Հայաստանում բծավոր բորենի է հայտնաբերվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 10, 2010 11:09

60 տարվա ընթացքում առաջին անգամ Հայաստանում հայտնաբերվել է զոլավոր բորենի, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում: Բորենու մնացորդները հայտնաբերվել են Նռնաձոր (Նյուվադի) գյուղից ոչ հեռու:  Կենդանու սատկելու պատճառը այգու ցանկապատի փշալարերներ են, որոնց մեջ խճճվել էր բորենին, հաղորդում է WWF-Հայաստանը:

Ըստ որոշ գիտական աղբյուրների` XX դարի սկզբից ի վեր բորենի երբեմն  հանդիպել է Արաքս գետի ավազանում, Էջմիածնի, Մեղրիի, Շամշադինի և Իջևանի շրջաններում: Բորենու մասին վերջին հիշատակումը գրանցվել է 1925 թ., երբ կենդանուն տեսել են Արտաշատի շրջանի Նովրուզլու գյուղի մոտակայքում: Որոշ տվյալներով` այդ կենդանուն տեսել են 1940 թ.:

Այս կենդանատեսակի ապրելավայրերի կորուստը Հայաստանում նրա անհետացման հիմնական պատճառն է: Համապատասխան բիոտոպերը (հարթ կիսաանապատեր և չոր նախալեռներ) ի սկզբանե սահմանափակվում են Արարատյան դաշտավայրով և Մեղրիի շրջանում` Արաքսի հովտով, որոնք գրեթե ամբողջությամբ մշակվում են որպես դաշտավայրեր, պտղատու և խաղողի այգիներ: 

Զոլավոր բորենին միջին չափի գիշատիչ կաթնասուն է, որն արտաքինից նման է շանը: Մեջքն ունի կորություն դեպի պոչը, իսկ կողքերն աչքի են ընկնում սև կամ դարչնագույն ուղղահայաց զոլերով: Մարմնի գույնը բաց մոխրագույն կամ բաց շագանակագույն է: Կոկորդի վրա կա սև բիծ, իսկ ոտքերը զոլավոր են: Գլուխը կլորավուն է, ունի սուր երախ և երկար ականջներ: Չնայած բորենին սնվում է լեշով, մեծ և փոքր կենդանիներով, միջատներով, պտուղներով և հատապտուղներով, ունի շատ ուժեղ ծնոտներ, որոնք կարող են նույնիսկ ոսկոր կոտրել:
Հույսեր կան, որ մի քանի առանձնյակներ դեռևս կարող են գոյատևել:

Դիտվել է 4891 անգամ:
Print Friendly

Leave a Reply