Կհամագործակցեն Երևանն ու Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս շրջանը
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | October 8, 2010 11:42
Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը երեկ ընդունել է Ֆրանսիայի Կլամար քաղաքի քաղաքապետ, Իլ դը Ֆրանս շրջանի ընդհանուր խորհրդի փոխնախագահ Ֆիլիպ Կալտենբախին: Այս շրջանի մեջ է մտնում նաև Փարիզ քաղաքը:
Ֆրանսիացի հյուրերը Երևան են ժամանել ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական համաժողովին մասնակցելու նպատակով:
Ֆիլիպ Կալտենբախը կարևորել է համաժողովը Երևանում անցկացնելու քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի նախաձեռնությունը և նշել, որ այն էլ ավելի կնպաստի երկու երկրների միջև համագործակցության նոր ուղիների զարգացմանը: Երևանի քաղաքապետը հյուրերին ներկայացրել է Երևանի և ֆրանսիական մի շարք քաղաքների միջև արդեն ձևավորված բարեկամական հարաբերությունների շնորհիվ առկա ձեռքբերումները: Սերտ համագործակցություն է ծավալված Լիոն, Մարսել, Նիցցա և Պլեսի Ռոբինսոն քաղաքների հետ: Կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում համագործակցության հիմքեր ստեղծել նաև Երևանի և Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս շրջանի միջև կոնկրետ ծրագրերի շուրջ: Երևանն այսօր մեծ զարգացում է ապրում, ձեր քաղաքն օրեցօր է գեղեցկանում` նշել է Կլամարի քաղաքապետը:
«Երևանի քաղաքապետը շահագրգռված է, որ Երևանը զարգանա: Այդ հոգատարությունն ու մեծ ցանկությունն արդեն նկատելի է ձեր քաղաքից: Ես չորրորդ անգամ եմ այցելում Երևան և այսօր տեսա նոր շունչ ու զարգացման նոր փուլ մտած մայրաքաղաք»,- ասել է Ֆիլիպ Կալտենբախը:
Երևանի քաղաքապետը, ինչպես հաղորդում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, հյուրերին հրավիրել է հոկտեմբերի 10-ին մասնակցելու «Էրեբունի-Երևան» տոնակատարությանը:






Facebook
Tweet This
Email This Post
