Արտոնված ՑՈՒՅՑահանդես` ծուռ կյանքի դուզ գծի բարձրախոսով

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | October 7, 2010 15:09

1965 թ. երևանյան  ցրտաշունչ ձմռան փետրվարի 19-ի օրը շատերի համար  սովորական էր ու մռայլ: Սակայն Օհանյանների ընտանիքում այդ օրն իշխում էր ուրախության սպասումի  անհանգիստ զգացումը: Նրանք  անհամբեր սպասում էին  իրենց երկվորյակների ճիչը լսելուն: Վերջապես ծնվեցին նրանք` Արայիկը և  Անահիտը:

Մինչ նրանց ծնողներն ու բարեկամները,  միմյանց  աչքալուսանքի ու շնորհավորանքի խոսքեր հղելով,  նորածիններին խոստումնալից ապագա էին ցանկանում`  Աստված արդեն տնօրինել էր նրանց ճակատագիրը: Եվ ընդամենը 1,7 կգ կշիռ ունեցող  Արայիկի մարմնում  թաքնված էր արվեստագետի  նախանձելի  տաղանդը: Մինչդեռ բժիշկները խիստ կասկածում էին, որ նման թեթև քաշ ունեցող փոքրիկը կապրի: Ի հեճուկս  բժիշկների մտավախության` Արայիկն ապրեց: Ավելին,  բժիշկները չգիտեին, որ  ապագայում նրանից պիտի  ճառագի ապրելու ներշնչանքի բացառիկ ուժը: Ուժ, որը չի հանդուրժելու  կյանքի դաժանությունը, անարդարությունը, անխղճությունը, չարությունը և ամենայն արատավոր երևույթներ: Եվ հենց այդ երևույթները   տեսնելու և արմատախիլ անելու համար տրված շնորհը  նրան ուղղորդեց մամուլի աշխարհ, որտեղ նա  մուտք գործեց ծաղրանկարչի այցեքարտով: Այդ կոչումը  Արայիկին դարձրեց ԱՐԶՕ (Արայիկ Զավենի Օհանյան) և հայկական մամուլում ազդարարեց նրա ուրույն տեղը:

Ծաղրանկարի դերն ու նշանակությունը մամուլում անհրաժեշտ է այնքանով, որքանով ծաղրածուի ներկայությունը` կրկեսի արենայում:

Եվ մամուլի ծաղրածուն  բազմաբովանդակ թեմաներով  իր ընթերցողներին ոչ միայն ժպիտ է պարգևում, այլև դրդում է խորհել` այս կերպ իր ուսերին կրելով նաև բժշկի դերը:

Ծաղրանկարչությունը նման է բժշկի աշխատանքին: Նա մարդուն մարմնի կամ որևէ օրգանի ցավից ազատելու համար բուժում է կամ դիմում վիրահատական միջամտության: Իսկ ես իշխող արատավոր երևույթները փորձում եմ բուժել կամ վիրահատել` դրանք իմ գործերում ներկայացնելով: Իմ վիրահատությունը ծաղրանկարի միջոցով խնդիրը ներկայացնելն է: Իսկ առողջ մտածողության հիմքը ազգապահպանման երաշխիքն է:

Վեջին ժամանակներս  ԱՐԶՕ-ի գործերից մեկը դպրոցի մի կաշառակեր տնօրենի  նյարդայնանալու տեղիք է տվել:

Այդ տնօրենը, որի անունը պատշաճ չեմ համարում ասել, լրագրողին բողոքել էր, որ ինքն ավելի շատ ամաչել ու նյարդայնացել է ոչ թե հոդվածից, այլ հոդվածում ընդգրկված ծաղրանկարից: Կարծում եմ՝ վիրահատությունս հաջող է անցել (ժպտում է):

Հայկական մամուլի ծաղրանկարիչ-բժիշկն իր ուսերին է վերցրել նաև բանվորի ու զինվորի, հրամանատարի ու մարտիկի,  իր ժողովրդին ծառայելու դժվարին գործը:

Ես իմ գործի զինվորն ու գեներալն եմ. ինքս ինձ հրաման եմ տալիս ու կատարում, կռվի եմ դուրս գալիս ու հաղթում: Այս ոգով ապրում եմ ամեն օր: Իսկ ապրածս օրվա էջը թերթում եմ նոր գործի ծնունդով:

Իսկ իր ամենօրյա աշխատանքի մեջ  ստեղծագործելիս ԱՐԶՕ-ն չի սպասում մուսայի ժամանելուն: Ինչպես ինքն է ասում. «գիշեր, թե  ցերեկ  միտքս անդադար աշխատում է»: Եվ  նրա աշխատասեր միտքը հարյուրավոր գործեր է կյանքի կոչում:

Ստեղծագործելիս հոգու աննկարագրելի հրճվանք եմ ապրում: Մինչ գործը սկսելը պատկերը երևակայությամբ հստակ տեսնում եմ, ոչ թե ուրիշ նկարիչների նման` գործն ավարտելիս: Ստեղծագործելիս են միայն մտքերս ինձ ծիծաղեցնում, իսկ ավարտից հետո ծիծաղում են բոլորը` բացի ինձնից:

ԱՐԶՕ-ն նկարելիս վիճում կամ ուրախանում է, զրուցում ու հաշտվում իր ստեղծած պատկերների ու կերպարների հետ, որոնց  հետ,  տասնյակ տարիներ հաղորդակցվելով, հոկտեմբերի 4-ին «Մոսկվա» կինոթատրոնի երկրորդ հարկում կազմակերպելու է  ՑՈՒՅՑահանդես:

Ընկերներս միշտ ասում են` «գործերդ հազար միտինգ արժեն»: Ուստի այս անգամ ստեղծագործություններիս ՑՈՒՅՑահանդեսը կլինի: Ամեն մի նկար մի խոսք է, և բոլորը, մեկտեղվելով մի հարկում, միտինգ են անելու այդ օրը: Դա կլինի վերջին տարիների աշխատանքներիս միտինգը:

ԱՐԶՕ-ի  մտքերի  միտինգին  ելույթ կունենան 222 տարբեր  քաղաքական, մշակութային, սոցիալական և այլ թեմաներով գործեր: Այդ օրը  խոսք կտրվի նաև  նրա հեղինակած ասույթներին, օրինակ. «Ծաղրանկարը այն մերկ գիծն է, որի էության իսկությունը մտքի ծիծաղն է»: Իսկ  այդ օրվա մտքի ծիծաղի   ՑՈՒՅՑահանդեսի կարգախոսը կլինի «Ծուռ կյանքի դուզ գիծը»: Ըստ ծաղրանկարչի` այսօր  շրջապատող աշխարհը  և մարդիկ խելակորույս վիճակում  են,  անդունդը  գլորվելու վտանգավոր  եզրին կանգնած: Չկործանվելու համար նա սթափվելու իր դեղատոմսն է առաջարկում:

Ծուռ կանքը մեր կյանքի թերություններն ու անարդարություններն են: Իսկ դուզ գիծը` ճշմարիտ խոսքն է, որն ի ցույց կդրվի ՑՈՒՅՑահանդեսի օրը:

Հ.Գ . Ի դեպ, ՑՈՒՅՑահանդեսը Երևանի քաղաքապետարանի կողմից արտոնված է, մուտքն ազատ է բոլորի համար` թե՛ ընդդիմադիրների, թե՛ իշխանամետների, թե՛ նրանց համար, ովքեր չեն հարում թե՛ մեկ, թե՛ մյուս կողմին:

Դիտվել է 1639 անգամ:
Print Friendly

Leave a Reply