Ֆիլհարմոնիայի փոքր դահլիճը

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | October 9, 2010 9:00

Այս շենքն առանձնանում է ոչ միայն իր ճարտարապետությամբ, այլև այն իրադարձություններով, որոնք տեղի են ունեցել այստեղ: 1920 թ. տոնվեց Հայաստանի Հանրապետության երկրորդ տարեդարձը, 1926-28 թթ. այստեղ հեղինակային համերգներով ելույթ է ունեցել Ալեքսանդր Սպենդիարյանը: 1936-ին այս շենքից են դուրս բերել Կոմիտասի աճյունը, իսկ այսօր նույն շենքի պատերի ներսում հնչեցնում են նրա երաժշտությունը:

Երևան, XIX դ երկրորդ կես:   1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմ: Քաղաքը ոգևորված է Ռուսական բանակի  կովկասյան կորպուսի երևանյան զորաջոկատի հաղթանակներով: Գեներալ-լեյտենանտ Արզաս Տեր-Ղուկասովի հրամանատարությամբ զորաջոկատը մտնում է Բայազետ ու գրավում Դիադինը, Ղարաքիլիսան, Ալաշկերտը, Զեդկանը` ջախջախելով  գերակշռություն ունեցող թուրքական զորքերին ու փառահեղ հաղթանակ արձանագրելով: Դրա շնորհիվ քաղաքը «շունչ քաշելու» հնարավորություն ստացավ և վերադարձավ իր խաղաղ կենցաղին: Այն ժամանակ Երևանում գործում էին մեծ թվով եկեղեցական ու մասնավոր դպրոցներ, ուսումնարաններ ու գիմնազիաներ: Դրանց մակարդակի մասին վկայություններ կան  հայտնի ճանապարհորդ-աշխարհագրագետ, քաղաքական գործիչ, բրիտանական  պառլամենտի ու  արքայական աշխարհագրական ընկերության անդամ,  իռլանդացի հայագետ Հենրի Ֆ. Բ. Լինչի` «Հայաստան» ստվարածավալ ուսումնասիրության մեջ: Լինչը Հայաստան է այցելել երկու անգամ (1893-94 և1898 թթ.):

Լինչն իր երկհատորյակում` «Ռուսական Հայաստան» և «Տաճկահայաստան» աշխատություններում, ընդհանուր գծերով ներկայացրել է հայ ժողովրդի բազմադարյան պատմությունը,  ուշադրության արժանացրել մշակույթը և առանձացրել ճարտարապետական կոթողներն ու համալիրները: Այն հրատարակվել է Լոնդոնում, 1901 թ.: Լինչը գրում է.«Երբ Ռուսաստանը գրավեց Հայաստանի տարածքի մի զգալի հատվածը, ռուսական կառավարությունն այնտեղ գտավ արդեն լիովին կազմակերպված դպրոցական համակարգ, որը հայերն իրենց բնորոշ հետևողականությամբ,  գուցեև  չափազանցված խանդոտությամբ էին պահպանում: Այդ համակարգն, ամենայն հավանականությամբ, ստեղծվել է  գրերի գյուտի հայտնագործման ժամանակաշրջանում, այսինքն` V դարում: Երիտասարդությանն այստեղ  կրթում  են ամենաուսյալ ու կիրթ հայրենակիցները, ովքեր իրենց հերթին ուսանել են Եվրոպայում, Գերմանիայում և ունեն կրթական ավելի բարձր մակարդակ, քան պահանջվում է»:

Երևանցիներն անհրաժեշտ համարեցին ուսուցման ավելի ժամանակակից պայմանների ստեղծումը: Պահանջվեց նոր շենք, որի համար քաղաքի իշխանությունները հողատարածք հատկացրեցին  քաղաքի կենտրոնում: 1881 թ. Երևանի դուման քննարկեց նահանգային ինժեներ-ճարտարապետ  Միխայիլ ֆոն դեր Նոննեի ներկայացրած արական  գիմնազիայի նախագիծը, սակայն այն այդպես էլ մնաց թղթի վրա,  քննություն չբռնեց. ծախսերը չէին համապատասխանում ֆինանսավորման հնարավորություններին: Այն ժամանակ ազգի համար  առաջնային էին  նվիրաբերությունները Արևմտյան Հայաստանի սովի մատնված  հայրենակիցներին օգնելու նպատակով:

