Օգտակարը զուգորդելով հաճելիին

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | October 17, 2010 0:08

Երևանի Հրազդանի կիրճում գտնվող «Օրանժ ֆիթնես» ակումբը, թեև ընդամենը երկու տարվա կենսագրություն ունի, սակայն արդեն հասցրել է հաճելի վայր դառնալ շատերի համար: Մեր երկրում քիչ են առողջարարական կենտրոնները: Եվ հետաքրքրում է, թե այն ի՞նչ հարմարություններ, հնարավորություններ ունի, բնակչության ո՞ր խավերին է հրապուրում, ի վերջո, ձեռնտո՞ւ է մեծ փողեր ծախսելով` այսպիսի կենտրոն հիմնելը, արդյոք փոխհատուցվո՞ւմ են ծախսերը:

Ակումբի կառավարիչ Կարինե Փամբուկյանը հայտնեց, որ նպատակը եղել է՝ ստեղծել մի կենտրոն, որը սիրելի վայր դառնա տարբեր ընտանիքների բոլոր անդամների, նաև տարբեր կոլեկտիվների համար: Խնդիր է դրվել, որ ակումբին անդամագրվողները ոչ միայն կոփեն առողջությունը, այլև հանգստանան, մտերմիկ միջավայրում ժամանակ անցկացնեն: Թերևս, դրանով է բացատրվում, որ  ակումբում բոլոր հարմարությունները կան ոչ միայն տարբեր մարզաձևերով (լող, ատլետիզմ, ռիթմիկ մարմնամարզություն, մինի ֆուտբոլ, սեղանի թենիս, թենիս, բռնցքամարտ, կարատե, վոլեյբոլ, բասկետբոլ) զբաղվելու, այլև առանց ժամանակ վատնելու առօրեական կենցաղային հարցեր լուծելու համար:

«ՍՊԱ» ծառայությունը հնարավորություն է տալիս օգտվելու վարսահարդարման, մատնահարդարման, տարբեր տեսակների  մերսման (շոկոլադով, ցեխով, ջրի տակ և այլն) ծառայություններից: Նաև գրադարան է հիմնվել, սրճարաններ, սննդի տարբեր կետեր են գործում, որոնցում կարելի է հագեցնել քաղցը, պարզապես սուրճ կամ թեյ խմել: Ընդարձակ հարկաբաժին է զբաղեցնում մանկապարտեզը, որտեղ, մասնագետի հսկողությամբ, երեխաները կարող են տարբեր խաղերի մասնակցել, քանի դեռ նրանց ծնողները պարապում են, ժամանակ են անցկացնում: Ի դեպ, ավագ տարիքի երեխաները նույնպես կարող են պարապմունքների մասնակցել բարձրակարգ մարզիչների ղեկավարությամբ: Իսկ մեծահասակներին պարապմունքներում ներգրավելուց առաջ բժշկական քննության ենթարկվելու պարտադիր պահանջ չի ներկայացվում, քանի որ կենտրոնն ունի իր բժիշկը:

Տարածքը մեծ է` 7 հազար քմ: «Օրվա ընթացքում մարդիկ աշխատանքով, տարբեր հոգսերով են զբաղված, և կենտրոնը սիրելի վայր է  դառնում, քանի որ հնարավորություն է տալիս այստեղ  հագուրդ տալու մարզական նախասիրություններին և միաժամանակ ընտանիքներով ժամանակ անցկացնել: Դժվար է ասել, թե ավելի շատ որ մարզաձևերն են հրապուրում:  Գոյություն ունեն թենիսի ավազե և արհեստական ծածկով կորտեր, որոնցում միջազգային մրցաշարեր են կազմակերպվում: Ձգում է նաև լողավազանը, որի ջուրը մաքրվում է օզոնային եղանակով, այնպիսի ժամանակակից սարքավորումներով, որոնց շնորհիվ  ջրի անաղարտության ապահովման համար օրգանիզմը վնասող քիմիական նյութեր գրեթե չեն օգտագործվում: Ջուրը շարունակ հագեցվում է թթվածնով: Ընտրվել է այն տարբերակը, որը կիրառվում է աշխարհի լավագույն լողավազաններում: Ընդ որում, այն առաջինն է ներդրվել Հայաստանում:

«Ընդարձակ մարզասրահը կահավորված է ժամանակակից վարժասարքերով, այն շատ հարմար է ատլետիկ մարմնամարզությամբ զբաղվողների համար: Աերոբիկայի մի քան տեսակի, նաև առանձին սպորտային պարերի, յոգերի մարզումների խմբեր են գործում: Ի դեպ, ձևավորվել են «Օրանժ» ակումբի տարբեր խաղաձևերի հավաքականներ, որոնք  մարտահրավեր են նետում երևանյան տարբեր թիմերին»,-ասաց Փամբուկյանը:

