Մատենադարանում ցուցադրվեցին Ամստերդամի հայկական տպարանի մի շարք գրքեր

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | October 10, 2010 1:20

Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի թանգարան-ինստիտուտ Մատենադարանում այսօր ցուցադրվեցին Ամստերդամի հայկական տպարանից բերված Աստվածաշունչ, աղոթագրքեր, աշխարհիկ բովանդակություն ունեցող զանազան փիլիսոփայական ու պատմական աշխատություններ:

Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց Մատենադարանի ժամանակավոր ցուցադրությունների ցուցասրահի վարիչ Աիդա Չարխչյանը, արժեքավոր է հատկապես առաջինը հայերենով տպագրված մեծ քարտեզը: «Պետք է բարձր գնահատել նաեւ 1666թ-ին տպագրված Աստվածաշունչը, որի առանձին պատառիկներ մենք այսօր ցուցադրում ենք խոշորացված պաստառներով», – նշեց նա` առանձնացնելով նաեւ 1661 թ-ին տպագրված Ներսես Շնորհալու «Յիսուս որդին» գիրքը: Ամստերդամի հայկական համայնքի հոգեւոր հովիվ տեր Տաթեւ քահանա Հակոբյանի խոսքով, Ամստերդամի տպարանի 350-ամյակի եւ գրատպության 500-ամյակի կապակցությամբ Էջմիածնում երկու օր շարունակ տեղի ունեցավ գիտաժողով, որ վերջացավ երեկ, եւ որի մասնակիցներն այսօր մեկնեցին Շուշի` տպագրիչների հոգեհանգստյան արարողություն կատարելու նպատակով: Նա բոլորի ուշադրությունը հրավիրեց ներկայացված «Համատարած աշխարհացույց» քարտեզի վրա, որովհետեւ այն գրեթե նույնությամբ կրկնում են նույն ժամանակաշրջանի մյուս երկրների քարտեզները:

Կահիրեի թեմական ժողովի ատենադպիր, հայ օգնության միության անդամ Սուրեն Բաղրամյանը այսօր Մատենադարանին նվիրաբերեց 169 անուն թերթերից, ձեռագրերից, հնատիպ գրքերից ու ամենատարբեր փաստաթղթերից բաղկացած իր հավաքածուի մի մասը: «Այս անգամ առիթ եմ ունեցել ինձ հետ բերելու երաժշտական բնույթի նոթագրություններ, 9 ձեռագրեր, 25 էջանոց մի գրույք` 1678թ-ի արձանագրությամբ, հին աղոթագրքեր եւ այլ արժեքավոր փաստաթղթեր»,- ասաց եգիպտահայ բարերարը` ավելացնելով, որ հայրենիք իր հաճախակի այցելությունների պարտադիր մասն են կազմում հանդիպումները, այցելությունները Ազգային գրադարան, Ծիծեռնակաբերդ, Ազգային արխիվ:

Դիտվել է 4809 անգամ:
Print Friendly

Leave a Reply