Նոր նախագիծն արդեն սկսեց մշակվել, երբ 1886-ին քաղաքային իշխանությունները պետական խորհրդական Ղորղանյանից գնեցին նրա տան հարևանությամբ գտնվող հողակտորը: Նախատեսվում էր շենքում տեղակայել մեծ թվով ընդարձակ ուսումնական ու բնակության համար նախատեսված տարածքներ, բաղնիք, լվացքատուն, հիվանդանոց, խոհանոց, ճաշարան, գրադարան, հանդիսասրահ: Ոչ մեծ մի քաղաքի համար, որն ուներ 20-30 հազար բնակիչ, նախատեսվում էր կառուցել ևս մեկ դասական արական գիմնազիա`  720 աշակերտի  և պանսիոն` 78 մարդու համար: Այն ժամանակների համար սովորողների թիվը մեծ էր ոչ միայն Երևանի նման  ոչ մեծ քաղաքի համար, այլ նույնիսկ Ռուսական կայսրության խոշորագույն դպրոցների սովորողների  թվից: Նոր նախագծի հեղինակները տեղացի ճարտարապետներ էին. նրանք  ստիպված էին բազմաթիվ փոփոխություններ կատարել նախագծում` հաշվի առնելով և՛ կլիման, և՛ ռելիեֆը, և՛ տեղանքի  բարձրությունը ծովի մակերևույթից, և՛ սեյսմիկությունը ու հակահրդեհային  նորմերը, և՛ կենտրոնական ջեռուցման   ու օդափոխության հարցերը, և՛ էլեկտրամատակարարումը: Շինարարությունը ֆինանսավորեց գիմնազիայի տնօրինությունը:

Կապալառուն Երվանդ, Սիսակ և Տիգրան Ավետիքյանց եղբայրների ընկերությունն էր, որն արդեն բավականին փորձ էր կուտակել այդ ասպարեզում: Ընդ որում,  Երվանդն օժտված էր կազմակերպչական և տեխնիկական անսովոր ունակություններով: 30 տարիների ընթացքում նա, իր եղբայրների աջակցությամբ, փոքրիկ մեխանիկական արհեստանոցը վերածեց թուջաձուլական գործարանի: Կառուցել էր շենքեր, կամուրջներ, հիդրոկայաններ, անցկացրել ջրատարների ցանց : Ուներ քարհանք, որը նրան հնարավորություն էր տալիս կառուցելու սեփական  շինանյութով` առանց միջնորդների: Եղբայրների աշխատանքային օրը սկսվում էր աղոթքով, առավոտյան ժամը 5-ից: Աշխատանքային օրվա հստակ գրաֆիկը կազմվում էր նախօրեին` երեկոյան: Իրենց աշխատողների հանդեպ  եղբայրները պահանջկոտ էին, սակայն  արդար: Իրենց աշխատանքային կենսագրության մեջ   եղբայրները Երևանի  խստականոն շինարարական հանձնաժողովից մի անգամ են միայն նկատողություն ստացել ` կարգադրության ձևով. «Կապալառու Երվանդ Տեր-Ավետիքյանցը շինարարությանը մատակարարում է  գետնախարիսխի քար, որն իր գույնով միատարր չէ: Կապալառու Երվանդ Տեր-Ավետիքյանցին առաջարկել` Աստաֆյան փողոցում մինչև Բեհբութովի ու Ցարսկի փողոցները… նույն քարով ( մոխրագույն  կամ կապույտ)  կառուցել, իսկ մնացած հատվածում թույլատրել գետնախարիսխի   տարբեր գույների քարերի համադրում…»:

Արզաս Տեր-Ղուկասով

Հարկ է նշել, որ գիմնազիայի կառուցման վրա աշխատած քարագործների աշխատանքի շնորհիվ այն այսօր էլ փայլում է իր կատարելությամբ:

Շինարարության ավարտը համընկավ Հայաստանում խորհրդային իշխանության հաստատման առաջին  տարիների հետ: Եվ գիմնազիայում նոր նստարաններին այդպես էլ աշակերտներ չնստեցին ու չհիացան ուսման համար նախատեսված հրաշալի պայմաններով: Շենքի կապալառուները նույնպես չստացան  աշխատանքի դիմաց ակնկալվող վարձը: Եկան խորհրդային` անգրագիտության վերացման ժամանակները:

Շենքը նոր իշխանությունների հայեցողությամբ, տարբեր տարիներին վերածվեց Կուլտուրայի տան, Հայաստանի պատմության թանգարանի, Մատենադարանի, հատկացվեց  նաև  Պետական համալսարանի տեխնիկական ֆակուլտետին, և, վերջապես, հաշվի առնելով հրաշալի ակուստիկ բնութագրերը, շքեղ ինտերիերն ու  ճեմասրահը` վերածվեց Հայաստանի փոքր ֆիլհարմոնիայի: Շինության փայլն, իհարկե, նվազեց. հոյակապ ջահերը, լուսամփոփներն ու հայելիները, կահույքը, որ Երվանդ Տեր-Ավետիքյանցը բերել էր Եվրոպայից, անհետացան:

Այսօր  միայն շենքի ճակատն (Աբովյան փողոցից) է պահպանվել նախնական տեսքով, իսկ թիկունքը, որ բացվում է Հանրապետության հրապարակի վրա, խորհրդային տարիներին երեսապատվել է շենքին հարիր ոճով, որտեղ այսօր տեղակայված է ազգային պատկերասրահը:

« Ереван», 2010 թ., մարտ

Դիտվել է 2324 անգամ:
Print Friendly

Leave a Reply