«Ջրային խնդիրը» բարդացնում է ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | October 7, 2010 15:11

Հայկական կողմը մտահոգվում է, որ Ղարաբաղի ապագա կարգավիճակի վերաբերյալ բանակցային գործընթացը կարող է սպառնալիք դառնալ ջրային անվտանգության համար:

Քարվաճառի բնակիչները պարծենում են իրենց ջրի որակով եւ քանակությամբ:

«Մեր ջուրն ամենահամեղ եւ կատարելապես մաքուր ջուրն է, որը ֆիլտրման կարիք չունի, նույնիսկ գետից կարելի է ջուր խմել: Բացի այդ, մեզ մոտ`Քարվաճառում, ի տարբերություն Ղարաբաղի շատ այլ քաղաքների եւ շրջանների, ջրամատակարարումը շուրջօրյա է», – ասում է Ալեքսանդր Կանանյանը, ով արդեն 9 տարի ապրում է Քարվաճառում:

Քարվաճառի ջրի համբավը տարածված է նաեւ նրա սահմաններից դուրս: Խորհրդային Ադրբեջանից ժամանակին առանձնացած Լեռնային Ղարաբաղի ջրամատակարարումն 80 տոկոսով ապահովում է հենց այս շրջանը:

Խնդիրն այն է, սակայն, որ Քարվաճառը մեկ այլ անվանում ունի`Քելբաջար: Այս ադրբեջանական անվանումը հանդիպում է ինչպես խորհրդային ժամանակների, այնպես էլ ավելի վաղ շրջանի քարտեզներում: Ի տարբերություն Ղարաբաղի այլ շրջանների, Քարվաճառը Խորհրդային Ադրբեջանի տարածքի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) կազմում չի եղել, հետեւաբար, ներկայում ընթացող խաղաղ բանակցությունների շրջանակներում այն առանձին ձեւաչափով է քննարկվում:

Որոշ փորձագետների կարծիքով, եթե Բաքվի պահանջները բավարարվեն, ապա առանց հաշվի առնելու միակողմանի կերպով իրեն անկախ հռչակած եւ ՄԱԿի անդամ ոչ մի երկրի կողմից չճանաչված Ղարաբաղի Հանրապետության ճակատագիրը, այս շրջանը կվերադառնա Ադրբեջանի վերահսկողության ներքո:

«Ներկայում քննարկվող խաղաղության համաձայնագրով, ինչպես նաեւ համարյա մյուս բոլոր կարգավորման տարբերակներով նախատեսվում է վերադարձնել բոլոր 7 ադրբեջանական շրջանները, որոնք ներկայում ամբողջությամբ կամ մասամբ հայկական զինված ուժերի վերահսկողության տակ են: Դրա փոխարեն`Լեռնային Ղարաբաղին որոշակի «միջանկյալ միջազգային կարգավիճակ» կշնորհեն եւ կխոստանան հանրաքվե անցկացնել`դրա վերջնական կարգավիճակը որոշելու համար», – ասում է Կարնեգի հիմնադրամի Ռուսաստանի եւ Եվրասիայի ծրագրի Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալը:

«Հայաստանը Լեռնային Ղարաբաղին միացնող Լաչինի միջանցքն առանձին կարգավիճակ կստանա: Նախատեսվում է նաեւ, որ Քելբաջարը` հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող ամենամեծ ադրբեջանական տարածքը, որը տեղակայված է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ, մյուս տարածքներից ավելի ուշ կվերադարձվի»:

Սակայն սա անընդունելի է Ղարաբաղի բնակիչների համար: Բացի այն, որ ըստ Ղարաբաղի սահմանադրության` նրա իրավասությունը տարածվում է երկրի վերահսկողության տակ գտնվող բոլոր տարածքների վրա, ներառյալ նրանք, որոնք գտնվում են Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի սահմաններից դուրս, Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ տեղակայված շրջանն այստեղ անվտանգության տեսանկյունից կարեւոր նշանակություն ունի:

Ղարաբաղում ջրամատակարարման խնդիրը հին արմատներ ունի: Շատ բնակարաններում ջուր տալիս են օրական 2 ժամ, երբեմն նաեւ ավելի քիչ: Մարդիկ ստիպված են ջուր հավաքել լոգարանակոնքերում, դույլերում եւ այլ տարաներում, որպեսզի հնարավոր լինի դիմանալ մինչեւ հաջորդ «ջրի ժամը»: Այսպիսին է իրավիճակը քաղաքներում, մինչդեռ գյուղերում այս խնդիրն ավելի սուր բնույթ է կրում, եւ ամռանը երաշտը պարզապես ոչնչացնում է դաշտերն ու ցանքատարածությունները, քանի որ ջուրն այնտեղ ընդհանրապես չի հասնում:

Խնդիրն էլ ավելի սրվեց, երբ ղարաբաղյան հակամարտության գոտում 1992-94 թվականներին տեղի ունեցած ռազմական գործողությունների արդյունքում շատ ենթակառուցվածքներ վնասվեցին, ավերումների մասշտաբը եւս նշանակալի էր, այդ թվում ջրամատակարարման համակարգում:

Սա էր պատճառը, որ անմիջապես պատերազմից հետո Կարմիր խաչի միջազգային կոմիտեն սկսեց նախեւառաջ «ջրային» նախագծեր իրականացնել, որոնց շնորհիվ գյուղերը եւ ավանները սկսեցին ջուր ստանալ: Այսօր Ղարաբաղի իշխանությունների առջեւ դրված առաջնահերթ խնդիրներից մեկը կապված է ջրամատակարարման, կոյուղու եւ ոռոգման համակարգերի բարելավման եւ ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման հետ:

2007 թվականի նոյեմբերից Ստեփանակերտում մեկնարկել է «Արցախ ՀԷԿ» նախագիծը, որի շրջանակներում պետք է 5 փոքր ՀԷԿ կառուցվի (յուրաքանչյուր 2 տարին մեկ): Նախագծի յուրահատկությունն այն է, որ դրա բաժնետոմսերը կարող էին գնել բոլոր ցանկացողները, այդ թվում`արտասահմանցիները: Թողարկված թվով ավելի քան 3 միլիոն սովորական եւ անվանական բաժնետոմսերը խիստ մատչելի են եղել`ընդամենը 1000 դրամ: Ղարաբաղի էներգետիկ անկախությանն ուղղված նախագծի շրջանակներում արդեն իսկ մեկ ՀԷԿ է կառուցվել: Ղարաբաղի իշխանությունները ներկայում ցանկանում են այս նախագծի միջոցով ջրով ստացված հավելյալ էլեկտրաէներգիա վաճառել:

Բացի այդ` ամենամյա համահայկական «Հեռուստամարաթոն» դրամահավաքի շրջանակներում հայկական Սփյուռքը մեծ նվիրատվություններ է արել Ղարաբաղի ջրամատակարարման համակարգի բարեկարգման նպատակով: ԼՂՀ իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ այս ոլորտը էներգետիկ անկախության եւ ազգային անվտանգության ապահովման ռազմավարական բնագավառներից մեկն է:

Ընդ որում, «ջրային խնդիրը» ոչ միայն կարեւոր տնտեսական, այլ նաեւ քաղաքական հարց է համարվում:

Այսպես, «Ջրի խնդիրը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համատեքստում» մենագրության հեղինակ Դավիթ Բաբայանը, ով արդեն երկար տարիներ զբաղվում է ջրային անվտանգության հարցերի ուսումնասիրմամբ, նշում է.

