Խորտակված անուրջներ

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | October 10, 2010 5:07

Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում անցկացված Շախմատի համաշխարհային օլիմպիադայում հաղթեցին Ուկրաինայի տղամարդկանց (20 միավոր) և Ռուսաստանի կանանց (22) հավաքականները: Հատկապես տպավորիչ էր վեջիններիս մրցելույթը: Այդ թիմի գլխավոր մարզիչ, գրոսմայստեր Յուրի Դոխոյանի սաները պարզապես գերազանցեցին իրենք իրենց: Նրանք անցկացրած բոլոր տասնմեկ մրցամարտերն էլ գրանցեցին իրենց օգտին և ստուգատեսի ավարտից առաջ արդեն շրջանցել էին  ուժեղ կազմեր ունեցող Չինաստանի (18) և Վրաստանի (16) հավաքականներին և իրենց համար ապահովել չեմպիոնի կոչումը:

Ինչ վերաբերում է Հայաստանի ներկայացուցիչներին, ապա թեև  նրանք իրենց գլխից վեր ցատկել չէին կարող, այդուհանդերձ հնարավորն արեցին պատվով դուրս գալու համար: Ի վերջո, նրանք տարան 7 հաղթանակ, կրեցին 3 պարտություն և, մեկ մրցամարտում ոչ-ոքի խաղալով, 15 միավորով զբաղեցրին 11-րդ տեղը: Հայաստանի կանանց հավաքականը IPCA թիմին հաղթելուց հետո (3,5:0,5) արդեն երկրորդ տուրում սայթաքեց`  զիջելով Չեխիայի ներկայացուցիչներին (1,5:2,5): Սակայն այնուհետև մերոնք տպավորիչ հաղթանակներ տարան Մակեդոնիայի (4:0), Խորվաթիայի (3,5:0,5), Հունաստանի (2,5:1,5) հավաքականների նկատմամաբ, ոչ-ոքի խաղացին Ռուսաստանի երկրոդ թիմի հետ` 2:2: Բայց հետո կատարվեց անցանկալին, մերոնք պարտվեցին ԱՄՆ-ի թիմին (1,5:2,5), որի կազմում խաղում էր Տաթև Աբրահամյանը: Ապա Հայաստանի մարզուհիները առավելության հասան Իսրայելի (2,5:1,5), Սլովակիայի (2,5:1,5) ներկայացուցիչների նկատմամբ: Եվ մրցանակակիր դառնալու հույս մնում էր: Բայց Լեհաստանի հավաքականից 1:3 հաշվով կրած պարտությունը հետ գցեց մեր թիմին: Իսկ վերջին տուրում  Սլովակիայի ընտրանու նկատմամբ տարած տպավորիչ հաղթանակը (3,5:0,5) գործին ոչնչով չէր կարող օգնել:

Եթե Հայաստանի կանանց հավաքականի այս արդյունքը օրինաչափ  է, ապա  մեր երկրի շախմատիստների հավաքած 16 միավորով 7-րդ տեղը զբաղեցնելը միայն անբավարար կարելի է համարել: Բանն այն է, որ մեր երկրի` շախմատի վերջին  երկու օլիմպիադաների չեմպիոն ներկայացուցիչներից շատ ավելին էին սպասում: Եվ այն հանգամանքը, որ նրանք անգամ եռյակում չեն, վկայում է այն մասին, որ ձախողումը կատարյալ է: Իսկ առաջին երեք տեղերը գրավեցին Ուկրաինայի (19 միավոր), Ռուսաստանի առաջին (18 ) և Իսրայելի (17 ) հավաքականները:

Ի դեպ , մեկնարկը մերոնց համար խոստումնալից էր: Հայաստանի հավաքականը սկսեց 5 անընդմեջ հաղթանակով` առավելության հասնելով Կոստա Ռիկայի (3:1), Ավստրալիայի (3,5:0,5), Թուրքիայի (3,5:0,5), Ռուսաստանի երրորդ (2,5:1,5), Ռուսաստանի երկրոդ հավաքականների (2,5:1,5) նկատմամբ: Բայց 6-րդ տուրում մերոնք առաջին կորուստն ունեցան` 2:2 հաշվով ավարտելով հանդիպումը Վրաստանի շախմատիստների հետ: Ցավոք, հաջորդ տուրում ավելի անցանկալին տեղի ունեցավ: Հայաստանի ընտրանին 1,5:2,5 հաշվով պարտվեց Ադրբեջանի հավաքականի հետ սկզբունքային խաղում: Մերոնց անհարմար վիճակում գցեց Փաշիկյանի Հուսեյնովից կրած պարտությունը: Մրցամարտի մյուս երեք պարտիաներում խաղաղ արդյունք գրանցվեց: Թերևս, այս անհաջողությունից հետո մերոնք չկարողացան ուշքի գալ: Թեև Հայաստանի հավաքականը  հաղթեց Լեհաստանի ընտրանուն (2,5:1,5), սակայն հետո նույն հաշվով պարտվեց Ռուսաստանի առաջին հավաքականին: Եվ պարզ դարձավ, որ Հայաստանի ներկայացուցիչները ոչ միայն այլևս չեմպիոն չեն կարող դառնալ, այլև երջանիկ պատահականությամբ անմասն չեն մնա խաղարկված մեդալներից: Այնպես որ, հետո մերոնք թեև հաղթեցին Չեխիայի (2,5:1,5) հավաքականին և ոչ-ոքի (2:2) ավարտեցին հանդիպումը ֆրանսիացիների հետ, այդուհանդերձ մնացին ձեռնունայն:

Հիմնական պատճառն այն է, որ բացի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանից, մեր թիմի մյուս բոլոր անդամներն էլ իրենց հնարավորություններից ցածր հանդես եկան: Իսկ առաջին խաղատախտակի վրա պարտիաներն անցկացրած Լևոնը ցույց տվեց երկրորդ արդյունքը: Նա 10 հնարավորից վաստակեց 7,5 միավոր և զիջեց միայն ուկրաինացի  Վասիլի Իվանչուկին(10 հնարավորից` 8 միավոր): Ի դեպ, Հայաստանի կանանց հավաքականի առաջատարն առաջին խաղատախտակի վրա  նույնպես երկրորդն էր` 11 հնարավորից 7,5 միավոր: Ինչևէ, կատարվածը կքննարկվի: Ակնհայտ է, որ Հայաստանի տղամարդկանց հավաքականը համալրման կարիք ունի: Թերևս ժամանակն է, որ թիմ հրավիրվի Սլովակիայի հավաքականի առաջատար Սերգեյ Մովսիսյանը, որի առջև ժամանակին փակվել էին Հայաստանի հավաքականի դռները: Սխալը պետք է ուղղել:

Դիտվել է 1298 անգամ:
Print Friendly

Leave a Reply