Հայաստան ժամանեց Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին

Պաշտոնական, Օրվա լուր | | October 8, 2010 21:19

Հոկտեմբերի 8-ին երկօրյա աշխատանքային այցով Հայաստան ժամանեց Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի գլխավորած պատվիրակությունը:

Ազգային ժողովում տեղի ունեցավ առանձնազրույց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ ԻԻՀ խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի միջեւ:

Փաստելով երկու երկրների միջեւ գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունները` կողմերը կարեւորեցին միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը, ինչը կնպաստի երկկողմ կապերի ամրապնդմանը եւ փոխգործակցության խորացմանը բազմաթիվ ուղղություններով: Նշվեց, որ երկու երկրների ջերմ հարաբերությունների ձեւավորմանը նպաստում է օրենսդիր մարմինների համագործակցությունը եւ այս համատեքստում կարեւորվեց բարեկամության պատգամավորական խմբերի գործունեությունը: Խորհրդարանների ղեկավարները նշեցին , որ հայ-իրանական համագործակցությունը նպաստում է տարածաշրջանային խաղաղության եւ կայունության ամրապնդմանը, կարեւորեցին տնտեսական փոխգործակցութան ակտիվացումը եւ կոնկերտ ծրագրերի իրականացումը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաեւ տարածաշրջանային խնդիրներին:

Առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվեց ընդլայնված կազմով:

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ողջունելով հյուրերին` անդրադարձավ 2009 թվականի սեպտեմբերին ԻԻՀ կատարած պաշտոնական այցին եւ կարեւորեց այդ ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները: ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ փոխայցելությունները նպաստում են երկու երկրների ու ժողովուրդների միջեւ կապերի ամրապնդմանը, եւ Ալի Լարիջանիի այցով երկկողմ հարաբերություններն ավելի կակտիվանան:

Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին կարեւորեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ` Իրան կատարած այցը, նշելով, որ այն իր մեջ ներառում էր երկու երկրների հարաբերությունների ակտիվացման բանալին: Նա դրական գնահատեց այդ այցը, որը նպաստեց նաեւ տնտեսական հարաբերությունների ակտիվացմանը:

Հանդիպմանը կարեւորվեց տնտեսական կապերի սերտացումը եւ այդ ոլորտում նախանշված ծրագրերի իրականացումը: Երկուստեք նշվեց, որ միջխորհրդարանական հարաբերությունները գտնվում են բավական բարձր մակարդակի վրա, ինչը լավ հնարավորություն է ստեղծում նպաստել նախատեսված ծրագրերի իրականացմանը: ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կարեւոր համարեց այն ծրագրերի իրագործումը, որոնք կնպաստեն տնտեսության աշխուժացմանը:

Անդրադարձ կատարվեց նաեւ տարածաշրջանի երկրների փոխհարաբերություններին եւ առկա խնդիրներին: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը ցանկանում է խաղաղ ապրել հարեւանների հետ, եւ խնդիրները պետք է լուծել բանակցությունների միջոցով: Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտությանը, ԱԺ նախագահն ասաց, որ այն պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, եւ շատ կարեւոր է ԼՂՀ իշխանություններին ներգրավել բանակցություններում: Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց ԼՂ հարցում Իրանի իշխանությունների անկողմնակալ դիրքորոշման համար: Իրանի խորհրդարանի նախագահը նշեց, որ խնդիրը պետք է լուծվի երկուստեք ընդունելի տարբերակով: Անդրադարձ եղավ նաեւ հայ-թուրքական հարաբերություններին:

Ալի Լարիջանիի գնահատմամբ` Իրանի եւ Հայաստանի համագործակցությունը կարող է հաջողված կամուրջ լինել տարածաշրջանի զարգացման եւ առաջընթացի համար: ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Իրանը բարեկամ երկիր է Հայաստանի համար, եւ ամեն ինչ կարվի, որ Իրանի հետ հարաբերություններն ավելի զարգանան:

Հանդիպման ավարտին Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին գրառում կատարեց պատվավոր հյուրերի գրքում, այնուհետեւ երկու երկրների խորհրդարանների պատվիրակությունները համատեղ լուսանկարվեցին:

Դիտվել է 1977 անգամ:
Print Friendly

Leave a Reply