Ինքնին հարց կարող է առաջանալ, թե բնակչության  բոլո՞ր խավերին է մատչելի ակումբի ծառայություններից օգտվելու  հնարավորությունը: Ի վերջո, այս ամենը բիզնես է: Ուստի նախքան այն սկսելն ուսումնասիրվել է, թե ինչքանով  կենտրոնը կհրապուրի առողջ ապրելակերպի սիրահարներին: Ընդ որում, այդ ամենը կազմակերպվել է  Ռուսաստանում, մասնավորապես` Մոսկվայում գտնվող համանման կենտրոնի փորձի հիման վրա: Եվ Ռուսաստանի ներկայացուցիչները բացել են իրենց բոլոր գաղտնիքները, սովորեցրել, թե ինչպես պետք է վարել աշխատանքը, նաև պարբերաբար մասնագետներ են գործուղում Հայաստան մարզիչների հետ սեմինարներ անցկացնելու, նրանց վերապատրաստելու համար: Իհարկե, այդ ամենն անվարձահատույց չի մնում: Հայկական կենտրոնը տարեկան վարձավճար է հատկացնում ռուսական կառույցին: «Օրանժ ֆիթնես»  ակումբի կառավարիչը չթաքցրեց, որ հատուկ խնդիր դրված չի եղել, որ բնակչության լայն խավերի համար այս կենտրոնը մատչելի լինի: Սակայն չի կարելի ասել, թե այն միայն ամենաունևորների համար է: Ներկայումս այն մատչելի է բնակչության շուրջ 30-40 տոկոսին: Բացատրությունն այն է, որ այս ամենի նախաձեռնողները չեն ցանկացել գերշահույթ ստանալու նպատակով իջեցնել մատուցվող ծառայությունների մակարդակը և ուղղակի մասսայականորեն ընդունել բոլոր այցելուներին:

Փամբուկյանն ասաց, որ «էլիտար» ասվածն իր սրտովը չէ, իսկ ճշմարտությունն այն է, որ ամեն ինչ բարձր մակարդակով կազմակերպվի, ակումբում կատարյալ մաքրություն և կարգուկանոն տիրի, որպեսզի մարդիկ իրենց զգան ինչպես տանը: Այդ նպատակով ավտոմեքենաների համար երկհարկանի ավտոկանգառ է կառուցվել, իսկ  այցելուները ներս մտնելիս կոշիկների վրա մեկուսացնող պարկեր են հագնում, որպեսզի իրենց հետ կեղտ ու վարակ չբերեն:

Ասվեց, որ  գնային այնպիսի ճկուն  քաղաքականություն է վարվում, որ մարդիկ չդժվարանան տարեկան վարձավճարը տրամադրելուց, նույնիսկ մուծումներ կարելի է կատարել ամիս առ ամիս: Զեղչեր են կիրառվում, երբ ընտանիքներով, կոլեկտիվներով են ակումբին անդամագրվում,  նաև ակումբի ծառայությունից օգտվելու համար արտոնյալ պայմաններ են ստեղծվում: Մասնավորապես, ներկայումս նոր մոտեցում է դրսևորվում: Ինչքան երկար ժամկետով են պայմանագրեր կնքվում ակումբ հաճախելու համար, այնքան ավելի է նվազում աբոնեմենտների վճարի գումարը: Ակումբի կառավարիչն ասաց, որ դա հատկապես կարևոր է այն առումով, որ այցելուներն ավելի շատ են կապվում և նրանց համար մարզումների հաճախելը դառնում է առօրյայի անբաժան մաս: Իսկ դա փոխշահավետ է,  աստիճանաբար ավելանում է այն ընկերությունների թիվը, որոնք իրենց աշխատողներին հնարավորություն են տալիս մարզվելու համար ակումբ հաճախել:

Մեր այն հարցին`այդ մեխանիզմը Հայաստանում գործում է, թե ոչ, կառավարիչը պատասխանեց, որ աստիճանաբար այդպիսի մշակույթ  ձևավորվում է: Բանն այն է, որ արտասահմանում այն շատ տարածված է, և մեր երկրում էլ աստիճանաբար դրա կարևորությունը գիտակցվում է: Հայաստանում ընդունված է  այն տարբերակը, որ ընկերությունները փոխանցում են պարապմունքների համար նախատեսված վարձավճարի մի մասը, մյուս կեսը հոգում են մարզվողները: Ի դեպ, հարուստ կազմակերպություններից մի քանիսն ընդհանրապես ֆինանսական վճարումներ կատարելու հոգսից ազատում են իրենց աշխատակիցներին և ամբողջովին վճարում են աբոնեմենտի արժեքը: Ընդ որում, առավոտյան ժամերին և ցերեկը մարզումների հաճախելն ավելի էժան է, քան երեկոյան ժամերին: Տարբերությունը կրկնակի է:

