Վաղը Հայաստանում հայտարարված է սուգ. ինքնաթիռի կործանման վայրում այժմ փրկարարները փնտրում են ուղևորների դիակները, որոնց մեջ կա 35 հայ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 15, 2009 18:43

Լուսանկարը`«BBC»-ից. դեպքի վայրում գտել են անձնագրի էջերԹեհրանից Երևան թռչող կործանված ինքնաթիռում եղել է 35 հայ` որից 6-ը Հայաստանի քաղաքացի, 2-ը` անձնակազմի անդամ: Զոհված ուղևորներից 2-ը եղել են վրացիներ. այս մասին Զվարթնոց օդանավակայանում հրավիրած ասուլիսի ժամանակ ասաց Քաղավիացիայի վարչության պետի տեղակալ Արսեն Պողոսյանը:

Զոհվածների թվում է նաև հայտնի իրանահայ հոգեբան, նախկինում` Իրանի խորհրդարանի անդամ Լևոն Դավթյանը, ով Իրանի հայ համայնքի ներկայացուցիչների ընկերակցության ղեկավարն է, ինչպես նաև Հայաստանում Վրաստանի դեսպանատան ֆինանսական տնօրենը:

Ինքնաթիռում է եղել նաև Իրանի ձյուդոյի պատանեկան հավաքականի 10 անդամ:

«Մենք չենք կարող հետ բերել կորուստները և մեր զորակցությունն ենք հայտնում զոհվածների հարազատներին ու մերձավորներին: Հայաստանի իշխանությունն անում է հնարավորը` օգնելու նրանց այս ծանր պահին: Դժվար է սփոփանքի ու մխիթարանքի խոսքեր գտնել մարդկանց համար, ովքեր հարազատ են կորցրել: Այս մեծ ողբերգությունը հաղթահարելու համար մաղթում եմ ոգու կորով և արիություն»,-ողբերգության կապակցությամբ ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Իրանի հյուսիսարևմտյան Ղազվին քաղաքի մերձակայքում` Թեհրանից 150 կմ հյուսիս, այսօր Հայաստանի ժամանակով ժամը 10:03 աղետի է ենթարկվել Թեհրանից Երևան թռչող Կասպիան ավիաընկերության «ՏՈՒ 154» ինքնաթիռը, որում, ըստ ՀՀ Քաղավիացիայի տվյալներով, եղել է 168 մարդ` ներառյալ անձնակազմի 15 անդամ: Կասպյան ավիաընկերության ներկայացուցիչ Առլեն Դավուդյանի խոսքով` ինքնաթիռում եղել է 2 երեխա:

Իրանահայ մամուլի նախնական տվյալներով` «ինքնաթիռը, որում եղել է 40 հայ, 1 ժամ ուշացումով է թռիչքը կատարել»: ՀՀ Քաղավիացիայի վարչության տեղեկացմամբ` հայտնի չէ, թե ինչ պատճառով է ուշացել թռիչքը:

Օդանավակայանից «Անկախ»-ի թղթակիցը փոխանցում է Արսեն Պողոսյանի խոսքը, ըստ որի` «Հայաստանի ժամանակով ժամը 12:52 օդանավը պետք է վայրէջք կատարեր Երևանում, սակայն 12:48 Թեհրանի օդանավակայանից կապվել են Զվարթնոց օդանավակայան`հայտնելով, որ ռադարում չի երևում օդանավը»:

Իրանական պետական հեռուստաընկերության տեղեկացմամբ` օդանավի ուղևորներն ու անձնակազմի բոլոր անդամները զոհվել են: Դեպքը պատահել է թռիչքից 14 րոպե հետո: Ինքնաթիռի կործանման վայրում հրդեհը մարելուց հետո այժմ փրկարարները փորձում են ուղևորների այրված դիակները դուրս բերել ինքնաթիռի մասերի տակից:

Զվարթնոց օդանակակայանից «Անկախ»-ի թղթակիցը տեղեկացնում է, որ ցուցակները դեռ ամբողջական չեն, առայժմ ցուցակում միայն 24 անձանց անուններ են ընդգծված որպես հայեր:

