Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական համաժողովի մասնակիցներին:

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | October 7, 2010 22:19

Պատվիրակության կազմում են Ֆրանսիայի քաղաքների, դեպարտամենտների եւ շրջանների տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ, ինչպես նաեւ Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորներ:

Հանրապետության ղեկավարը ողջունելով հյուրերին` նշել է, որ պատվիրակության անդամներից շատերն ամուր կապեր ունեն Հայաստանի հետ եւ տարբեր պատվիրակությունների կազմում քանիցս այցելել են մեր երկիր:

“Հայ-ֆրանսիական բարեկամությունը շատ խորը արմատներ ունի: Ես մշտապես ասել եմ եւ հիմա էլ հաճույքով կրկնում եմ, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը դարեր ի վեր կապված են եղել Ֆրանսիայի եւ ֆրանսիական մշակույթի հետ: Այդ փոխկապակցվածությունն այնքան սերտ է, որ շատ դեպքերում նույնիսկ դժվար է տարանջատել: Շառլ Ազնավուրն ու Միշել Լեգրանը, Գառզուն ու Ժանսեմը, Անրի Վերնոյը, Անրի Թրուայան, Ալեն Թերզյանը, իհարկե, ֆրանսիական մշակույթի հենասյուներից են, բայց, բնականաբար, նաեւ` հայկական մշակույթի անբաժանելի մասը: Ես շատ ուրախ եմ, որ հայ-ֆրանսիական միջպետական հարաբերություններն օրըստօրե ավելի են ընդլայնվում եւ զարգանում”,-ասել է Նախագահ Սարգսյանը, կարեւորելով նաեւ հաճախակի դարձած բարձր մակարդակի փոխայցելությունները, որոնցից վերջինը ընթացիկ տարվա մարտին իր պաշտոնական այցն էր Ֆրանսիա:

Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է խոսել հայ-ֆրանսիական տնտեսական կապերի ամրապնդման մասին` նշելով, որ այսօր Հայաստանում գործում են 120-ից ավելի ֆրանսիական կապիտալով ընկերություններ, որոնց վերջերս միացավ նաեւ “Ֆրանս Տելեկոմ-Օրանժ”-ը:

Հանրապետության ղեկավարը կարեւորել է արդեն տասնամյակների պատմություն ունեցող ապակենտրոնացված համագործակցությունը:

Դիտվել է 1710 անգամ:
Print Friendly

Leave a Reply