից արվետագետների հետ` նրանց աշխատանքները արտերկրում ցուցադրելով, վաճառելով, կատալոգներում ընդգրկելով ու, ընդհանրապես, հայ նկարիչներին պրոպագանդելով:

«Կարևոր է, որպեսզի հայ արվեստագետը սնվի իր հողեն, տապկվի ու արժևորիվի իր հողե մեջ, – ասում է նա,-  այլ ոչ թե  արվեստագետը ձգե իր երկիրն ու  արտասահման գնա»:

«Օպտիմիզմի» կոնցեպտը ընտրել է Հովհաննիսյանը` Բժշկական համալսարանի ռեկտոր Գոհար Քյալյանի հետ միասին: Կոնցեպտի առանցքը` համադրողի մեկնաբանությամբ, լավատես հայացք է դեպի ապագան:

Հովհաննիսյանի խոսքով` համալսարանի ռեկտորի այս նախաձեռնությունը, ով շաղկապել է արվեստը բժշկության հետ,  ակտ է, որն ընգծում և կարևորում է ժամանակակից արվեստի գոյությունը Հայաստանում:

Ցուցահանդեսը կազմակերպվել է Բժշկական համալսարանի 90-ամյակի կապակցությամբ` համալսարանի ֆինանսավորմամբ: Տպվել է կատալոգ, որտեղ ներկայացված են ցուցահանդեսի մասնակից  բոլոր արվեստագետները:

Ռուբեն Գրիգորյան. «Ուրիշ կյանք»

«Ասոնք մեր ներկա սերունդի ոչ ամբողջ, բայց մեկ կարևոր մասն են,- ասում է Հովհաննիսյանը,- քանի որ ես իրենց հետ 15 տարի աշխատած եմ, իրենց կհավատամ, իրենց դրած ենք մեծ կոլեցիաներու մեջ ու մեծ գալերեաներում»:

Ցուցահանդեսի կոնցեպտը նկարիչ Դավիթ Կարեյանը մեկնաբանում է Մատիսի խոսքերով, ով ժամանակակից արվեստը բնորոշել է որպես մի դեղահաբ, որը բուժում է հասարակության գլխացավը:

Իսկ ցուցահանդեսի նախաձեռնող Քյալյանն էլ հիշեցնում է Հիպոկրատի բնորոշումը, որ բժշկությունը յուրահատուկ արվեստ է. «Իսկ հայկական բժշկագիտությունը`  հայկական արվեստների պես ունի հարուստ ժառանգություն և դարերի խորքից եկող արմատներ ու ավանդույթներ»:

Ցուցահանդեսի բացումը զերծ էր ավանդական պաշտոնական խոսքերից:  Այն ևս մի առիթ էր, որպեսզի արվեստասեր հանրությունն ու արվեստագետները դիտեն, մտքեր փոխանակեն, նոր լիցքերով ու գաղափարներով լցվեն:

«Գուցե սա համարենք հակադրույթյուն սովետական տրադիցիային, բայց ոչ մի իմաստ չունի մարդկանց սպասեցնել կամ ինչ-որ խոսքեր ասել,-  ասում է Դավիթ Կարեյանը,- ցուցահանդեսը հենց խոսք է»:

«Ոսկե ծիրան» փառատոնի տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը կարևորում է ցուցահանդեսում ստեղծված ընդհանուր մթնոլորտը: «Այստեղ զետեղված է պայծառության,  գույնի ու խորության նոր մտածողույթան համադրություն, որը դժվար է ստեղծել,- ասում է նա,-   այսօր  հավաքելով մի քանի  նկարիչ` ստանալ ազգի կամ ժամանակի շունչը, շատ բարդ է, ինչը, սակայն այս ցուցահանդեսում հաջողվել է»:

Դավիթ Կարեյանն ասում է, որ հայկական մշակույթն առավել հայտնի է  ավելի  դեպրեսիվ, մռայլ ու տխուր մշակույթով. «Ասենք դուդուկի երաժշտության խորության տակ թաքնված է տխրությունը, իսկ այս ցուցահանդեսն ընդգծում է հայերի ուրախության խորությունը»:

