Ժամանակին երևանցիները ժպտում էին իրար, հարևանություն անում ու զզվում էին Կարա–Բալայից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | October 10, 2010 12:02
Երևանի հիմնադրման 2792-ամյակին ընդառաջ երևանցի հայտնի արվեստագետներն այսօր լրագրողների հետ կիսեցին իրենց տպավորություններն ու մտահոգությունները հին ու նոր մայրաքաղաքի կյանքի մասին։
Ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը նշեց, որ քաղաքը կամբողջանար, եթե մեծ ու բարձրահարկ շենքերը ոչ թե քաղաքի կենտրոնում, այլ ծայրամասերում կառուցվեին։ «Թող շենքերը շատ լինեն, բայց ոչ կենտրոնում։ Թող այնպես անեն, որ Հանրապետության հրապարակի տեսքը չաղճատվի։ Դա մեր էությունն է, հայկական մտածելակերպը։ Դա եկել է Անիի ճարտարապետությունից ու մտել Հայաստան»,- նշեց արվեստագետը։
Կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանն էլ իր խոսքն սկսեց՝ մեջբերելով իր հեղինակած երգերից մեկի բառերը՝ «Իմ օդն ու ջուրն է Երևանը»։
«Իմ պատենեկության Երևանը փոքր էր՝ հինգ հարկանի ու վարդագույն։ Բուսաբանական այգին այնքան հեռու էր թվում, իսկ հիմա քաղաքի մեջ է»,- ասաց նա։ Վարդազարյանը բասացական է համարում այն, որ այսօր երևանցի երիտասարդը չի ընդունում մեծերի խորհուրդը, չի ուղղվում։ «Ինձ երիտասարդ ժամանակ փողոցում դիտողություն են արել, ու դա ընդունել եմ։ Հիմա մթնոլորտն է փոխվել»,- նշեց Վարդազարյանը՝ հավելելով, որ նախկինում բոլոր երևանցիները, անկախ այն հանգամանքից, ծանոթ են, թե ոչ, փողոցում միմյանց ժպտում էին։
Ճանաչված մարզիկ Ալբերտ Ազարյանը նշեց, որ թեև շատ երկրներից է ստացել համագործակցության գայթակղիչ առաջարկներ, սակայն աշխարհի ոչ մի քաղաքի հետ Երևանը չի փոխի։ Նա դժգոհ է Երևանի այսօրվա երթևեկությունից. «Այն ժամանակ քիչ էին մեքենաները, հիմա դուրս ես գալիս, չգիտես՝ ի՞նչ անել»։ Ազարյանին մտահոգում է նաև Երևանի մաքրության հարցը։
Կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանը նկատեց՝ երևանցի երիտասարդն այսօր թեև տաղանդավոր է, սակայն անդաստիարակ է։ Նա հիշեց, որ նախկինում Երևանում հարևանություն ու բարեկամություն կար, իսկ այսօր մարդիկ տարիներով ապրում են նույն շենքում ու հարևաններին չեն ճանաչում։ «Բարձրահարկ շենքերի բնակիչներն ընդհանրապես չգիտեն, թե իրենց հարևաններն ովքեր են»,- նշեց նա։
«Գաղտնիքը մարդկանց մեջ չէ, նրանում է, թե Երևանի քանի տոկոսն է իրեն մայրաքաղաքի բնակիչ զգում ու այդ իմաստով պատասխանատվություն կրում։ Մարդիկ են քաղաքը քաղաք դարձնում»,- ասաց ճարտարապետ Լևոն Իգիթյանը։ Նա հիշում է՝ նախկինում Երևանում լիդեր մարդկանց մի խումբ կար, որոնցից հասարակությունն օրինակ էր վերցնում։ «ՇՇմելու մարդիկ էին նրանք, շշմելու արվեստի գործիչներ էին, որոնց այսօր մոռացել ենք։ Նրանց հագուկապը, պահվածքը… Իրենք քաղաքի տեսքն էին»,- պատմեց Իգիթյանը՝ ցավով նկատելով, որ այսօր քաղաքի հերոսը շատ փող ունեցողը, սուտ խոսողն ու «ջիփ» քշողն է։
«Մենք մոռացել ենք այն երկու կանանց, ովքեր Եղեռնի ժամանակ արյան միջով անցնելով, մեծ գիրքը երկու մասի են բաժանել, որն այսօր Մատենադարանում դրված է։ Մենք այսօր նրանց արձանը չենք կանգնեցնում, փոխարենը Կարա-Բալայի արձանն ենք կանգնեցնում։ Ո՞վ էր այդ մարդը, մենք զզվում էինք նրանից, նրա վրայից հոտ էր գալիս, ծաղիկ էր նվիրում, հետո փող ուզում»,- նշեց Իգիթյանը՝ նկատելով, որ այսօր իրենց մասնագիտությանը չտիրապետող, գիտելիք չունեցող քաղաքական գործիչն է տնօրինում երևանցու կյանքը։
Բանախոսները նաև ցավով նշեցին, որ ժամանակին Երևանը շատ տաղադավոր մարդիկ լքեցին, սակայն դա լավ կյանքից չէր։
Tert.am






Facebook
Tweet This
Email This Post
