Սամվել Բալասանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 7, 2010 14:42

Հոկտեմբերի 7-ին Սամվել Բալասանյանը գաղտնի քվեարկությամբ ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ: Այդ պաշտոնում նա փոխարինեց հրաժարականի դիմում ներկայացրած ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության անդամ Արևիկ Պետրոսյանին:

Ըստ ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ, հանրապետական Գագիկ Մելիքյանի, խորհրդարանի 131 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 83-ը: Միակ թեկնածուին ՙկողմ՚ են քվեարկել 74-ը, ՙդեմ՚` 6-ը: 3 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:

56-ամյա Ս.Բալասանյանը, ով համեմատաբար վերջերս է անդամագրվել ԲՀԿ-ին և դարձել նաև կուսակցության փոխնախագահ, խորհրդարանական խմբակցության անդամ չէ: Նա` սկսած 1999թ.-ից, վերջին երեք գումարումների ԱԺ պատգամավոր է ընտրվել Գյումրիից: 2003-2007թ.թ.-ին եղել է ՙՕրինաց Երկիր՚ կուսակցության անդամ և խորհրդարանական խմբակցության ղեկավար: Ս.Բալասանյանը մասնագիտությամբ մանկավարժ-մաթեմատիկոս և սննդի տեխնոլոգ է: Աշխատանքային գործունեությունը սկսել է 1977թ.-ին` Լենինականի գարեջրի գործարանում աշխատելով բանվոր: 1992-1999թ.թ.-ին եղել է նույն գործարանի տնօրենը, իսկ հետագայում` սեփականատերը:

Գայանե Մելիքյան

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Սամվել Բալասանյանի կենսագրությունը

Ծնվել է 1954թ. հոկտեմբերի 12-ին Լենինականում (Գյումրի):

1961-1971թթ. սովորել է Լենինականի Գ. Սունդուկյանի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցում:

1976թ. ավարտել է Լենինականի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը: Մանկավարժ-մաթեմատիկոս:1983թ. հեռակա ուսուցմամբ ավարտել է Մոսկվայի սննդի արդյունաբերության ինստիտուտը: Սննդի տեխնոլոգ:

1976-1977թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1977թ. Լենինականի գարեջրի գործարանում աշխատել է բանվոր, 1978թ. հրուշակեղենի ֆաբրիկայում՝ տեխնոլոգ:

1992-1999թթ. եղել է գարեջրի գործարանի տնօրեն:

1999-2003թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 63 ընտրատարածք): Ազգային ժողովի սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի, ապա արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: ՙԿայունություն՚, ապա ՙԱգրարային-արդյունաբերական ժողովրդական միավորում՚ պատգամավորական խմբի անդամ:

2003-2007թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 49 ընտրատարածք): Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՙՀանխնայբանկում՚ ավանդադրված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների խնայողական ավանդները վերականգնելու եւ փոխհատուցելու հնարավորություններն ուսումնասիրող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ: ՕԵ խմբակցության ղեկավար:

2005թ. պարգեւատրվել է Ազգային ժողովի պատվո մեդալով:

2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 35 ընտրատարածքից: Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:

ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության փոխնախագահ:

Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Դիտվել է 2418 անգամ:
Print Friendly

Leave a Reply