10.10.10 -ին ամբողջ աշխարհում մարդիկ փորձելու են 10 տոկոսով նվազեցնել մթնոլորտի արտանետումների քանակը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 10, 2010 11:52

2010 թվականի հոկտեմբերի 10-ին, այսինքն 10.10.10 խորհրդանշական ամսաթվին  ամբողջ աշխարհում մարդիկ մասնակցելու են կլիմայի փոփոխության դեմ պայքարի միջոցառմանը: Այն կանցկացվի աշխարհի 187 երկրներում, կլինեն  6353 միջոցառումներ, որոնց նպատակն է լինելու 10 տոկոսով կրճատել մթնոլորտի արտանետումների քանակը:

Հայաստանում 10.10.10 -ին,  ժամը 10:10 րոպեին  Մատենադարանի մոտ կհավաքվեն բնապահպաններն ու հեծանվորդները: Նրանք նախ հեծանիվներով կնկարեն 350, այնուհետև կշրջեն քաղաքում`բաժանելով տեղեկատվական թերթիկներ:

«Տարբեր երկրներում իրականացվող այս ակցիաների ողջ իմաստը մթնոլորտում առկա ածխածնի երկօքսիդի քանակը թույլատրելի 350 միավորի հասցնելն է, իսկ ներկայումս դրա քանակը  հասնում է 390-ի»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց միջոցառման համակարգող Անահիտ Աղաբաբյանը:

10.10.10 -ին իրականացվող միջոցառումները համակարգում է  350.org կազմակերպությունը, որը հիմնադրել է ամերիկացի Բիլ Մաքիբենը: Նա գլոբալ տաքացման մասին առաջին գրքերի հեղինակներից մեկն է:

Կլիմայի փոփոխության դեմ պայքարի պրակտիկ գործողության ամենամեծ օրը նշվում է 2007 թվականից:

Անցած տարի նույնիսկ CNN-ը 350.org-ի կողմից կազմակերպված ակցիան անվանեց պատմության մեջ առավել մեծ տարածում գտած օր:

Հատկանշական է, որ 10.10.10-ին իրականացվող միջոցառմանը կմիանա նաև Սպիտակ տունը ` իր տանիքում տեղադրելով արևային մարտկոցներ

Դիտվել է 890 անգամ:
Print Friendly

Leave a Reply