Ըստ Վահան Հովհաննեսյանի, հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը ՙձախողում էր, խայտառակ ձախողում՚

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 8, 2010 20:15

ՙԹուրքիայի հետ խոսել պետք է, մենք երբեք դրան դեմ չենք եղել, բայց պետք չէ ժամանակից շուտ ոգևորվել ու հրապարակավ անել հայտարարություններ, որոնք տանում են ծուղակը, ինչը տեղի ունեցավ անցած տարի՚,- հոկտեմբերի 8-ի ճեպազրույցում հայտարարեց Ազգային ժողովի ՙՀՅԴ՚ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննեսյանը: 2009 թ.-ի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների կապակցությամբ նա ասաց. ՙԵս կարծում եմ` ձախողում էր, խայտառակ ձախողում, և այդ ձախողումից դուրս գալու միակ ձևը, արդեն ուշացած իհարկե, բայց առնվազն դեռ հնարավոր, դա մեր ստորագրությունների հետ քաշելն է ցյուրիխյան արձանագրություններից՚:

Նա չհամաձայնեց ԱԺ փոխնախագահ, հանրապետական Սամվել Նիկոյանի վերջերս հայտնած այն տեսակետի հետ, թե, չնայած մեկ տարում արձանագրությունները կյանքի կոչելու հարցում արձանագրված հետընթացին, Հայաստանի միջազգային հեղինակությունը բարձրացավ: ՙՀեղինակության բարձրացումը պետք է նշանակի, որ երկիրդ բարձրացած հեղինակությամբ նորանոր նվաճումներ արձանագրի միջազգային ասպարեզում, տնտեսական կյանքում: Այդ հեղինակության բարձրացումը պետք է նշանակի, որ բազմաթիվ միջազգային խոշոր ֆինանսական, տնտեսական կազմակերպություններ, ֆիրմաներ պետք է հեղինակությունը բարձրացած երկիր վազեն իրենց ներդրումներով, պետք է այդ հեղինակության աճն անդրադառնա միջազգային կազմակերպություններում շրջանառվող, ընդունվող բանաձևերի վրա: Այս առումով ես և ոչ մի դրսևորում մեր հեղինության աճի չեմ տեսնում՚,-ասաց դաշնակցական պատգամավորը:

Ըստ նրա, տնտեսական վիճակը վատանում է, ներդրողներ Հայաստան չեն գալիս, այլ, շրջանցելով Հայաստանը, գնում են Վրաստան, և տարբեր միջազգային կազմակերպություններում ոչ հայանպաստ բանաձևերի քննարկումն ու ընդունումը բացարձակապես չի վկայում այն մասին, որ մեր միջազգային հեղինակությունը բարձրացել է: Նրա համոզմամբ, իսկ Թուրքիայի հեղինակությունը բարձրացել է այս ընթացքում, և այսօր ցանկացած միջազգային կազմակերպություն, անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահողները սկսել են հաշվի առնել Թուրքիայի տեսակետը ղարաբաղյան հարցում, Հայաստանի նկատմամբ Թուրքիայի առաջ քաշած նախապայմանները, պահանջներն էլ բացահայտորեն չեն քննադատվում:

Գայանե Մելիքյան

Դիտվել է 1013 անգամ:
Print Friendly

Leave a Reply