Այս պահին դեպքի վայրում աշխատում են հրշեջներ: Հայաստանի հանրային հեռուստատեսության տեղեկացմամբ` վթարի պատճառը եղել է շարժիչներից մեկում բռնկված հրդեհը: Թռիչքի ժամանակ ինքնաթիռում տեխնիկական խնդիրներ են առաջացել. վերջինս փորձել է վթարային վայրէջք կատարել, սակայն չի հասցրել:

Զվարթնոց օդանավակայանի ժամանումների նախկին սրահում արդեն ստեղծվել է ինքնաթիռի զոհերի մտերիմներին հոգեբանական և բժշկական օգնություն ցուցաբերող ժամանակավոր շտաբ: Զոհվածների 17 հարազատի տեղում ցուցաբերվել է բժշկական օգնություն, 1 հոգու հոսպիտալացրել են շոկային վիճակում:

Ըստ նախնական տվյալների` ինքնաթիռի անձնակազմի անդամներից երկուսը հայեր են եղել` Սուրեն Սողոմոնյան, Գրիգոր Բարսեղյան: Էջմածինցի Սուրեն Սողոմոնյանի եղբորորդին պատմել է, որ եկել էր 50-ամյա հորեղբորը դիմավորելու, սակայն օդանավակայանում իմացել է ինքնաթիռի վթարի մասին:

Թեհրան-Երեւան թռչող ինքնաթիռի վթարի հետ կապված` նախագահ Սերժ Սարգսյանն ընդհատել է իր աշխատանքային այցը Շիրակի մարզ և վերադարձել Երեւան: ՀՀ ԱԳՆ-ում ստեղծվել է թեժ գիծ` +37410562543, +37410566811 և +37410544041 (ներքին 202 կամ 217) հեռախոսահամարներով: ՀՀ նախագահականից տեղեկացնում են, որ Ազգային անվտանգության ծառայության եւ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ղեկավարները ներկայացրել են ինքնաթիռի վթարի հետ կապված մանրամասները: Որոշվել է փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի գլխավորությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով:

Սերժ Սարգսյանը այսօր հրամանագիր է ստորագրել` ՀՀ-ում 2009 թ.  հուլիսի 16-ին սուգ հայտարարելու մասին:-

Կասպիան ավիաընկերությունը գործում է շուրջ 15 տարի, որի ընթացքում երբևէ վթար չի եղել. սա առաջին դեպքն է:

«Անկախ»-ը պարբերաբար կներկայացնի դեպքի մանրամասները:

Զոհվածների նախնական ցուցակՈւղևորներ

Ավագյան Արշավիր
Բաբումյան Անուշ
Դարբինյան Լուսիկ
Տեր-Ավանեսյան Մարտիկ
Սիմոնյան Վալեհմահագ
Անտաշյան Նանա
Ասատուրյան Էդվին
Ավանեսյան Ազատ
Պողոսյան Աննա
Դավիդյան Լևոն
Ստեփանյան Նաիրի
Ստեփանյան Շողեր
Գարանյան Մելինե
Գրիգորյան Արթուր-ՀՀ քաղաքացի
Կարապետյան Մանուկ
Խաչիկ Էդվարդ
Մայիլյան Նաիրի
Մանասերյան Արշավիր
Մարգարյան Կարինե-ՀՀ քաղաքացի
Մելքոմաբքար Անի
Նավասարդյան Թազեհթան
Ներսիսյան Աշոտ-ՀՀ քաղաքացի
Սալարյան Դավուդ
Սերքիսյան Արմեն
Սիրոյան Արա-ՀՀ քաղաքացի
Թահմասյան Վարդանուշ
Թարբինյան Լուսիկ

Անձնակազմ

Բարսեղյան Գրիգոր
Սողոմոնյան Սուրեն

Դիտվել է 2753 անգամ:
Print Friendly

Leave a Reply