Ժառանգության՚ դիրքորոշումն անփոփոխ է. հայ-թուրքական արձանագրություններն անհապաղ պետք է դուրս բերվեն ՀՀ պաշտոնական օրակարգից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 8, 2010 20:12

ՙԺառանգության՚ դիրքորոշումն անփոփոխ է. 2009 թ.-ի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայթուրքական արձանագրություններն անհապաղ պետք է դուրս բերվեն ՀՀ պաշտոնական օրակարգից: Այս մասին հոկտեմբերի 8-ի ճեպազրույցում հայտարարեց Ազգային ժողովի ՙԺառանգություն՚ խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:

Ըստ ընդդիմադիր պատգամավորի, թեև Հայաստանի արտգործնախարարը ԱԺում հերքեց, որ Շվեյցարիայի միջնորդությամբ նոր գործընթաց է սկսվել, սակայն միջազգային մամուլում եղած հրապարակումների հիման վրա կարելի է փաստել, որ ՙկա անթաքույց ցանկություն վերակենդանացնել այս մեռելածին արձանագրությունները, և, ինչպես պարոն Գյուլն է ասում, լուռ դիվանագիտությամբ լուծել հայկական հարցը՚: ՙԱնհեթեթությունը նրանում է, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է իրեն թույլ տալ իր խորհրդարանի օրակարգում այսքանից հետո պահել այդպիսի արձանագրություններ, բայց չհամարձակվել իր օրակարգ ներառել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման հարցը՚,-ասաց Ս.Սաֆարյանը:

Նա չհամաձայնեց ԱԺ փոխնախագահ, հանրապետական Սամվել Նիկոյանի վերջերս հայտնած այն տեսակետի հետ, թե, չնայած մեկ տարում արձանագրությունները կյանքի կոչելու հարցում արձանագրված հետընթացին, Հայաստանի միջազգային հեղինակությունը բարձրացավ: ՙԵթե հեղինակության բարձրացում կարող է տեղի ունենալ մեր ազգային իրավունքների զիջման կամ այդ ճանապարհով գնալու հաշվին, ապա մեզ ամենևին պետք չէ միջազգային դերի և հեղինակության նման բարձրացումը՚,-ասաց ՙԺառանգություն՚ խմբակցության ղեկավարը:

Գայանե Մելիքյան

Դիտվել է 970 անգամ:
Print Friendly

Leave a Reply