Անվստահություն` ֆուտբոլային մրցավարներին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 8, 2010 8:49

Որակազրկվել են ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի խաղերը սպասարկող մրցավարները: Պատճառը` նրանց նկատմամբ առաջացած անվստահությունն է: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը ֆեդերացիայի շտաբ-բնակարանում հանդիպում է ունեցելՀայաստանի բարձրագույն խմբի առաջնության մասնակից ակումբների ղեկավարների հետ: Նպատակը մրցավարության ոլորտում առկա խնդիրների քննարկումն է եղել:
Հայաստանի ֆուտբոլային գերատեսչության ղեկավարը հայտարարել է, որ դժգոհ է բարձրագույն խմբի առաջնության հանդիպումները սպասարկող մրցավարների աշխատանքից: Նա ակումբների ղեկավարներին տեղեկացրել է, որ, նկատի ունենալով առաջացած բարդ իրավիճակը, որոշում է կայացվել հրաժարվել բարձրագույն խմբի հանդիպումները սպասարկող մրցավարների ծառյությունից և այսուհետ նրանց չվստահել վարելու Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության խաղերը: Որպեսզի մրցաշարը վտանգի տակ չհայտնվի, նա առաջարկել է հանդիպումների սպասարկման գործը վստահել մանկապատանեկան առաջնություններում գործող մրցավարներին` հույս հայտնելով, որ վերջիններս կձգտեն առավելագույնս անաչառ վարել խաղերը` մրցավարական կարիերայում առաջընթացի բացառիկ հնարավորությունը լավագույնս օգտագործելու համար և խնդրել է ակումբի ղեկավարներին աջակցել երիտասարդ մրցավարներին:
Քանի որ Հայաստանի բարձրագույն խմբի հերթական առաջնությունը մոտենում է եզրագծին, և որոշ հանդիպումների նշանակությունը մրցաշարային առումով շատ բարձր է, Հայրապետյանն առաջարկել է անհրաժեշտության դեպքում և ակումբների ցանկությամբ դրանք վստահել արտասահմանցի մրցավարներին:
Բոլոր ակումբների ղեկավարները հավանություն են տվել ներկայացված առաջարկներին:

Դիտվել է 1381 անգամ:
Print Friendly

Leave a Reply