«Ախ, երանի կարողանայի ժամանակը հետ տալ, տղաս էդ ինքնաթիռը չնստեր»

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | July 15, 2009 21:20

Մայրը սգում է զոհված որդու մահը«10 անգամ նայեցի, Ռազմիկի անունը չկա»,- ասում էր կործանված ինքնաթիռի ուղևորների նախնական ցուցակներում հարազատի անունը չգտնող քաղաքացիներից մեկն ու չգիտեր` արժի ուրախանալ, թե ոչ: «Աղջիկ ջան, մի հատ էլ դու նայի էլի, կարող ա ես չեմ տեսնում»,- դիմում է ինձ:

Զվարթնոց օդանավակայանում փակցված ցուցակները նախնական են և կիսատ, հայտարարված 168 զոհերից կա ընդամենը 129-ի անունը: Հուզված ու դողացող մատների շարժումներով հավաքվածները փորձում են իրենց հարազատների անունները գտնել: Ոմանք վշտից հեկեկում են, գոռում, երբեմն կոպտում լրագրողներին, ովքեր փորձում են իրենց աշխատանքը կատարել`հարցուփորձ անել ու ինֆորմացիա հաղորդել, լուսանկարվածները սպառնում են դատի տալ լուսանկարողին, բուժաշխատողները փորձում են օգնել ցավից անկառավարելի դարձած  հարազատներին:

Լարված սպասման մեջ են նաև ինքնաթիռի անձնակազմի 2 հայազգի անդամների հարազատները:

«Եղբայրս զանգեց, ասաց, որ գանք դիմավորենք: Ժամը 12-ին պիտի հասած լինեին, աէրոպորտում իմացանք` ինչ ա պատահել»,- պատմում է ավիատեխնիկ Գրիգոր Բարսեղյանի եղբայրն ու ցույց տալիս զոհված եղբոր որդուն: «Պապաս Իրանում էր աշխատում, ինքը օդաչուի կաբինում ա եղել»,-ասում է որդին ու լռում. ցուցակում հոր անունն էլ չկա:

Հորեղբոր ճակատագրով հետաքրքրվելու համար օդանավակայանում է նաև Սուրեն Սողոմոնյանի եղբորորդին. փորձում են կապվել Իրանի ավիաուղիների հետ ու տեղեկություն ստանալ, բայց չեն պատասխանում:

«Ա~խ, երանի կարողանայի ժամանակը հետ տալ, տղաս էդ ինքնաթիռը չնստեր»,-լալիս է ՀՀ մեկ այլ քաղաքացու հայրը և չի կարողանում խոսքն ավարտել, շոկային վիճակու տեղափոխում են հիվանդանոց:

Լրագրողներից որևէ մեկը չի համարձակվում մոտենալ վշտահար իրանահայ կնոջը. միայն ասում են, որ օդանավում եղել է նրա երեխան՝ քրոջ ու քրոջ զավակի հետ:

«Զավակիս, զավակիս եմ ուզում, իրեն ոչ մի բան պատահած չի լինի»,-ասում է նա ու լալիս. նրան հանգստացնել անզոր են անգամ հուզված բուժաշխատողները:

Դիտվել է 2537 անգամ:
Print Friendly

Leave a Reply