Կուստուրիցայի այցը Թուրքիա կարող է վերաճել միջազգային սկանդալի. Անկարան բոյկոտում է ռեժիսորին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 10, 2010 12:08

Այսօր Անթալիայում մեկնարկող «Ոսկե նարինջ» միջազգային կինոփառատոնին մասնակցելու նպատակով Թուրքիա է ժամանել աշխարհահռչակ սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցան: Այս մասին տեղեկացնում է թուրքական Milliyet օրաթերթը:
Պարբերականի փոխանցմամբ` կինոփառատոնին որպես ժյուրիի անդամ Կուստուրիացիայի մասնակցությունը բոյկոտել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունայը, ով հայտարարել է, որ ի նշան բողոքի ինքը չի մասնակցելու փառատոնին:

«Մենք բոլորս կարևորում ենք Անթալիայի կինոփառատոնը: Ես` որպես նախարար, միշտ աջակցել եմ այդ միջոցառմանը: Մեկ այլ առիթով Անթալիա կգնամ, սակայն կինոփառատոնին չեմ մասնակցի, որովհետև այնտեղ է Էմիր Կուստուրիցան: Վերջինս Բալկաններում պատերազմի ժամանակ ոչ միայն դուրս է եկել սեփական ժողովրդի զգացմունքների դեմ, այլև ընդհանուր մարդկային արժեքների հանդեպ որդեգրել է բացասական, անհասկանալի, հակակրելի գործելաոճ: Իսկ դա բոլորիս է վհատացրել: Ես պատերազմի ընթացքում այցելել եմ Բոսնիա: Չեմ կարող անտեսել հանրության ձայնը և այդ պատճառով փառատոնին չեմ մասնակցելու»,- հայտարարել է թուրք նախարարը:

«Ոսկե նարինջին» Կուստուրիցայի մասնակցությունը բոյկոտել է նաև հայտնի թուրք ռեժիսոր Սեմիհ Քափլանօղլուն, ով նույնպես իր «Մեղր» ֆիլմով հրաժարվել է մասնակցել կինոփառատոնին: Քափլանօղլուն այս տարի մասնակցել է «Ոսկե ծիրան» երևանյան կինոփառատոնին:

Անթալիայի օդանավակայանում լրագրողները Կուստուրիցային խնդրել են մեկնաբանել Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարի հայտարարույթունը:

«Մեկնաբանություն չեմ անի, սակայն ես սիրում եմ Թուրքիան: Նախկինում էլ եմ եկել: Թուրքիայի թեյը շատ լավն է, այստեղ ուզում եմ թեյ խմել: Եկել եմ իմ երկիրը ներկայացնելու»,- ասել է Կուստուրիցան:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Կուստուրիցայի` «Ոսկե նարինջ» կինոփառատոնին մասնակցության դեմ իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել Թուրքիայի իշխող և ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները, բոսնիացի մի շարք կինոգործիչներ և կանանց միությունների ներկայացուցիչներ` պահանջելով աշխարհահռչակ ռեժիսորին հեռացնել ժյուրիի կազմից:

«Ոսկե նարինջ» միջազգային կինոփառատոնը  կանցկացվի Անթալիայում հոկտեմբերի 9-14-ը։
 Tert.am

Դիտվել է 1276 անգամ:
Print Friendly

Leave a Reply