«Կինոաշուն» ազգային կինոյի ամիս» ծրագիրը կվերականգնի Հայաստանում արտադրված ֆիլմերի ցուցադրության բարի ավանդույթը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | October 7, 2010 16:51

Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ իրականացվող «Կինոաշուն» ազգային կինոյի ամիս» ծրագիրը կմեկնարկի հոկտեմբերի 11-ին «Մոսկվա» կինոթատրոնում:

«Կինոաշուն» ծրագրի առաջնային նպատակն է  ամեն տարի մեկ ամիս մայրաքաղաքում և մարզերում իրականացնել  ինչպես ազգային կինոֆոնդում պահպանվող ֆիլմերի  ցուցադրությունն ու տարածումը, այնպես էլ ժամանակակից  հայ կինոարտադրանքի մասսայական տարածումը և հայ ժամանակակից կինոյի մասին հասարակական կարծիքի ձևավորումը, արդի հայ կինոն հայ հանրության մշակութային կյանքի անբաժանելի մասը դարձնելը :

«Անցյալ դարի 90-ականների սկզբում անհետացան կինոյի տարածման խողովակներն ու միջոցները, և այժմ մենք ցանկանում ենք վերականգնել և  հաստատել  Հայաստանում արտադրված ֆիլմերի ցուցադրության բարի ավանդույթը»,- ասում է Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը:

Գաղտնիք չէ, որ ԽՍՀՄ փլուզումից հետո հետխորհրդային բոլոր հանրապետություններում, այդ թվում և Հայաստանում, արվեստի բոլոր ուղղությունները հայտնվեցին ծանր կացության մեջ և կորուստներ ունեցան: Հայաստանում սկսված համատարած մասնավորեցման  հետևանքով հատկապես տուժեց կինոոլորտը: Այս հատվածում  փլուզվեց ամբողջ կինոցանցը, վաճառվեցին մայրաքաղաքային ու մարզային կինոթատրոնները: Այսօր Երևանն ունի ընդամենը 1,5 կինոթատրոն, իսկ Գյումրին` 1: «Եթե 100 տարի հետ գնանք, ապա կտեսնենք, որ այդ ժամանակ  էլ է Հայաստանում գոյություն  ունեցել  մեկ կինոթատրոն»,-նշում է Գևորգյանը:

Հայ կինոյի խորհրդային շրջանի հետահայաց  ցուցադրության խնդիրն այսօր, թեկուզև տարերայնորեն, ստանձնել են հայկական հեռուստաալիքները, սակայն հայ հանդիսատեսը բավական աղոտ պատկերացում ունի ժամանակակից արտադրանքի մասին:

«Որոշ փառատոների կամ այլ  միջոցառումների շրջանակներում կազմակերպվող ցուցադրությունները բավարար չեն հայ հանդիսատեսի պահանջմունքները բավարարելու, շուկայում մշտական ներկայություն ապահովելու և  ժամանակակից հայ կինոն մշակութային կյանքի բաղկացուցիչը դարձնելու համար,- ասում է կինոկենտրոնի տնօրենը,- սակայն «Կինոաշուն» ամենամյա ազգային կինոյի ամիս ծրագիրը» կընդգրկի նշված բոլոր բաղադրիչները:  Նախատեսվում է այսուհետ  հոկտեմբերը հայտարարել ազգային կինոյի ամիս և ամեն տարի նույն ամսին անցկացնել ազգային կինոյի բազմաժանր ցուցադրություններ մայրաքաղաքում  և մարզերում»:

Ազգային կինոյի ամսվա շրջանակներում ցուցադրություններ կիրականացվեն «Մոսկվա» կինոթատրոնում, Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, «Նարեկացի» արվեստի կենտրոնում: Երևանում` Կասկադում և Սիրահարների այգում, կկազմակերպվեն  նաև բացօթյա ցուցադրություններ: Այս տարի կինոցուցադրություններ կկազմակերպվեն միայն Գեղարքունիքի, Շիրակի, Կոտայքի և Արմավիրի մարզերում, իսկ եկող տարի կընդգրկվեն բոլոր մարզերը:

Յուրաքանչյուր սրահի համար կազմված է առանձին ծրագիր. «Մոսկվա» կինոթատրոնում մեկ ամիս շարունակ կկազմակերպվեն բացման և փակման արարողությունները, ֆիլմերի պրեմիերաներ (առաջին  ձայնային ֆիլմ, արգելված ֆիլմ, չցուցադրված ֆիլմ, առաջին գունավոր ֆիլմ, պատերազմական տարիների ֆիլմ, առաջին կատակերգական, առաջին երաժշտական և այլն), ինչպես նաև` հոբելյաններ: Այս ծրագրում ներառված ֆիլմերով հանդիսատեսին կներկայացվի հայկական կինոյի զարգացման որոշակի փուլերը: Այսինքն` հանդիսատեսը  հնարավորություն կունենա հետևելու հայկական կինոյի պատմությանը: Յուրաքանչյուր պրեմիերայից առաջ կինոգետը կներկայացնի ֆիլմը և  դրա ստեղծման  հետ կապված հետաքրքիր դրվագներն ու հիշողությունները:

«Նարեկացի» արվեստի կենտրոնի համար ընտրվել է  ժամանակակից կարճամետրաժ ֆիլմերի ծրագիր, Տիկնիկայինի համար` մանկական մուլտֆիլմերի և ֆիլմերի, «Առնո Բաբաջանյան» համերգասրահի համար` հայ կոմպոզիտորների երաժշտությամբ նկարահանված ֆիլմեր, երաժշտական ուղղվածության ֆիլմեր: Երկու արվեստի բուհերի համար ընտրվել են ժամանակակից ֆիլմեր, ընդ որում, հայտարարվելու է այդ ֆիլմերի գրախոսականների մրցույթ (1-ին, 2-րդ և 3-րդ մրցութային կարգեր): Բացօթյա կինոցուցադրությունների համար ընտրվել են երևանցիների համար սիրելի և հարազատ ֆիլմեր: Մարզային ծրագրերին կմասնակցեն նաև ցուցադրվելիք ֆիլմերի ռեժիսորները, դերասանները և աշխատանքային խմբի այլ անդամներ:

Ընդհանուր առմամբ ցուցադրությունների համար ընտրված է 100 ֆիլմ:

Ազգային կինոյի ամսվա շրջանակներում «Մոսկվա» կինոթատրոնում կկազմակերպվի նաև ֆոտոցուցահանդես ` նվիրված հայ կինոյի երախտավորներին և կինոյի պատմությանը: Այստեղ նաև նոյեմբերի 2-ին սեմինար կանցկացնեն «Կոդակ» ընկերության մասնագետները:

Իսկ Կինոյի տանը հոկտեմբերի 20-ին և նոյեմբերի 1-ին կկազմակերպվեն կլոր-սեղան քննարկումներ` նվիրված հայ կինոյի արդի հիմնախնդիրներին:

Դիտվել է 1450 անգամ:
Print Friendly

Leave a Reply