Վերապատրաստման դասընթացներ` հաշմանդամների հարցերով մասնագետների համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | October 11, 2010 11:12
Հայաստանում հոկտեմբերին վերապատրաստման դասընթացներ կկազմակերպվեն հաշմանդամների կարողությունները գնահատող եւ նրանց աշխատաշուկա ուղղորդող մասնագետների համար: Դրանք կանցկացվեն «Հայաստանի հաշմանդամություն ունեցող անձինք` որպես խոստումնալից աշխատուժ» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունը HDP հիմնադրամի հետ համատեղ:
Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց գործակալության պետ Սոնա Հարությունյանը, առայժմ վերապատրաստման դասընթացը` որպես պիլոտային ծրագիր, կանցկացվի Երեւանի Էրեբունի վարչական շրջանի եւ Հրազդան քաղաքի զբաղվածության կենտրոնների աշխատակիցների համար: Վերջիններս նոյեմբերին կմեկնեն նաեւ Հոլանդիա, որտեղ կծանոթանան հաշմանդամների կարողությունների գնահատման, նրանց աշխատաշուկա ուղորդելու փորձին: Նշված զբաղվածության կենտրոնները կստանան նաեւ տեխնիկական աջակցություն: Զբաղվածության պետական ծառայությունը մի շարք ծրագրեր է իրականացնում հաշմանդամներին աջակցելու ուղղությամբ:
Ս. Հարությունյանի խոսքով, «Աշխատավարձի մասնակի փոխհատուցում գործատուին» ծրագրի շրջանակներում 2006թ-ից աշխատանքի տեղավորման նպատակով գործատուների հետ 754 պայմանագիր է կնքվել, որից 289-ի միջոցով աշխատանքի են ընդունվել հաշմանդամներ: Ծրագրի նպատակը աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորմանն աջակցելն է` գործատուին աշխատավարձի մասնակի փոխհատուցում տրամադրելու միջոցով: «Մասնագիտական ուսուցում» ծրագրին ընթացիկ տարվա 10 ամիսներին մասնակցել է 1013 գործազուրկ, որից 83-ը` հաշմանդամ:






Facebook
Tweet This
Email This Post