«Ղարաբաղի տարածքը նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի վարչական սահմանների մոտ բավականին խոցելի է ջրային ռեսուրսների վրա ազդեցության տեսակետից: Նախկին ԼՂԻՄի հիդրոռեսուրսների առյուծի բաժինը սկիզբ է առնում իր վարչական սահմաններից դուրս: Նախկին ԼՂԻՄի հիմնական գետերի միջին տարեկան հոսքի 83,4 տոկոսը բաժին է հասնում Թարթառ եւ Խաչեն գետերին, որոնք սկիզբ են առնում Քարվաճառի շրջանի սահմաններում»:

«Այսօր ԼՂՀն ի վիճակի է գրեթե ամբողջությամբ ապահովել իր բնապահպանական անվտանգությունն ու դրա ջրային բաղկացուցիչը, եւ այս տեսակետից առանցքային դեր է խաղում Ղարաբաղի Քարվաճառի շրջանը», – համոզված է նա:

Ներկայում Քարվաճառի շրջանի բնակչության մեծամասնությունը հայեր են, ովքեր 1994-ին զինադադարով ավարտված, սակայն այդպես էլ չկարգավորված ղարաբաղյան հակամարտության ժամանակ լքել են իրենց բնակավայրերը, որոնք ներկայում ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ են:

ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներ Ֆրանսիայի, ԱՄՆի եւ Ռուսաստանի համանախագահությամբ ընթացող ղարաբաղյան խաղաղ կարգավորման բանակցություններում այդպես էլ նշանակալի առաջխաղացում չի գրանցվել` երկու կողմերի անհամաձայնությունների պատճառով:

Ադրբեջանը պահանջում է վերադարձնել կորցրած տարածքների նկատմամբ իր իրավունքները, սակայն տեղացիներն այս մասին լսել անգամ չեն ուզում:

«Ինչպե՞ս եք դա պատկերացնում: Մենք մեծ դժվարությամբ այստեղ երկրորդ տուն ենք կառուցել, ապրում ենք, եւ հիմա պարզ չէ, թե մեզ ինչ է սպասվում: Դա երբեք չի լինի: Քարվաճառ կատարած իր այցի շրջանակներում Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը հայտարարեց, որ «քանի դեռ գոյություն ունի Ղարաբաղը, իսկ այն, վստահեցնում եմ ձեզ, միշտ էլ գոյություն է ունենալու, Քարվաճառը նրա տարածքի մասն է կազմելու»», – ասում է Մարիաննա Հովսեփյանը, ով Քարվաճառ է գաղթել Սումգայիթից, որտեղ 1988-ին երեք օր տեւած հակահայկական բռնությունները նախանշեցին հայադրբեջանական արյունալի հակամարտության սկիզբը:

Տեղացիները քաջ գիտակցում են Քարվաճառի շրջանի նշանակությունը ողջ Հարավային Կովկասի համար:

«Իհարկե, շրջանն ունի ռազմավարական նշանակություն, քանի որ ջուրը ոչ միայն ներկայի, այլեւ ավելի շուտ ապագայի հեռանկարային ռեսուրս է: Ավելի ու ավելի վատթարացող բնապահպանական պայմաններում ապագայում ջուրը կլինի ամենաանհրաժեշտ եւ թանկ հումքը: Եվ, իհարկե, չեմ խոսում Քարվաճառի շրջանի ռազմական եւ ռազմավարական նշանակության մասին: Սա Ղարաբաղի ամենաբարձր եւ աշխարհագրորեն ամենաանխոցելի կետն է, հետեւաբար ով տիրում է Քարվաճառին, նա տիրում է ողջ Ղարաբաղին», – ասում է Քարվաճառի 36-ամյա բնակիչ Ալեքսանդր Կանանյանը:

Կարինե Օհանյանն ազատ լրագրող է Ստեփանակերտում:

Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից: www.iwpr.net

Կարինե Օհանյան, Կովկաս

Կովկասյան լրատու # 559

Դիտվել է 2450 անգամ:
Print Friendly

Leave a Reply