Արվեստագետի խոսքով` այսօր հայն  ընկալվում է որպես պերիֆերիայում ապրող հետամնաց մի բան, իսկ ինքն իր արվեստով ընդգծում է, որ  հայը կարող է աշխարհին ցույց տալ զարգացման նոր ընթացքներ:

«Հայի ինքնությունն ընկալվում է հին կուլտուրայով,- ասում էնա, սակայն միայն դա չէ, որ պայմանավորում է հայի ինքնությունը: Այսօր` ժամանակակից աշխարհի ազդեցությամբ հայը ևս փոխվում է և ինքն  էլ ունենում է իր ներդրումը նույն աշխարհում: Մի 20 տարի հետո դա կընկալվի և կդառնա հայի ինքության բաղադրիչ մաս»:

Դավիթ Կարեյան. «Երկար կապույտ»

Ներկայացված արվեստագետների գերակշիռ զանգվածը արվեստի դաշտում է 80-ականների վերջերից.  «Երրորդ հարկ» խմբի անդամներ, վերակառուցման շրջանի ստեղծագործողներ, թեպետ կան նաև 90-ականների կեսերից ստեղծագործող նկարիչներ ևս:

Արվեստաբան Նազարեթ Կարոյանի հայացքով`  ցուցահանդեսի կոնցեպտը արտաքուստ համապատասխանում է բովանդակությանը: «Օպտիմիզմը  ընդգծված քաղաքական առաջարկ է, որը բավական լավ ձևակերպված է, փայլուն փաթեթավորված ու  լավ ժապավենով կապված,- ասում է նա,- և այլ առաջարկների կողքին` դարակների վրա դրված, կարող է տեսանելի լինել: Եթե լավատեսությունը վառվռունությունն ու  պայծառությունն է, ապա  վառվռունության որոշակի աստիճան գոյություն ունի»:

Սակայն խորքային առումով արվեստաբանը ավելի բարդ խնդիրներ է տեսնում, ինչպիսին է օրինակ, լավատեսությունը որպես ընթացիկ ապրանքային առաջարկ: Նա ասում է, որ  լավատեսության մասին խոսելիս շատ կարևոր է այն միջավայրը, որտեղից գալիս է այն:

«Դա շատ կարևոր է,- ասում է նա,-  որովհետև դա ավելի շատ բան է պատմում առաջարկի ու այն միջավայրի մասին, որտեղ առաջարկն արվում է, քան թե բուն առաջարկը»:

Արվեստաբանի կարծիքով ցուցադրված նկարիչները, որոնց աշխատանքները 15 տարի առաջ և հետո իրենց արտահայտչական և բովանդակային պարամետրեով շատ չեն տարբերվում, չեն կարող տարիներ առաջ և  այլ պայմաններում ձևավորված բովանդակությամբ ուղերձ հղել, որն ուղղված է ներկային ու ապագային, քանի որ տարբեր են միջավայրերը, երբ ստեղծվել է առաջարկն ու առաջարկը ներկայացնելու հայտը:

«Որտեղի՞ց է գալիս այդ լավատես ձայնը,- հարցնում է Կարոյանը,- և որքանո՞վ է այդ տեղը տաք, որպեսզի համարվի լավատես»:

Վիկի Հովհաննիսյանը լավատեսությունը համարում է առաջ շարժվելու համար կարևոր նախապայման: «Երկիրը կերթա դեպի դրականը,- ասում է նա,-  եթե լավատեսություն չըլլար, արվեստագետն ամեն օր չէր էրթա ստուդիո ստեղծագործելու: Մենք կհավատանք, որ մեր հայրենիքը դեպի լավը կերթա, մի նայիր, որ դժվարություններ կան, պրոբլեմներ կան, միշտ դրանք պիտի հաղթահարենք, որ առաջ գնանք»:

Ցուցահանդեսը բաց է մինչև հոկտեմբերի 16-ը:

Դիտվել է 3402 անգամ:
Print Friendly

Leave a Reply