Ադրբեջանի իշխող կուսակցությունը պաշտոններ է խոստանում թեկնածուական ցուցակից դուրս մնացած պատգամավորներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 7, 2010 10:08

Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը (ԵԱԿ) նոյեմբերին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններում միանշանակ պատգամավոր «ընտրվելու» 125 հոգուց բաղկացած ցուցակ է ներկայացրել ընտրատեղամասեր: Այս փաստը խիստ դժգոհություն է առաջացրել այն պատգամավորների շարքերում, ովքեր դուրս են մնացել իշխանական ցուցակից: «Խաբված» պատգամավորները սկսել են ելույթներ ունենալ իշխանության տարբեր խմբերի դեմ: ԵԱԿ ներսում առկա բողոքի այդ ալիքը խիստ անհանգստացրել է կուսակցության ղեկավարությանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, անունը հիշատակել չցանկացող ԵԱԿ վարչական խորհրդի անդամներից մեկը «Բիզիմ յոլ»-ին հայտնել է, որ կուսակցության գործադիր քարտուղար Ալի Ահմեդովը նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհդիեւի հանձնարարությամբ հանդիպում է ունեցել այդ անձանց հետ: Զրույցի ժամանակ Ալի Ահմեդովը հորդորել է նրանց համբերություն ունենալ եւ հավատացրել, որ ընտրություններից անմիջապես հետո նրանք կնշանակվեն նոր պաշտոններում: Ալի Ահմեդովը խորհուրդ է տվել նրանց չհաղորդակցվել մամուլի հետ եւ սպառնացել, որ հաղորդակցվող անձինք պաշտոններ չեն ստանա:

Դիտվել է 717 անգամ:
Print Friendly

Leave a Reply