Օբաման կոչ է արել Չինաստանին ազատ արձակել նոբելյան մրցանակակրին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 9, 2010 1:11

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման դիմել է Չինաստանի իշխանություններին`կոչ անելով  ազատ արձակել չինացի իրավապաշտպան Լյու Սյաոբոյին, ով հոկտեմբերի ութին Նոբելյան կոմիտեի որոշմամբ արժանացել է Խաղաղության մրցանակին` Չինաստանում մարդու հիմնարար իրավունքների  երկարատև պայքարի համար:

 Նախագահ Օբամայի խոսքով, վերջին երեսուն տարիների ընթացքում Չինաստանը  հսկայական առաջընթաց է գրանցել  տնտեսության և մարդկանց կյանքի բարելավման ոլորտներում` միաժամանակ նշելով, որ մարդու հիմնարար իրավունքները պետք է հարգվեն:

Ավելի վաղ նոբելյան մրցանակակրին ազատելու կոչով հանդես է եկել Դալայ-լաման: Տիբեթի բուդդայականների հոգևոր առաջնորդը նշել է, որ Նոբելյան կոմիտեի կողմից Լյու Սյաոբոյի վաստակը ընդունելը վկայում է այն մասին, որ միջազգային հանրությունը լսել է Չինաստանում բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտության վերաբերյալ ավելի ու ավելի բարձրաձայնվող կոչերը:

Լյու Սյաոբոն, որ իր երկրում կրում է տասնմեկամյա բանտարկություն`պետական իշխանափոխության դրդման մեղադրանքով, իրավապաշտպան ակտիվ գործունեություն է սկսել դեռևս 1980-ականներից: Նա առաջին անգամ բանտ  է ընկել Տյանանմեն հրապարակում 1989թ. անցկացված բողոքի ակցիային մասնակցելու պատճառով: Հետագայում նա երեք տարի անց է կացրել աշխատանքային ճամբարներում: Հերթական անգամ նա ձերբակալվել է 2008 թ.  դեկտեմբերին այն բանից հետո, երբ ստորագրել է “Խարտիա 08”-ը` չինական մտավորականության` մարդու համընդհանուր իրավունքների  աջակցման  հռչակագիրը:

Հիշեցնենք, որ 1989 թ. խաղաղարար գործունեության համար Նոբելյան մրցանակի է արժանացել նաև Դալայ-լամա  XIV-ը, ում Չինաստանում համարում են դավաճան` Տիբեթին ավելի մեծ ինքնավարություն տրամադրելու պայքարի համար:

Դիտվել է 925 անգամ:
Print Friendly

Leave a Reply