Խորհրդակցություն նվիրված գյուղատնտեսության եւ բնապահպանության ոլորտներում առկա հիմնախնդիրներին

Պաշտոնական, Օրվա լուր | | October 7, 2010 10:18

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մոտ  երեկ հրավիրվել է խորհրդակցություն՝ նվիրված հանրապետության գյուղատնտեսության եւ բնապահպանության ոլորտներում առկա հիմնախնդիրներին:

Զեկույցներով հանդես են եկել գյուղատնտեսության նախարար Արմո Ծատուրյանը, գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրեն Վահրամ Բաղդասարյանը, ԿԱ շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների վարչության պետ Գարի Գրիգորյանը, փրկարար ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը եւ գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանը:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ գյուղատնտեսության ոլորտի շարունակական զարգացման համար անհրաժեշտ է ավելի արդյունավետ դարձնել գյուղատնտեսության նախարարության տարբեր ստորաբաժանումների կողմից իրականացվող աշխատանքները` ոլորտում առկա հիմնախնդիրների լուծման ուղղությամբ, ինչպես նաեւ խորացնել համագործակցությունը տարբեր գերատեսչությունների միջեւ:

Բակո Սահակյանը նշել է, որ գյուղատնտեսության եւ առհասարակ տնտեսության մյուս բոլոր ճյուղերի զարգացման գործում անհրաժեշտ է հաշվի առնել բնության պահպանության հիմնախնդիրները՝ հատկապես հրդեհների եւ բնական այլ աղետների դեմ պայքարը կազմակերպելիս: Այս համատեքստում Սահակյանը կարեւորել է ԿԱ շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների վարչության աշխատանքներին նոր որակ հաղորդելու անհրաժեշտությունը:

Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին:

Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Դիտվել է 1675 անգամ:
Print Friendly

Leave a Reply