Մրցասպարեզում ուսանող հանդբոլիստներն են
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | October 8, 2010 1:25
Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզասրահում մեկնարկել է Հայաստանի ուսանողական մարզական խաղերի ծրագրով հանդբոլի մրցաշարը: Ուշագրավն այն է, որ վերջին երկու տարիներին այս մարզաձևի ներկայացուցիչներն ուսանողական մարզական խաղերում չէին չափել ուժերը: Եվ ահա, կրկին ուսանող հանդբոլիստներն իրենց կարողությունները փորձելու հնարավորություն են ստացել: Պայքարի ոլորտ են ներգրավվել 7 թիմեր: Հաղթողն սուպերեզրափակչում կմրցի ֆիզկուլտուրայի հայկական պետական ինստիտուտի հավաքականի հետ: Որ մրցումներին մասնակցում է 8 թիմ, արդեն գոհացնող է: Տպավորիչ է այն, որ մասնակիցները ոչ միայն Երևանից, այլև Վանաձորից, Գավառից, Ստեփանակերտից են: Այդուհանդերձ, կա նաև մտահոգող հանգամանք: Երևանի մանկավարժական համալսարնում աշխատում է հանդբոլի երեք մասնագետ, սակայն այդ բուհը թիմ չի հանել մրցասպարեզ: Ընդ որում, այդ բուհում հանդբոլի ավանդույթներ կան, մանկավարժական համալսարանի ներկայացուցիչները նախկինում մասնակցել են տարբեր մրցաշարերի: Դժվար է ասել, թե ինչն է պատճառը, սակայն վերջին շրջանում մանկավարժական ինստիտուտի հանդբոլիստները մրցաշարերում չեն երևում: Ընդ որում, այդ բուհը ունի մարզաբազա, հանդբոլի խմբեր պահելու հնարավորություն Ի դեպ, նախկինում հանդբոլի խմբեր է ունեցել նաև Երևանի բժշկական համալսարանը, սակայն այդ բուհն էլ մասնակից չունի այս ստուգատեսում: Թիմերը տեղաբաշխվել են երկու ենթախմբերում: Առաջին խմբում ընդգրկված Արցախի պետական համալսարանի և Վանաձորի մանկավարժական ինստիտուտի հավաքականները 19:7 և 16:5 հաշիվներով առավելության են հասել Երևանի տնտեսագիտական ինստիտուտի ներկայացուցիչների նկատմամբ: Մյուս խմբում գրանցվել են այսպիսի արդյունքներ. ԵՊՀ-Երևանի ճարտարագիտական համալսարան` 21:8, ԵՊՀ-Գավառի համալսարան` 28:5, Ագրարային համալսարան- Երևանի ճարտարագիտական համալսարան`11:17, Երևանի ճարտարագիտական համալսարան-Գավառի համալսարան`12:5: Հանդբոլի մրցաշարի գլխավոր մրցավար Ռոմիկ Տիգրանյանը հայտնեց, որ շաբաթ օրն ի հայտ կգա մրցաշարի հաղթողը, որ սուպերեզրափակչում կմրցի ֆիզկուլտուրայի հայկական պետական ինստիտուտի թիմի հետ: «Իրենց պատարաստականության մակարդակով առանձնանում են ԵՊՀ, Երևանի ճարտարագիտական համալսարանի թիմերը: Մրցաշարը սպասարկում են բարձրակարգ մրցավարներ: Ստուգատեսն անցնում է բարձր մակարդակով: անցանկալի որևէ միջադեպ չի արձանագրվել»,- ասաց Տիգրանյանը: Իր տեսակետը հայտնեց նաև Հայաստանի ուսանողական մարզական խաղերի գլխավոր մրցավար Ժորա Բաղդասարյաը: Նա մասնավորապես ասաց. «Ուրախալի է, որ այսպիսի թվով թիմեր են մասնակցում մրցաշարին: Ընդ որում, խաղամակարդակների տարբերությունը մեծ է: Այդուհանդերձ, մրցումները մեծ աշխուժություն են առաջացրել: Հանդբոլը ուսանողական մարզաձև է, սիրված է երիտասարդների կողմից և անհարմար էր, որ բուհերի միջև մրցումներ չէին անցկացվում: Վսատահ եմ, որ հաջորդ խաղերում էլ ավելի կշատանան մասնակից թիմերը: Փաստորեն, հանդբոլը ուսանողության շրջանում կրկին մասսայականացնելու առաջին քայլերն են կատարվում: Եթե ուշադրություն չդաևձվի, ապա հանդբոլը և խաղային մարզաձևերը մեր երկրում կարող են մեռնել: Բուհերի ռեկտորները եթե պայմանաներ պահովեն, թիմերը կանոնավոր մարզումներ անցկացնեն, ապա ուսանող հանդբոլիստների խաղամակարդակն էլ կբարձրանա; Որ մրցաշարի մասնակից թիմերը բարձր խաղամակարդակ չունեն, պատճառը նաև այն է, որ ուսանողների միջև տևական ժամանակ մրցումներ չեն անցկացվել»:
vv






Facebook
Tweet This
Email This Post
