Ավագ դպրոցը` նոր կյանքի և հոգեբանական խնդիրների սկիզբ

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | October 12, 2010 1:30

10-րդ դասարանցի Ռուբինա Հայրապետյանը ապագա բժիշկ է և սովորում է թիվ 112 դպրոցի բնագիտամաթեմատիկական հոսքում: Ռուբինան պատմում է, որ նոր դպրոց տեղափոխվելիս վախենում էր, որ չի հարմարվի նոր միջավայրին, նոր դպրոցում ընկերներ չի ունենա, որևէ մեկի հետ չի կարողանա շփվել  ու ինքնամփոփ կդառնա: «Լավ է, որ վախս չի արդարացել: Ես թեթև բնավորություն ունեմ ու այստեղ հարմարվել եմ երեխեքի հետ»,- ասում է Ռուբինան՝ նոր դպրոցում մեկ ամիս ուսանելուց հետո:

Չնայած Ռուբինան արդեն նոր ընկերներ ունի և հարմարվել է նոր միջավայրին, իրեն դեռևս այս դպրոցում յուրային չի համարում. «Նախկին դպրոցս չեմ մոռացել, կարոտում եմ: Ինձ շատ հաճելի է, որ նախկին ուսուցիչներս ինձ հիշում են, հանդիպելիս շատ ջերմ են ընդունում: Հույս ունեմ, որ աստիճանաբար այս դպրոցում էլ իմ տեղը կունենամ»,- ասում է նա: Պատմում է, որ ավագ դպրոց է եկել մեծ ակնկալիքներով, որոնք, սակայն, առայժմ չեն իրականացել: «Բուհ դիմելիս կենսաբանության քննություն պետք է հանձնեմ: Մտածում  էի, որ կենսաբանության ժամերը շատ պետք է լինեն, բայց իմ սպասածից քիչ են: Ինձ ասել են, որ հաջորդ կիսամյակ դասաժամերը կավելանան: Սպասում եմ»,- ասում է նա:

Մաթեմատիկական հոսքում սովորող Տարոն Ղևոնդյանը, ընդհակառակը, նշում է, որ ավագ դպրոց է եկել առանց վախի. «Շատ էի ուզում նոր շրջապատում հայտնվել»: Նա ասում է, որ գոհ է նոր միջավայրից և արդեն հարմարվել է, սակայն նախկին դպրոցը չի մոռացել. «Շատ եմ կարոտում դպրոցս ու դասարանս»:  Տարոնն ասում է, որ ավագ դպրոցում ինքն էլ, համադասարանցիներն էլ դասերին ավելի լուրջ են վերաբերվում, հիմնականում պատրաստված են գալիս: «Հիմնական դպրոցում ընդհանրապես դասերին պատրաստ չէի լինում: Ուղղակի հիմա գիտակցում եմ, որ վերջն է, ապագան սրանից է կախված,- ասում է Տարոնը,- համ էլ երևի մեծացել ենք, ամեն ինչին ավելի լուրջ ենք նայում»:

Երևանի թիվ 112 ավագ դպրոցի տնօրեն Սարգիս Քարամյանն ասում է, որ ավագ դպրոց ընդունվող երեխաների ծնողները հաճախ են գալիս, խնդրում, որ իրենց երեխան հարևանի կամ բարեկամի երեխայի հետ նույն դասարանում սովորի, մինչդեռ այդ երեխաները տարբեր մասնագիտական նախասիրություններ ունեն: Ստիպված են ծնողների հետ բացատրական աշխատանքներ տանել: Նրա խոսքով` նման խնդիրների պատճառն այն է, որ ծնողները վախենում են դպրոցի, միջավայրի փոփոխությունից: «Բայց սա անխուսափելի է: Միևնույն է, մի քանի տարի հետո երեխան կավարտի դպրոցն ու բուհ կընդունվի: Բարձրագույն ուսումնական հաստատություններ էլ հո ողջ դասարանով չե՞ն գնում, էլի նոր միջավայր է»,- ասում է Քարամյանը` հավելելով, որ դժվար է միայն ուսումնական տարվա սկիզբը, հետագայում ամեն ինչ հարթվում է. «Ուսուցիչները չեն տարբերակում մեր դպրոցի և այլ դպրոցների երեխաներին, բոլորին նույն կերպ են ընդունում, դպրոցում ստեղծում ենք համապատասխան միջավայր, որ երեխաները հարմարվեն»:

Հոգեբան Ռուբեն Պողոսյանը, սակայն, նշում է, որ իրականում միևնույն չէ, թե երեխան որ տարիքում է նոր միջավայր տեղափոխվում: Կան տարիքային զարգացման առանձնահատկություններ, որոնք էլ իրենց ազդեցությունն ունեն: Հոգեբանն ասում է, որ դեռահասը դեռևս պատրաստ չէ նոր պայմաններին. 15 տարեկան մարդն այլ նպատակներ և խնդիրներ ունի, նրան այլ պահանջներ են ներկայացվում, քան 18 տարեկան մարդուն. «18 տարեկանն արդեն մասնագիտություն է ընտրում, մինչդեռ 15 տարեկանը դեռ լիովին պատրաստ չէ դրան»:

