Հայաստանում գիտության և տեխնիկայի թանգարանը կգործի, երբ տարածք լինի

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | October 10, 2010 11:25

Հայաստանում գիտության և տեխնիկայի թանգարանը ստեղծվել է 2008 թվականին, սակայն թանգարանը դեռևս չի գործում, քանի որ դրա համար անհրաժեշտ տարածք չկա։ Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց Գիտության և տեխնիկայի թանգարանի հիմնադիրներից Ժիրայր Սևոյանը։ Նրա խոսքով՝ թանգարանում արդեն հավաքվել է շուրջ 300 ցուցանմուշ՝ սարքեր և տարբեր առարկաներ, որոնք արտադրվել են Հայաստանում։

«Մեր նպատակն է հավաքել և հանրությանը ներկայացնել Հայաստանի և օտարերկրյա հայազգի գիտնականների ու գյուտարարների հայտնագործությունները, գյուտերը, նորարարությունները  և գիտատեխնիկական նվաճումները»,-ասաց Ժ. Սևոյանը: Նրա խոսքով` թանգարանը հնարավորություն կտա տարբեր ժամանակներում Հայաստանում արտադրված գիտատեխնիկական սարքավորումները, գյուտերի արտոնագրերն և այլ նյութերը ոչ միայն փրկել ոչնչացումից, այլև այդ ամենը ներկայացնել զբոսաշրջիկներին և հետագա սերնդներին:

«Հաճախ երիտասարդները ճանաչում են հայ անվանի երգիչների, ռեժիսորների, դերասանների, բայց ոչ գիտնականների, իսկ այս թանգարանը նպատակ ունի նաև բարձրացնել հայ գիտնականների հեղինակությունը` ներկայացնելով մեր գիտական պոտենցիալը և գիտնականներին»,-ասաց Ժ. Սևոյանը: Նրա խոսքով` թանգարանին կից ցանկանում են ստեղծել նաև պատանի տեխնիկների խմբակ, որը կխթանի պատանիների մեջ սերը դեպի գիտությունը և տեխնիկան:

Ժ. Սևոյանը վերջում կոչ արեց բոլորին աջակցել թանգարանին և տրամադրել տարբեր ժամանակների հայազգի գիտնականների վերաբերալ նյութեր և սարքավորումներ: Իսկ թանգարանի բացվելուն պես, երբ ցուցանմուշները ցուցադրվեն, դրանք տրամադրողների անունը կգրվի հենց ցուցանմուշի տեղեկատվական վահանակում:

Նշենք, որ ներկայումս թանգարանների ցուցանմուշները պահվում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող National Instruments ամերիկյան ընկերության հայաստանյան գրասենյակի հատկացված տարածքում:

Դիտվել է 1894 անգամ:
Print Friendly

Leave a Reply