Այդուհանդերձ, Փամբուկյանը խոստովանեց, որ դեռ անելիք շատ կա: Նա ամենևին էլ այն կարծիքին չէր, թե բոլոր խնդիրները ակումբի ներկայացուցիչները հաղթահարել են: Մասնավորապես, եթե արտասահմանում «ՍՊԱ» ծառայության սիրահարները շատ են, ապա մեր երկրում զարմանալիորեն այն այդպիսի վերաբերմունքի չի արժանանում: Թերևս չիմացությունից է: Եվ ակումբի ներկայացուցիչներն ակցիաներ են կազմակերպում, տարբեր, հատկապես ծննդյան օրվա առիթով մարդկանց նվիրում են ակումբի այդ ծառայությունից անվճար օգտվելու քարտեր: Նպատակն այն է, որ նրանք սովորեն, և դա անհրաժեշտություն դառնա:

Իսկ հաջողության կարևոր գումարելիներից մեկը համարվեց այն, որ անկախ զբաղեցրած դիրքից, ունեցած կարողություններից, ակումբի հարկի տակ գտնվողները միատեսակ պայմաններից են օգտվում: Այսինքն`  ամեն բան ժողովրդավարական սկզբունքներով է: Ակումբի ներկայացուցիչները կոմերցիոն գաղտինք են համարում ֆինանսական թվերի հրապարակումը: Մեր այն հարցին, թե հնարավո՞ր է` վնասով են աշխատում, Փամբուկյանը բացասական պատասխան տվեց: «Իհարկե, եկամուտներ ունենք: Սակայն դրանք օգտագործվում են թենիսը զարգացնելու համար: Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահն ամուսինս` Հարություն Փամբուկյանն է և հնարավորն արվում է, որ աշխարհում հարգի այդ մարզաձևը մեր երկրում էլ տարածվի, բարձր մակարդակ ունենա: Թենիսում արդյունքի հասնելու համար մեծ ծախսեր են պահանջվում: Եվ եթե կարողանում ենք Հայաստանում միջազգային բարձր կարգի մրցաշարեր կազմակերպել, ապա այս ակումբի  միջոցներով է: Ինչպես հայտնի է, Հայաստանի թենիսի ֆեդերացիան առաջին անգամ այս տարի պետությունից պետք է աջակցության կարգով 5 մլն դրամ ստանա, իսկ դա չնչին գումար է այս մարզաձևի մեծածավալ կարիքները հոգալու համար: Մեր ընտանիքի բոլոր անդամները ոչ միայն սիրում են թենիսը, այլև զբաղվում են: Եվ  մեր պարտքն ենք համարում, չենք ափսոսում, որ զգալի միջոցներ ենք ծախսում Հայաստանում այս մարզաձևի վիճակը փոխելու համար»,- պարզաբանեց Փամբուկյանը:

Եթե ակումբում կան պրոֆեսիոնալ խաղեր անցկացնելու թենիսի կորտեր, ապա  լողավազանի առկայությունը ստիպում է մտածել մեր երկրում հետ մնացող այդ մարզաձևը նույնպես զարգացնելու հնարավորության մասին: Սակայն կառավարիչն անմիջապես  բացառեց, որ այդպիսի ծրագիրը կարող է հաջողություն ունենալ: Բանն այն է, որ լողավազանը 25-մետրանոց է, իսկ միջազգային խոշորամասշտաբ մրցումները, օլիմպիական խաղերը  անցկացվում են 50 մ երկարություն ունեցող լողավազաններում: Բացի այդ, ակումբի լողավազանի ջրի ջերմաստիճանը բարձր է`  28 աստիճան, իսկ այդպիսի պայմաններում մարզիկներին չի թույլատրվում պարապմունքներ անցկացնել: Պրոֆեսիոնալները մարզվում են մինչև 23 աստիճան ջրում, որպեսզի առողջական խնդիրներ չունենան: Ի դեպ, Հայաստանի թենիսի տղամարդկանց և կանանց հավաքականներն անվճար օգտվում են լողավազանի ծառայությունից:

Ակումբի կառավարիչը հայտնեց, որ աշխատում են հետ չմնալ աշխարհում առողջարարական աշխատանքների ոլորտում կատարվող նորամուծություններից: Այդ նպատակով վերջերս ձեռք են բերել թանկարժեք ջրային հեծանիվներ, որոնց օգնությամբ մարզվողները ակոսում են ջրերը և, նոր մարզաձևով զբաղվելով՝ օգտակարը զուգորդում հաճելիին: Ընդ որում, պարապմունքներն ընթանում են երաժշտության ուղեկցությամբ:

Դիտվել է 3268 անգամ:
Print Friendly

Leave a Reply