Ըստ հոգեբանի` առհասարակ ողջ կրթական համակարգում հոգեբանական բարդություններ կան, որոնք, բնականաբար, հաղթահարման ուղիներ ունեն: Նա նշում է, որ անցումը ավագ դպրոց  առաջացնում է մի շարք խնդիրներ. նախ` այս տարիքում մարդն անցում է կատարում դեռահասությունից դեպի պատանեկություն և պետք է հաղթահարի այն գաղափարը, որ ինքն այլևս կյանքի նոր փուլ է մտնում, որտեղ պատասխանատվությունն ավելի մեծ է: «Ավագ դպրոցում ուսուցումն ավելի մասնագիտացված է, ուստի աշակերտը մասնագիտություն է ընտրում, կազմում ապագայի պլաններ, մինչդեռ դեռահաս աշակերտը նման լուրջ պլաններ չի կազմում, այլ ընդամենը կարող է երազել այս կամ այն մասնագիտության մասին»,- ասում է Պողոսյանը:

Մասնագիտության ընտրությանը հաջորդում է այն հարցը, թե որքանով է երեխան պատրաստ ավագ դպրոցում սովորելուն. այստեղ ավելի շատ գիտելիքներ են պահանջվում:  «Այսինքն` մտավոր-իմացական տեսանկյունից էլ կան դժվարություններ, երեխան անընդհատ մտածում է, թե արդյոք կհաղթահարի՞ դժվարությունները, արդյոք ճի՞շտ մասնագիտություն է ընտրել, արդյոք կհաջողվի՞ նպատակներն իրագործել,- ասում է Պողոսյանը:- Հոգեկան առողջության համար մեծ նշանակություն ունեն  նաև դպրոցական ծրագրերը:  Կարևոր է, որ ծրագրեր կազմելիս հաշվի առնեն աշակերտի հոգեկան զարգացման առանձնահատկությունները»:

Պողոսյանը նշում է, որ գրեթե միաժամանակ կատարվող այս  փոփոխությունները երեխայի  մեջ վախ են ծնում,  թե չի կարողանա համապատասխանել նոր պահանջներին, հաղթահարել դժվարությունները, և դեպի նախկինը ու իրեն ծանոթը վերադառնալու ցանկություն է առաջանում. «Սա տարիք է, երբ երեխան չի հասկանում` ինքը մեծ է, թե փոքր, տեղի են ունենում ֆիզիկական փոփոխություններ, պատասխանատվությունն աստիճանաբար աճում է, և պատանին արդեն կանգնում է այդ ամենն ընդունելու խնդրի առջև»:

Ավագ դպրոցում հուսահատություններ շատ են լինում. այն, ինչին երեխան սպասում էր  դեռահասության մաքսիմալիզմի պատկերացումներով, չի տեսնում, այլ ավելի բարդ, խիստ պահանջների է դեմ առնում. «Պարզում են, որ իրենք բավականաչափ պատրաստ չեն, և հուսահատության մեջ են ընկնում»,- ասում է հոգեբանը: Ըստ նրա`  առհասարակ երեխաները նոր պայմաններին հեշտությամբ չեն հարմարվում. նոր միջավայրում նորից տեղի է ունենում անհատականացման գործընթաց,  երեխան փորձում է հարմարվել նոր պայմաններին, ինքնուրույն հարաբերություններ ստեղծել ուսուցիչների և համադասարանցիների հետ,  այս ընթացքում կարող են առաջանալ և՛ ներքին, և՛ արտաքին կոնֆլիկտներ:

Պողոսյանը նշում է, որ  ուսուցչից է կախված նաև, թե ինչպես կընթանա այս գործընթացը. «Ե՛վ աղետալի  հետևանքներ կարող են լինել, և՛ ամեն ինչ կարող է սահուն անցնել»: Բացասական հետևանքներից խուսափելու համար պետք է գործի դրվի մանկավարժության արվեստը, նաև երեխան միշտ հսկողության տակ պետք է լինի, որպեսզի չընկճվի, ներքուստ չկոտրվի:

Նոր միջավայրը, ըստ Պողոսյանի, մի այլ խնդիր էլ կարող է առաջացնել. երեխան կարող է հետ մնալ. «Եթե  ուսուցման մեջ արդյունավետություն չի ապահովվում, երեխան հետ է ընկնում, խաթարվում են նրա անձնային այս կամ այն որակները: Նա սկսում է  շրջանցել առկա խնդիրները, այլ բնույթի հարաբերություններ ստեղծել, իրեն համապատասխան մարդկանց` չհասցնողների խումբ գտնել: Նրանք սկսում են այլ բաներով զբաղվել ու  վերանում են առկա դժվարություններից»:

Չնայած նոր միջավայրի  առաջացրած բոլոր խնդիրներին` Պողոսյանը նշում է, որ ավագ դպրոցն այլընտրանք չունի,  քանի որ դա էլ սոցիալական պահանջ է:  «Ավագ դպրոցը գլոբալիզացիայի պահանջն է:  Պետք է կարողանանք համաչափ քայլել այլ երկրների հետ: Եթե նման բարեփոխումներ չանենք, ընդհանրապես  հետ կընկնենք կրթական համակարգից»:

Նրա խոսքով`  ավագ դպրոցը պետք է լինի, «այլ հարց է, որ պետք է մտածենք այն ձևավորելու և զարգացնելու ճիշտ ուղիների մասին»:

Դիտվել է 4115 անգամ:
Print Friendly

Leave a Reply