ՀՀ Քաղավիացիայի վարչության տվյալով`Թեհրան-Երևան կործանված ինքնաթիռի 168 ուղևորից(այդ թվում անձնակազմը) 35-ը եղել է հայ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 15, 2009 17:09

Լուսանկարը`«http://www.theglobeandmail.com»-իցԹեհրանից Երևան թռչող կործանված ինքնաթիռում եղել է 35 հայ` որից 6-ը Հայաստանի քաղաքացի, որոնցից երկուսը անձնակազմից: Զոհված ուղևորներից 2-ը եղել են վրացիներ. այս մասին րոպեներ առաջ ասաց Քաղավիացիայի վարչության պետի տեղակալ Արսեն Պողոսյանը:

Զոհվածների թվում է նաև հայտնի իրանահայ հոգեբան, նախկինում` Իրանի խորհրդարանի անդամ Լևոն Դավթյանը, ով Իրանի հայ համայնքի ներկայացուցիչների ընկերակցության ղեկավարն է, ինչպես նաև   Հայաստանում Վրաստանի դեսպանատան ֆինանսական տնօրենը:

Ինքնաթիռում է եղել նաև Իրանի ձյուդոյի պատանեկան հավաքականի 10 անդամ:

Իրանի հյուսիսարևմտյան Ղազվին քաղաքի մերձակայքում` Թեհրանից 150 կմ հյուսիս, այսօր Հայաստանի ժամանակով ժամը 10:03 աղետի է ենթարկվել Թեհրանից Երևան թռչող Կասպիան ավիաընկերության «ՏՈՒ 154» ինքնաթիռը, որում, ըստ ՀՀ Քաղավիացիայի տվյալներով,  եղել է 168 մարդ` ներառյալ անձնակազմի 15 անդամ:   Կասպյան ավիաընկերության ներկայացուցիչ Առլեն Դավուդյանի խոսքով` ինքնաթիռում եղել է 2 երեխա:

Թեհրան-Երեւան թռչող ինքնաթիռի վթարի հետ կապված` նախագահ Սերժ Սարգսյանն ընդհատել է իր աշխատանքային այցը Շիրակի մարզ եւ վերադարձել Երեւան:

Իրանահայ մամուլի նախնական տվյալներով` «ինքնաթիռը, որում եղել է 40 հայ, 1 ժամ ուշացումով է թռիչքը կատարել»: ՀՀ Քաղավիացիայի վարչության տեղեկացմամբ` հայտնի չէ, թե ինչ պատճառով է ուշացել թռիչքը:

Օդանավակայանից «Անկախ»-ի թղթակիցը փոխանցում է Արսեն Պողոսյանի խոսքը, ըստ որի` «Հայաստանի ժամանակով ժամը 12:52 օդանավը պետք է վայրէջք կատարեր Երևանում, սակայն 12:48 Թեհրանի օդանավակայանից կապվել են Զվարթնոց օդանավակայան`հայտնելով, որ ռադարում չի երևում օդանավը»:

Իրանական պետական հեռուստաընկերության տեղեկացմամբ` օդանավի ուղևորներն ու անձնակազմի բոլոր անդամները զոհվել են: Դեպքը պատահել է թռիչքից 14 րոպե հետո:

Զվարթնոց օդանակակայանից «Անկախ»-ի թղթակիցը տեղեկացնում է, որ ցուցակները դեռ ամբողջական չեն, առայժմ ցուցակում միայն 24 անձանց անուններ են ընդգծված որպես հայեր:

Այս պահին դեպքի վայրում աշխատում են հրշեջներ: Հայաստանի հանրային հեռուստատեսության տեղեկացմամբ` վթարի պատճառը եղել է շարժիչներից մեկում բռնկված հրդեհը: Թռիչքի ժամանակ ինքնաթիռում տեխնիկական խնդիրներ են առաջացել. վերջինս փորձել է վթարային վայրէջք կատարել, սակայն չի հասցրել:

Զվարթնոց օդանավակայանի ժամանումների նախկին սրահում արդեն ստեղծվել է ինքնաթիռի զոհերի մտերիմներին հոգեբանական և բժշկական օգնություն ցուցաբերող ժամանակավոր շտաբ: Զոհվածների 17 հարազատի տեղում ցուցաբերվել է բժշկական օգնություն, 1 հոգու հոսպիտալացրել են շոկային վիճակում:

Ըստ նախնական տվյալների` ինքնաթիռի անձնակազմի անդամներից երկուսը հայեր են եղել` Սուրեն Սողոմոնյան, Գրիգոր Բարսեղյան: Էջմածինցի Սուրեն Սողոմոնյանի եղբորորդին պատմել է, որ եկել էր 50-ամյա հորեղբորը դիմավորելու, սակայն օդանավակայանում իմացել 1 ինքնաթիռի վթարի մասին:

Կասպիան ավիաընկերությունը գործում է շուրջ 15 տարի, որի ընթացքում երբևէ վթար չի եղել. սա առաջին դեպքն է:

«Անկախ»-ը պարբերաբար կներկայացնի դեպքի մանրամասները:

Զոհվածների նախնական ցուցակՈւղևորներ

Ավագյան Արշավիր
Բաբումյան Անուշ
Տեր-Ավանեսյան Մարտիկ
Սիմոնյան
Անտաշյան Նանա
Ասատուրյան Էդվին
Ավանեսյան Ազատ
Պողոսյան Աննա
Դավիդյան Լևոն
Ստեփանյան Նաիրի
Ստեփանյան Շողեր
Գարանյան Մելինե
Գրիգորյան Արթուր-ՀՀ քաղաքացի
Կարապետյան Մանուկպուր
Խաչիկ Էդվարդ
Մայիլյան Նաիրի
Մանասերյան Արշավիր
Մարգարյան Կարինե-ՀՀ քաղաքացի
Մելքոմաբքար Անի
Նավասարդյան
Ներսիսյան Աշոտ-ՀՀ քաղաքացի
Սալարյան Դավուդ
Սերքիսյան Արմեն
Սիրոյան Արա-ՀՀ քաղաքացի
Թահմասյան Վարդանուշ
Թարբինյան Լուսիկ

Անձնակազմ

Բարսեղյան Գրիգոր
Սողոմոնյան Սուրեն

Դիտվել է 1366 անգամ:
Print Friendly

Leave a Reply