Վարչապետն այցելել է Սյունիքի մարզ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 9, 2010 20:47

Այսօր Սյունիքի մարզում իրականացվեցին մաքրման աշխատանքներ, կազմակերպվեց ծառատունկ, որոնց մասնակցեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Կառավարության ղեկավարի առաջին կանգառը մարզի Շինուհայր համայնքում էր։ Ծառատունկից առաջ վարչապետը հանդիպեց տեղի բնակիչներին։ Ողջունելով նրանց` Տ. Սարգսյանը նշեց, որ պայմանավորվածություն կա, որ «Մաքուր հայրենիք» ծրագրի շրջանակներում ՀՀ բոլոր մարզերում նման միջոցառումներ իրականացվեն։ «Այս անգամ մենք նմանատիպ աշխատանքներ ենք իրականացնում Սյունիքի մարզում եւ հույս ունենք, որ այս շարժումը կտարածվի բոլոր մարզերում»,- ասաց Տ. Սարգսյանը։
Նրա խոսքով` բոլորը պետք է ավելի ուշադիր լինեն կենցաղավարության մեջ, մաքուր պահեն շրջապատը։ «Ես ուրախ եմ, որ այս անգամ «Միասին» շարժմանը միացել են բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, եւ այս ծրագիրը գնալով ընդլայնվում է»,- նշեց Տ. Սարգսյանը։
Շինուհայր համայնքում ծառատունկ իրականացնելուց հետո ՀՀ վարչապետը եղավ Տաթեւի վանական համալիրում էր, որի հարակից տարածքում եւս իրականացվեց ծառատունկ։ Վարչապետը շրջեց վանական համալիրով, մոմ վառեց, որից հետո ծանոթացավ Տաթեւի ճոպանուղու փորձարկման աշխատանքներին։
Տ. Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ վերջին աշխատանքներն են իրականացվում, որպեսզի մեկ շաբաթ անց այն հնարավոր լինի ճոպանուղին շահագործման հանձնել։ Միաժամանակ լայն թափով իրականացվում է Տաթեւի վանական համալիր տանող ճանապարհների վերականգնումը։ «Եթե եղանակը բարեհաճ լինի, ապա ամբողջությամբ ճանապարհների վերականգնման աշխատանքները կավարտվեն նախանշված ժամկետում։ Բացի այդ` պետք է համապատասխան պայմաններ ստեղծվեն, որպեսզի մեկ շաբաթ անց 500-ից ավելի հյուրեր հնարավոր լինի ընդունել»,- ասաց ՀՀ վարչապետը։ Տ. Սարգսյանը, անդրադառնալով ճոպանուղուն, նշեց, որ այն բացառիկ է եւ գործարկումից հետո անպայման աշխարհի տուրիստական քարտեզներում կհայտնվի։ Ըստ նրա` Տաթեւի ճոպանուղու առկայությունը, վանական համալիրի վերականգնումը կարեւոր նշանակություն կունենա զբոսաշրջության զարգացման գործում։
«Մաքուր հայրենիք» ծրագրի շրջանակներում Սյունիք էին ժամանել նաեւ ՀՀ կառավարության անդամներ, «Միասին» շարժման եւ այլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Դիտվել է 1925 անգամ:
Print Friendly

Leave a Reply