ԱԳՆ մամուլի խոսնակ.«Այն, ինչ անում է Ադրբեջանը, բնորոշ է ահաբեկիչներին»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 8, 2010 10:26

«Ակնհայտ է, որ Ադրբեջանի արտգործնախարարությունը ի զորու չէ հերքել այն փաստը, որ այն, ինչ անում է այդ երկիրը,  բնորոշ է ահաբեկիչներին»,- ասել է  ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը`  անդրադառնալով   Ադրբեջանի արտգործնախարարության`  Մանվել Սարիբեկյանի սպանության  մեկնաբանությանը:

«Պարոն Պոլուխովի Մանվել Սարիբեկյանի դաժան սպանությունը արդարացնելուն ուղղված հուսահատ ճիգերը եւ անհեթեթ խոսքերը սնվում են այն հանգամանքից, որ դեռեւս Սումգայիթի, Բաքվի, Կիրովոբադի, Ադրբեջանի եւ Արցախի այլ բնակավայրերի խաղաղ պայմաններում անմեղ բնակչության ջարդերի կազմակերպիչներն անպատիժ են մնացել: Այն հանցագործներն էլ, որոնք բանտարկված էին, Ադրբեջանի անկախությունից անմիջապես հետո ազատ արձակվեցին եւ հերոսացվեցին ու մեծարվեցին:

Այդ անպատժելիությունից ոգեւորված Ադրբեջանի իշխանությունները գնացին ավելի հեռու` էթնիկական զտումների, միջազգային ահաբեկչական ցանցերի գրոհայիններին օգտագործելով լայնածավալ ագրեսիա ծավալեցին Հայաստանի ու Արցախի դեմ:

Այսօր էլ Ադրբեջանը իրեն անպատժելի է զգում եւ հենց այդ պատճառով շարունակում է իրականացնել եւ ծրագրել նոր ոճրագործություններ»,- ասել է Բալայանը:

Դիտվել է 822 անգամ:
Print Friendly

Leave a Reply