«Մադրիդյան սկզբունքներն ընդունելով`Հայաստանն ընդունում է, որ ինքն օկուպանտ է»,- կարծում է Արման Մելիքյանը
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | Հայկուհի Բարսեղյան | July 15, 2009 18:57
«Մինսկի խմբի համանախագահող երկրները միայն մեկ հարցում են համամիտ` ազատագրված տարածքները պետք է հանձնվեն Ադրբեջանին: Այժմ նրանք մրցակցում են, թե ում ձեռամբ դա կկատարվի և ով կշահի Ադրբեջանի բարեհաճությունը». այսօր լրագրողներին ասաց Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:
Մելիքյանն ասում է, որ Մինսկի խմբի համանախագահները փնտրում են խնդրի ոչ թե իրավական և արդարացի, այլ քաղաքական լուծում. «Նրանք խեղաթյուրել են խնդիրը»:
Մելիքյանն ասում է, որ Մադրիդյան սկզբունքներն ընդունելը նշանակում է, որ Հայաստանը ընդունում է, որ ինքը օկուպանտ է, որ բռնություններ է գործել ազատագրված տարածքների` ադրբեջանցի խաղաղ բնակչության նկատմամաբ և համաձայն է, որ հետագայում իրավիճակը հսկեն խաղաղապահները, ինչը պայթյունավտանգ իրավիճակ կստեղծի:
Տարածքներ հանձնելու դեպքում Հայաստանի սահմանը Ադրբեջանի հետ մի քանի հարյուր կիլոմետր կերկարի և, ըստ Մելիքյանի, սահմանների պաշտպանության խնդիր կառաջանա: «Սահմանների պաշտպանությունում կներգրավվեն միջազգային խաղաղապահ զորքերը, որոնք բախումների կամ անհրաժեշտության դեպքում չեն միջամտի, մինչև կենտրոնից համապատասխան հրաման չլինի,- ասում է Մելիքյանը,- Խաղաղապահ ուժերը երբեմն անգամ հրամանի դեպքում համապատասխան քայլեր չեն ձեռնարկում, քանի որ իրենց անվտանգությունն ավելի բարձր են դասում»:
Ըստ Մելիքյանի` Ղարաբաղի հարցի բաղկացուցիչ է ադրբեջանահայ փախստականների խնդիրը, որն այսօր երկրորդական է համարվում, բայց կարող է լինել Ղարաբաղի հարցի լուծման բանալին:
Նա ասում է` Մադրիդյան սկզբունքներում նորություն է, որ խոսում են ընդհանուր երկու կողմի փախստականների մասին: «Ադրբեջանցի փախստականների վերադարձը ֆինանսավորում են միջազգային դոնոր կազմակերպություններ, նաև ԱՄՆ-ն քննարկում է ադրբեջանցի փախստականներին 10 մլն դոլար տրամադրելու հարցը»,- ասում է Մելիքյանը` հավելելով, որ ադրբեջանահայ փախստականների վերադարձի մասին ոչ ոք չի խոսում, չկան նաև նախատեսված ֆինանսական միջոցներ:
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ Մադրիդյան սկզբունքները հիմա հրապարակելը կարող է պայմանավորված լինել իրողությամբ, որ Թուրքիան միջազգային հանրության առջև «պարտավորված» է մինչև հոկտեմբեր որոշակի քայլեր ձեռնարկել` լավացնելու Հայաստանի հետ հարաբերությունները. «Սա հնարավորություն կտա Թուրքիային, առանց իր բնակչության առջև դեմքը կորցնելու, որոշակիորեն բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ»:
Արման Մելիքյանը, սակայն, ասում է, որ հայ-թուրքական սահմանի բացման դեպքում ռուսական ռազմաբազայի ներկայությունը Հայաստանում այլևս արդարացված չի լինի, ինչը չի վրիպի արևմուտքի ուշադրությունից:






Facebook
Tweet This
Email This Post
