Սահմանամերձ և բարձր լեռնային բնակավայրերի բնակիչների անվճար մասնագիտական կրթություն ստանալու հնարավորությունն ընդլայնվում է

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | October 7, 2010 19:36

Հոկտեմբերի 7-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ՙԿրթության մասին՚, ՙԲարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին՚ եւ ՙՆախնական մասնագիտական և միջին մասնագիտական կրթության մասին՚ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՅԴ խմբակցության անդամ Ռուզաննա Առաքելյանի հեղինակած օրենսդրական փաթեթը:

Ըստ այդմ, սահմանամերձ և բարձր լեռնային բնակավայրերում հաշվառված և վերջին տասը տարում մշտապես բնակվող ՀՀ քաղաքացիների համար անվճար նախնական (արհեստագործական), միջին և բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու լրացուցիչ հնարավորություն է ստեղծվում` պետական երաշխիք տրամադրելով այդ քաղաքացիներին:

Հեղինակի հիմնավորմամբ, օրինագծերի ընդունումից հետո սահմանամերձ և բարձր լեռնային բնակավայրերից գործուղված ուսանողները ՀՀ կառավարության կողմից նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցումից օգտվելու, ինչպես նաև պետական կրթաթոշակ ստանալու իրավունք կունենան: Արդյունքում` կստեղծվի իրատեսական հնարավորություն ՀՀ սահմանամերձ և բարձր լեռնային բնակավայրերն անհրաժեշտ մասնագետներով ապահովելու համար: Օրենսդրական փաթեթի ընդունումը նաև կնպաստի այդ բնակավայրերի սոցիալական և ժողովրդագրական վիճակի բարելավմանը, բնակչության արտագաղթի ռիսկի նվազեցմանը, տնտեսական կայուն զարգացման ապահովմանը:

Գայանե Մելիքյան

Դիտվել է 2632 անգամ:
Print Friendly

Leave a Reply