Ձյուդոյի Հայաստանի ֆեդերացիայի նախագահն ազատեց զբաղեցրած պաշտոնը
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | October 8, 2010 13:17
Ալեքսան Ավետիսյանն ազատեց Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը և այսուհետ կկատարի Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի տեղակալի պարտականությունները: Վերջին օրերին խոսակցությունները շատ էին, որ Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի մի խումբ ներկայացուցիչներ անվստահություն են հայտնել Ալեքսան Ավետիսյանին : Եվ ահա, Երևանի «Մարիոտ Արմենիա»հյուրանոցի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի արտահերթ համաժողովը, որին ներկա էին Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մարիուս Վիզերը և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը: Սկզբում, Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Ալեքսան Ավետիսյանը ելույթ ունենալով հայտնեց, որ վար է դնում իր լիազորությունները, որպեսզի ստեղծված իրավիճակում վճիռ կայացվի, և ինչպիսին կլինի այն` իր համար ընդունելի կլինի: Եվ ահա, Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ Ալեքսան Ավետիսյանը նշանակվում է ՀԱՕԿ-ի փոխնախագահ, իսկ Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի կառավարումը կիրականացնի միջազգային ֆեդերացիայի գործուղած մասնագետը: Նրան է միանալու նաև Հայաստանի մեկ ներկայացուցիչ: Փաստորեն, երկիշխանությյուն է լինելու: Օտարերկարացի մասնագետի անունը հայտնի է դառնալու մինչև հոկտեմբերի վերջը: Նրան վարձատրելու է Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան: Հայաստան է գործուղվելու նաև օտարերկրացի բարձրակարգ մարզիչ, որի բարձր աշխատավարձը հատկացնելու է հայկական կողմը: Իսկ առայժմ Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի ղեկը ժամանակավոր ստանձնելու է ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:






Facebook
Tweet This
Email This Post
