ԱԺ-ն ընտրում է նոր փոխնախագահ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 7, 2010 14:12

Հոկտեմբերի 7-ին լրացավ Ազգային ժողովի կանոնակարգօրենքով սահմանված եռօրյա ժամկետը, որի ընթացքում ԱԺ փոխնախագահի պաշտոնից հրաժարված ՙԲարգավաճ Հայաստան՚ խմբակցության անդամ Արեւիկ Պետրոսյանը կարող էր գրավոր դիմումով հետ վերցնել հրաժարականի մասին իր դիմումը: Նման դիմում չէր ներկայացվել, ուստի խորհրդարանը ձեռնամուխ եղավ ԱԺ նոր փոխնախագահի ընտրությանը:

Ինչպես և ակնկալվում էր, միակ առաջադրվածը ԲՀԿին վերջերս անդամագրված Սամվել Բալասանյանն էր: Կոալիցիոն համաձայնագրի շրջանակներում, այդ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը վերապահված է ԲՀԿին, և կուսակցության քաղաքական խորհուրդը սեպտեմբերի 27-ի նիստում արդեն իսկ որոշել էր առաջադրել նրա թեկնածությունը:

Թեկնածուն համառոտ ներկայացրեց ԱԺում իր ՙանցած բավականին երկար ճանապարհը՚` նշելով, որ եղել է երեք գումարումների ԱԺ պատգամավոր, 1999-2003թ.թ.-ին` անկուսակցական, 2003-2007թ.թ.-ին` ՙՕրինաց Երկիր՚ կուսակցության անդամ և նույնանուն խմբակցության ղեկավար, վերջին երեք տարում, մինչև ԲՀԿին անդամագրվելը, անկուսակցական: Ս.Բալասանյանը շնորհակալություն հայտնեց ԲՀԿին և վերջինի առաջնորդին` քաղաքական բարձր պաշտոնում իրեն առաջադրելու համար, և հայտարարեց, որ ընտրվելու դեպքում դա իր համար նաև մեծ պատասխանատվություն է:

Թեկնածուին հարցեր չեղան, իսկ ելույթի համար հերթագրված միակ պատգամավորը Ս.Բալասանյանի թեկնածությունը ԲՀԿի կողմից առաջադրած Վահե Էնֆիաջանյանն էր, ով հայտնեց, որ առաջադրման մասին որոշումը կայացվել է` հաշվի առնելով թեկնածուի մարդկային հատկանիշները և նրա վաստակը:

ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի որոշմամբ, քվեարկությունը իրականացվեց ժամը 12.30-13.30-ին: Համաձայն ԱԺ կանոնակարգօրենքի, գաղտնի քվեարկությամբ ԱԺ փոխնախագահ ընտրվելու համար թեկնածուին անհրաժեշտ է ստանալ քվեարկությանը մասնակցած պատգամավորների ձայների մեծամասնությունը`պայմանով, որ քվեարկությանը մասնակցել են պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին,այսինքն` առնվազն 66 պատգամավոր:

Քվեարկության արդյունքները կհրապարակվեն ժամը 14.30-ից մեկնարկող նիստում: Ս.Բալասանյանի նախկին կուսակիցները նախապես որոշել էին չմասնակցել ընտրությանը: Խորհրդարանական ընդդիմության` ՀՅԴի և ՙԺառանգության՚ պատգամավորները, ազատ էին մասնակցելուչմասնակցելու, քվեարկությամբ իրենց վերաբերմունքն արտահայտելու հարցում:

Գայանե Մելիքյան

Դիտվել է 889 անգամ:
Print Friendly

Leave a Reply