«Մանվել Սարիբեկյանը ոչ թե մոլորվել է, այլ առևանգվել ադրբեջանական դիվերսիոն խմբի կողմից». Հրանտ Մելիք-Շահնազարյան
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | Անի Գասպարյան | October 7, 2010 15:46
Քազաքագետ, «Միտք» վերլուծական կենտրոնի տնօրեն Հրանտ Մելիք-Շահնազարյանի կարծիքով, Մանվել Սարիբեկյանը ոչ թե մոլորվել է, այլ առևանգվել է ադրբեջանական դիվերսիոն խմբի կողմից: Նրա խոսքով Ադրբեջանն օգտագործում է իր ձեռքի տակ եղած հայերին՝ ըստ քաղաքական նպատակների, ինչպես վարվեց Սարիբեկյանի հետ:
«Այսօր նրանց դիակ է պետք, որպեսզի փոխանակվի ադրբեջանական դիվերսիոն խմբի անդամ Իբրահիմովի դիակի հետ, նրանք ստեղծեցին այդ դիակը, վաղը պետք կլինի ցույց տալ ինչ որ հայ ընտանիք, որ իբր Հայաստանից զզված փախել-եկել է Ադրբեջան և դեմոկրատիա է որոնում, նրանք կստեղծեն այդ ընտանիքը, կտանեն, կբնակեցնեն Բաքվի ինչ որ բնակարանում և ցույց կտան իրենց «տոլեռանդության» աստիճանը»:
Ըստ քաղաքագետի, Սարիբեկյանի հարցը պետք է դիտարկվի միջազգային դատարաններում.
«Հայաստանը պետք է պահանջի, որպեսզի ստեղծվի միջազգային անկախ փորձագետներից կազմված հանձնախումբ, որը կուսումնասիրի, թե այդ երիտասարդը մինչև մահանալը ինչ խոշտանգումների է ենթարկվել, որն է նրա մահվան իրական պատճառը և այլն»:
Մելիք-Շահնազարյանը նաև կարծում է, որ կալանավայրերում այնքան էլ հեշտ չէ ինքնասպանություն գործելը, և այն բացատրությունները, թե իբր Սարիբեկյանը կախվել է իր շապիկով, պարզապես հեքիաթ է:
«Կա հակամարտություն, և պատասխանները պետք է համարժեք լինեն,-ասում է քաղաքագետը,-և միակ ճշմարիտ քայլը, որ Հայաստանը կարող է անել, ապացուցելն է, որ նման դեպքերը պատժվում են և պատժվում են շատ խիստ»:






Facebook
Tweet This
Email This Post
